Էկոսֆերա

Արարատի և Արմավիրի մարզերում կբարելավվի ոռոգման ցանցը․ «Էկոսֆերա»

Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգման համակարգի բարելավմանը միտված ծրագրեր կիրականացվեն։ Կներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ կաթիլային ոռոգման համակարգեր, որոնք մի կողմից կթեթևացնեն գյուղատնտեսների աշխատանքը, մյուս կողմից՝ կնպաստեն  ոռոգման ջրի կորստի նվազմանը։

Արարատի մարզում ոռոգման համակարգն անմխիթար վիճակում է։ Ինչպես տեղեկացնում է «Արարատ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Նշան Հակոբյանը, ոռոգման համակարգը մեծամասամբ քայքայված է, ինչն էլ հանգեցնում է ջրի զգալի կորստի․

«Ավելի քան 30 տարի համակարգի վրա ներդումներ չեն արվել, այսօր ունեն մեծ խնդիրներ։ Արարատի մարզում, միջինացված ցուցանիշով եթե նշենք, 35-40 տոկոս ջրի կորուստ կա»։

Մարզում ֆերմերները հիմնականում ոռոգում են ավանդական եղանակով։

Ավանդական մեթոդները նորօրյա իրականությունում ցանկալի չեն, քանի որ մի կողմից կլիմայի փոփոխությունն է էապես նպաստել հանրապետությունում ջրային ռեսուսրների քանակի նվազմանը, մյուս կողմից էլ մարդածին գործոնները, որոնք հանգեցրել են սակավաջրության սրմանը։ Հետևապես անհրաժեշոտություն է առաջանում վերանայել մոտեցումներն այդ թվում գյուղատնտեսության ոլորտում։ Մասնավորապես, նպատակահարմար է  ֆերմերային տնտեսությունների համար կաթիլային ոռոգման ցանցի օգտագործումը, ինչն էապես կարող է կրճատել ջրի կորուսները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեխնիկական աջակցություն տրամադրող կոնսորցիումի հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի մեկնարկային հանդիպումը։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով, Զարգացման ֆրանսիական գործակալության իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։ Ծրագրի մեկնարկի մասին ազդարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Հիմնական աշխատանքները տարվելու են Արարատի և Արմավիրի մարզերի ֆերմերների և շահագրգիռ կողմերի հետ: Այս երկու մարզերում գործելու են խորհրդատվական թիմեր, որոնք կհամագործացեն ֆերմերների հետ։ 

Հայաստանում կան մարտահրավերներ ջրային ռեսուրսների ոչ այնքան առկայության, որքան՝ կառավարման հետ կապված։  Այս կարծիքին է Զարգացման ֆրանսիական Գործակալության հայաստանյան ծրագրի պատասխանատու Լիզ Էնեզյանը, ում խոսքով՝ ծրագրի շրջանակում կաջակցեն ֆերմերներին՝ նոր տեխնոլոգիաների հարցում։

Կարդացեք նաև

Back to top button