ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներՎերլուծական

Բայդենի «կանաչ լույսը» Ուկրաինային. աշխարհաքաղաքական իրավիճակի նոր վտանգները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը Ուկրաինային թույլատրել է օգտագործել ամերիկյան հեռահար հրթիռներ՝ հարվածելու համար Ռուսաստանի տարածքի խորքերում գտնվող թիրախներին։

Այս քայլը բարձրացնում է ռազմական գործողությունների էսկալացիայի վտանգը և զգալի ազդեցություն ունի միջազգային հարաբերությունների վրա։  

Փորձագետների գնահատմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային նման թույլտվություն տալը մեծացնում է պատերազմի գլոբալացման վտանգը։ Թեև որոշումը ռազմավարական հաշվարկ ունի, այն նաև կարող է խորացնել աշխարհաքաղաքական հակասությունները՝ սպառնալով տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, մի քանի ամիս շարունակ երկմտելուց հետո, թույլատրել է Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներ կիրառել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմավարական նշանակության թիրախների դեմ։

Ռազմական փորձագետ Լևոն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ հեռացող Բայդենի վարչակազմի որոշումն ավելի շատ քաղաքական արգելքները, քան իրական կիրառության սահմանափակումները հանելու մասին է։ 

«Ամեն դեպքում, միայն հեռահար հրթիռներով չէ, որ ռազմական խնդիրները լուծվում են։ Իրական խնդիրները լուծելու համար դու պետք է ունենաս օպերատիվ ու ռազմավարական մակարդակներում պլան»։

Ուշագրավ է, որ Բայդենի վարչակազմի որոշումը տեղի է ունենում Հյուսիսային Կորեայի զինվորների՝ Կուրսկում տեղակայման լուրերի ֆոնին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ողջունելով Բայդենի քայլը, ընդգծել է, որ «հրթիռներն իրենք իրենց մասին կխոսեն»՝ ակնարկելով դրանց դերն ու կարևորությունը մարտի դաշտում։

ATACMS հրթիռները, որոնք ունեն մինչև 300 կմ հեռահարություն, նախատեսված են խոցելու ոչ միայն ռուսական ռազմական ենթակառուցվածքները, այլև ռազմավարական թիրախներ, որոնք նպաստում են պատերազմի շարունակմանը։ Զելենսկու խոսքերով, այս զենքը կարող է փոխել պատերազմի ընթացքը և թույլ տալ Ուկրաինային հասնել առավել նշանակալի հաղթանակների։

Reuters-ի տվյալներով՝ առաջին թիրախները կարող են դառնալ ռազմական պահեստները, հրամանատարական կետերը և ռուսական բազաները, որոնք ապահովում են ռազմաճակատի գործողությունները։ Ռազմական փորձագետ Լևոն Հովհաննիսյանը նկատում է, որ այս քայլը պարզապես մեծ բանակցային խնդիր է լուծում։

«Մեծ խնդիր չի լուծում, ըստ իս՝ սա ավելի շատ քաղաքական շարժառիթ ունի, որ ստիպեն Մոսկվային մի քիչ զիջումների գնալ, ենթադրաբար՝ նստեն բանակցային սեղանին և  ինչ-որ հարցերի շուրջ գալ պայմանավորվածության։ Ռազմական տեսանկյունից այլ ենթադրություններ անել դժվար է»,- նկատում է Լեւոն Հովհաննիսյանը։

Այս որոշումը, սակայն, առաջացրել է կոշտ քննադատություն ոչ միայն Ռուսաստանի, այլև որոշ ամերիկյան շրջանակների կողմից։ Ռուսաստանը հերթական անգամ հայտարարել է, որ նման քայլերը կընդլայնեն հակամարտությունը և կդառնան նոր էսկալացիայի պատճառ։ Դոնալդ Թրամփ կրտսերը, քննադատելով Բայդենի վարչակազմի գործողությունները, դրանք անվանել է «իմբիցիլային»՝ ընդգծելով երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին մտահոգությունները։

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) փորձագետները գնահատում են, որ ATACMS-ի միջոցով Ուկրաինան կարող է կաթվածահար անել ռուսական լոգիստիկ ցանցերը և զգալիորեն նվազեցնել նրանց հնարավորությունները՝ շարունակելու լայնածավալ հարձակումները։ Միևնույն ժամանակ, որոշ վերլուծաբաններ նշում են, որ այս քայլը կարող է դառնալ ճնշման նոր միջոց՝ Ռուսաստանին ստիպելով վերանայել իր պատերազմելու ռազմավարությունը։

«Այստեղ Բայդենի հիմնական խնդիրը հարուստ հարաբերություններ ունեցող պրոբլեմներ թողել Թրամփին և հասցնել մի կետի, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները բախվեն ու 3-րդ համաշխարհայինը, ըստ էության, ողջ  թափով սկսվի։ Սա է իրենց գլխավոր խնդիրը։ Որովհետև, հակառակ պարագայում, իրենց պարտությունը  Ուկրաինայում իրենք չեն կարող որևիցե կերպ բացատրել ո՛չ իրենց ընտրողներին, ո՛չ իրենց հարկ վճարողներին»,- իր հերթին նշում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

Բայդենի հեռացող վարչակազմի այս քայլը իրականացվում է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները զգուշավոր, բայց վճռական քայլեր են անում՝ ամրապնդելու Ուկրաինայի պաշտպանունակությունը՝ նկատում է փորձագետը։ Ուկրաինական կողմը կարծում է, որ այս հրթիռները կարող են դառնալ պատերազմի նոր շրջադարձային կետ՝ մոտեցնելով վերջնական հաղթանակը։

Կարդացեք նաև

Back to top button