Երկրորդ շնչառությունՀասարակություն

Տարեցների ցավը՝ անտեսված իրականություն. մասնագետի դիտարկումները․ «Երկրորդ շնչառություն»

Տարեցների 80 տոկոսի մոտ կա ցավային համախտանիշ, երկու տարեցից մեկը հավաստի ցավ ունի, քանի որ հյուսվածքներն ու օրգան-համակարգերը նույնպես տարիքային փոփոխությունների են ենթարկվում։

«Հայ կինը սիրում է գանգատվել ու միշտ բարձրաձայնել իր ցավի մասին, մինչդեռ տղամարդիկ ավելի խրոխտ և զուսպ են լինում, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն տառապում»,- ասում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ Անեսթեզիոլոգիայի և Ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս և Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի նախագահ, ցավաբան, պալիատիվ բուժօգնության մասնագետ, բժիշկ Նարինե Մովսիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ ցավի մասին գանգատներն իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար չէ, այլ ցավն օբյեկտիվորեն առկա է։

Նրա խոսքերով, բոլորն ուշադրություն են դարձնում և նկատում մազերի սպիտակելը, կնճիռների ի հայտ գալը, բայց օրգանիզմի ներսում նույնպես կատարվում են տարիքով պայմանավորված փոփոխություններ։ Մկանների էլաստիկությունը, հոդերի ճկունությունը պակասում է տարիների ընթացքում, ինչն էլ երբեմն կարող է հանգեցնել «ծնկների ճռճռոցի»։

Շատ հաճախ ցավի վերաբերյալ տարեցների գանգատներն անտեսվում են ընտանիքի կողմից, ինչը մասնագետն անթույլատրելի է համարում։ «Ցավը պետք է փարատվի. մի դեպքում կարելի է հիպոդիմանիային վերջ դնել, երբ քիչ շարժվելուց մկանները կարկամում են, մյուս դեպքում քաշը կարգավորելով»,- բացատրում է նա՝ հավելելով, որ այն դեպքերում, երբ տարեցը չի կարողանում բացատրել, որ ցավ ունի, կարելի է կիրառել ցավազրկող դեղորայք։ Այն դեպքերում, երբ ցավը հետևանք է որևէ հիվանդության, հարկավոր է վերացնել պատճառը։

«Մեծ մարդն ու փոքր երեխան նույնն են, ինչպես նորածինը չի կարող իր կարիքները ներկայացնել, այնպես էլ տարեցը երբեմն կարող է դժվարանալ իր գանգատը կամ վիճակը ներկայացնել»,- բացատրում է բժիշկն ու հորդորում ավելի համբերատար ու հանդուրժող լինել ընտանիքի տարեց անդամի նկատմամբ։ Նարինե Մովսիսյանն ասում է, որ երիտասարդները պետք է հիշեն, որ իրենք էլ են հասնելու այդ տարիքին, ու հարկավոր է ուշադիր լինել տարեցների հանդեպ։

Կարդացեք նաև

Back to top button