Սփյուռքի ձայնը

Սփյուռքի մամուլը` Հայաստան-Սփյուռք հարաբերություններում դերակատար. Չեխիայի «Օրեր» ամսագիրը 25 տարեկան է. «Սփյուռքի ձայնը»

Չեխիայում լույս տեսնող «Օրեր» ամսագիրն իր ծնունդն առավ դեռևս հեռավոր 90-ականներին և մինչ օրս շարունակում է իր բեղուն գործունեությունն այդ երկրում՝ ներկայացնելով ոչ միայն Չեխիայի հայերի, այլև ողջ Եվրոպայի տարածքում ապրող հայության խնդիրներն ու հաջողությունները։

Ամսագիրը թողարկվում է հայերենով, սակայն ժամանակ առ ժամանակ նաև չեխերենով։ Այն ունի նաև կայքէջ։ Փոքր աշխատակազմով այս խմբագրակազմն արդեն ճանաչում ունի թե՛ Եվրոպայի հայերի, թե՛ հայաստանցիների շրջանում։ Ամսագիրն արդեն 25 տարեկան է։

«Օրերի» աշխատանքային հաջողությունների, Սփյուռքի մամուլի Հայաստան-Սփյուռք հարաբերություններում դերի ու նշանակության մասին 25-ամյա ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանն ասում է. «Սփյուռքում հայատառ ու օտարագիր պարբերականներն ունեն իրենց առաքելությունները և տարբեր նպատակներով են հրատարակվում: Հայատառը, բնականաբար, նախատեսված է սփյուռքում ապրող մեր հայերնակիցներին հայերենով լրահոս հասցնելու համար: Այսօր Հայաստանում քիչ են անդրադառնում Սփյուռքի մամուլին, իսկ դա նպաստում է հայաստանյան մամուլի` սփյուռքյան իրադարձությունների մասին անտեղյակության ավելացմանը: Խոսքը, իհարկե, ավանդական մամուլի մասին չէ», –  նշում է Հակոբ Ասատրյանը և ավելացնում, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում հայկական մամուլը թեև չի կարևորվում, սակայն այն դերակատար է։

Կա մեկ այլ մոտեցում ևս` շարունակում է Հակոբ Ասատրյանը։ «Այն թերթերը, որոնք կատարում են երկու առաքելություն, այսինքն հայ և օտար լսարաններին տեղեկատվություն են տրամադրում, հաճախ բարդ իրավիճակում են հայտնվում: Հարցն այն է, որ մեր մամուլը, ներկայացնելով համայնքի ներքին խնիրները, դրանք օտարներին ցույց տալ չի կարող և չի ուզում: Ունենք նաև պարբերականներ, որոնք միայն օտար լեզուներով են լույս տեսնում և ունեն հետևյալ առաքելությունը. լուրեր հասցնել ոչ հայախոս հայերին և Հայաստանի մասին պատմել  օտար հասարակություններին՝ մեր ազգային արժեքներին ծանոթացնելու համար։ Նման պարբերականներ կան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Դրանք նաև տվյալ երկրների քաղաքական վերնախավին են հասնում։ Ցավալի է, որ դրանցից շատերն այսօր լույս չեն տեսնում, շատերն էլ առցանց են գործում», — պատմում է զրուցակիցս` թվելով բոլոր այն պարբերականները, որոնք գործունեություն են ծավալում տարբեր երկրներում:

Իսկ ո՞վ պետք է լրացնի տեղեկատվության ու քարոզչության պակասը։

«Հայաստանյան տարբեր լրատվամիջոցներ թեև ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ են վերցնում թերթերի խմբագիրներից, սակայն պետք է պետական ռազմավարություն ունենալ: Ժամանակին լրագրողների համահայկական խորհրդաժողովներ էին անցկացվում, մենք մեկս մյուսի հետ համագործակցության եզրեր էինք գտնում ու դա դարձնում շարունակական աշխատանք։ Վերջին տարիներին նման առանձին հավաքներ չեն լինում: Օրինակ, վերջերս Հայաստանում անցկացված համահայկական խորհրդաժողովի ժամանակ, թեև հանդիպեցի տարբեր երկրների գործընկերներիս, սակայն մամուլի հարցը մեծ քննարկման թեմա չդարձավ», – ավելացնում է «Օրերի» խմբագիրը։

««Օրեր» ամսագիրը լույս է տեսնում Չեխիայում, սակայն ճանաչում ու մեծ համբավ ունի Եվրոպայում և Հայաստանում: Այն իր էջերում, նաև` առցանց, անդրադառնում է մշակութային, քաղաքական ու միջազգային տարբեր հարաբերությունների թեմաներին, ինչը նաև մեր «հարևանների» ուշադրության կենտրոնում է հայտնվում: Մի քանի տարի առաջ մեր կայքէջը հարձակման ենթարկվեց այն բանի համար, որ անդրադարձել էինք Արցախի մշակութային ու պատմական ժառանգությանը: Մեզ հետևում են պարբերաբար, իսկ մենք հակադարձելու գործիքներ, ցավոք, չունենք», — եզրափակում է Հակոբ Ասատրյանը:

Կարդացեք նաև

Back to top button