
Կենցաղային ամենասովորական իրերը՝ գդալը, ափսեն, կուժը կամ սկուտեղն օգտագործելիս, չենք էլ մտածում, որ անցյալում դրանք ծիսական նշանակություն են ունեցել ու դրանց ծիսական գործառույթը շարունակվում է նաև մեր օրերում։ Երևանի պատմության թանգարանի նորագույն պատմության բաժնի վարիչ Մերի Ավետիսյանը, խոսելով Հայաստանի մի շարք մարզերի տարբեր սովորույթներից, նշում է․
«Ջավախքում` հանգուցյալի հոգեհացին ամեն մարդ իր գդալով էր գնում, որ չօգտվի մեռածի սպասքից։ Կամ՝ նախկինում, երբ տղան հավանում էր որևէ աղջկա, աղբյուրի մոտ կոտրում էր նրա կուժը։ Սովորություն է եղել գողանալ հյուրընկալ տանտիրոջ գդալներից, որ այդ տան բարիքից նաև հյուրին անցնի։ Կան սովորույթներ, որոնք այսօր էլ գործում են, օրինակ՝ հարսի ու փեսայի ամաններ կոտրելը, որ խորհրդանշում էր հրաժեշտ հին կյանքին և մուտք` կյանքի նոր շրջափուլ»։



Սպասքի նշանակալի դերի մասին է վկայում այն, որ աշխարհի բոլոր կարևոր թանգարաններում սպասքը ներկայացվում է, որպես ժողովրդի անցյալի ու ներկայի սովորույթների, կենցաղային ու ծիսական արարողությունների մասին պատմող կարևոր վկաներ։




