
ՀՀ վարչապետի այցը Վատիկան և Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպումն ուշագրավ են հատկապես Ադրբեջան-Վատիկան զարգացող հարաբերությունների համատեքստում՝ ընդգծում են փորձագետները։ Հայաստանը պետք է ակտիվորեն խորացնի Վատիկանի հետ հարաբերությունները՝ նկատի առնելով, որ հենց Հռոմի Ֆրանցիսկոս պապն է նախորդիվ խոսել խաղաղությունից ու արցախցիների՝ հայրենիք օրինական և անվտանգ վերադարձի մասին։
Մի քանի լուսանկար և կարճ տեսանյութ․ վարչապետ Փաշինյանը սոցցանցերի իր էջում որոշ դրվագներ է ներկայացրել Վատիկան աշխատանքային այցից և Կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի հետ առանձնազրույցից։ Կադրերում երեևում է նաև, որ Փաշինյանը Հռոմի պապին հրաժեշտ է տալիս՝ նրանից ստացած կարմիր տուփով։ Ի՞նչ է դրանում՝ դեռ պետք է հաղորդվի։
Ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանն ու ինչ օրակարգի շրջանակում՝ մանրամասներ պաշտոնապես դեռ չեն հաղորդվում։ Հայտնի է, որ վարչապետի այցը Վատիկան կարճաժամկետ է՝ մինչև օրվա վերջ։
Փաստ է, որ Փաշինյանի այցը հաջորդում է Հռոմի պապի ուշագրավ մի շարք հայտարարությունների։ Այս մարտին Կաթոլիկ եկեղեցու հովվապետը Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ երկխոսությունը շարունակելու կոչ էր արել, քաջալերել քայլերը, որ հնարավոր լինի օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել կրոնական տարբեր դավանանքների պաշտամունքի վայրերը։ Իսկ ավելի վաղ՝ հունվարին, Վատիկանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը Պապ Ֆրանցիսկոսը Երևանին ու Բաքվին կոչ էր արել խաղաղության պայմանագիր ստորագրել՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը մտահոգիչ բնորոշելով։
Նախորդ սեպտեմբերին էլ Պապը հորդորել էր դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները, վայր դնել զենքերն ու խաղաղության գալ։ Միջազգային հանրությանն ուղղված կոչը նա արել էր Սուրբ Պետրոսի հրապարակում։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն, անդրադառնալով Փաշինյանի՝ Վատիկան այցին, հիշեցնում է, որ դեռ նոյեմբերի 4-ին տելեգրամյան ալիքում անդրադարձել է Վատիկան-Ադրբեջան զարգացող հարաբերություններին՝ կարևորելով նաև Վատիկանի հետ Հայաստանի փոխգործակցությունը զարգացնելու կարիքը։

«Ադրբեջանի ու Վատիկանի միջև կնքվում է գործարք կամ առնվազն առարկայորեն քննարկվում: Սուրբ Աթոռում տեղի է ունեցել Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի գործադիր տնօրեն, Ադրբեջանի նախագահի օգնական Ալակբարովի հանդիպումը Արևելյան եկեղեցիների հարցերով Վատիկանի պրեֆեկտ, կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ»։
Քաղաքական վերլուծաբանը նաև շեշտում է, որ Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը, որի նախագահը Մեհրիբան Ալիևան է, անցնող երկու տասնամյակում ֆինանսավորել է Վատիկանին առնչվող մի շարք մշակութային ծրագրեր, նորոգումներ, վերականգնումներ: Վերլուծաբանի համոզմամբ՝ այդ ամենն արվել է աշխարհում իր դավանա-քաղաքական հիմնարար կշիռը պահպանող Վատիկանի հետ քաղաքական գործարքների շրջանակում: Քայլերը շարունակվում են՝ Վատիկանում կազմակերպվում են Ադրբեջանի մշակույթի օրեր, Բաքվում կառուցվում է կաթոլիկ տաճար:
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը որոշեց Վատիկանում դեսպանություն հիմնել, ինչն, ըստ վերլուծաբանի, հարաբերության ինտենսիվացման նպատակ է:
Քաղաքագետ Արա Պողոսյանը Բաքվի ջանքերը քրիստոնյա աշխարհում աջակիցներ ձեռք բերելու նպատակադրմամբ է պայմանավորում: Զրուցակիցս համոզված է, որ 44-օրյա պատերազմի ու Բաքվի այսօրվա մոտեցումները փոփոխվել են՝
«Հիշում ենք, որ կար ժամանակահատված, երբ Ադրբեջանը սա համարում էր կրոնական պատերազմ և աշխարհի մուսուլմաններին կոչ էր անում համախմբվել ընդդեմ հայկական խաչակրաց արշավանքների։ Այսպես ասած՝ հիմա ժամանակները փոխվել են: Հիմա Ադրբեջանը, որպես հաղթած պետություն, փորձում է քրիստոնյա աշխարհում ձեռք բերել աջակիցներ և կանխարգելել ապագայում Հայաստանի կամ հայության շուրջ հնարավոր կոնսոլիդացիան, որը կարող է իր համար ստեղծվել բարդ իրավիճակներ և հավելյալ ճնշումներ՝ մասնավորապես արցախցիներին իրենց իրավունքների վերականգնման հարցում»։
Քաղաքագետ Պողոսյանը Բաքվի գործողություններում Հայաստանին մեկուսացնելու քաղաքականություն է նկատում։ Վերլուծաբան Բադալյանն իր հերթին նման պայմաններում անհրաժեշտ է համարում ակտիվ աշխատանքը Վատիկանի հետ․
«Բազմիցս խոսել եմ, որ Հայաստանը պետք է ակտիվացնի Վատիկանի ուղղությամբ դիվանագիտական աշխատանքը: Ըստ իս, Ֆրանսիայի հետ հարաբերությունը ենթադրում է այդ ուղղությամբ որոշակի միջնորդավորում, սակայն, կարծում եմ, պետք է հետ չմնալ ուղիղ աշխատանքի իմաստով ևս»։
Արա Պողոսյանը չի բացառում, որ հնարավոր է ականատես լինենք Ադրբեջան-Վատիկան ռազմավարական գործընկերության։
«Առաջին հերթին պետք է հասկանալ Ադրբեջանի իրական նպատակները, գնահատել դրանք և մշակել ապագայի՝ դրանից բխող զարգացման ռազմավարություն: Սա ենթադրում է պրոակտիվ արտաքին քաղաքականություն, ոչ միայն քրիստոնեական հավատքի գերակայման պետություններում, այլև ընդհանրապես ողջ աշխարհում: Դա պետք է ներառի նաև մահմեդական պետությունները։ Իսկ քրիստոնեական աշխարհում սա ենթադրում է հայկական փափուկ ուժի կոնցեպտի ձևակերպում և այդ փափուկ ուժի կիրառում, հատկապես քրիստոնեական՝ կրոնի, մշակույթի, ավանդույթների միջոցով, սեփական ներկայացվածություն ապահովել այն հնարավոր պետություններում, որտեղ Ադրբեջանը մեզ համար կարող է ստեղծել վտանգավոր իրավիճակներ»։
Վատիկանը բազմիցս փորձել է ակտիվ դերակատարում ունենալ հակամարտություններում, միջնորդական ջանքեր ներդնել, և Վատիկանին, զրուցակցիս կարծիքով, ձեռնտու է ազդեցության տարածման իմաստով հարաբերությունների խորացումը Հայաստանի հետ, իսկ Հայաստանը, փորձագետի համոզմամբ, ունի լծակներ՝ եկեղեցու միջոցով խոսել քաղաքական հարցերից, հատկապես, որ նախորդիվ հենց Ֆրանցիսկոս պապն է խոսել նաև արցախահայերի՝ հայրենիք օրինական և անվտանգ վերադարձի մասին։




