Էկոսֆերա

Լոռու մարզում գտնվող «Հրանտ Դինքի» անտառը 2027թ․-ին կհանձնվի համայնքին․ «Էկոսֆերա»

Այս տարի «Armenia Tree Project»-ը նշում է իր 30-ամյակը, ինչի առթիվ հանրությանն է ներկայացնում կատարված աշխատանքները։ Կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է բազմաթիվ կանաչապատման ծրագրեր, վերականգնել հազարավոր հեկտար անտառներ և մշակել տեղական համայնքների հետ համագործակցության կայուն մոդել:   

Օրինակ՝ Հրանտ Դինքի հիշատակի անտառը, որը գտնվում է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի հարևանությամբ, զբաղեցնում է 11 հեկտար տարածք։ Շուրջ երկու տասնամյակ է պահանջվել, որպեսզի անտառը անտառ դառնա և հանձնվի համայնքին։

Արեն Խառատյանի աշխատանքն սկսվում է վաղ առավոտից։ Արդեն 1.5 տարի աշխատում է Լոռու մարզում գտնվող «Միրաք» անտառվերականգնման տնկարանի ջերմատանը՝ որպես բանվոր։ Այստեղ աճեցնում են տնկիներ՝ հետագայում անտառ հիմնելու կամ պարզապես ծառատնկման նպատակով։ Արենի խոսքով՝ բավականին պատասխանատու աշխատանք է, քանի որ ամեն օր հետևում են բույսերի խոնավությանը, հովացմանը, կարճ ասած՝ բույսի աճեցման անհրաժեշտ պայմանների ապահովմանը։

Եղանակի հույսին, բայց մասնագետների պատասխանատու ուշադրության արդյունքում բույսերը կյանք են ստանում, մեծանում և հետո բնության մեջ իրենց տեղը գտնում։ «Միրաք» տնկարանում աճեցվում են բացառապես անտառտնկման նպատակով բույսեր, ասում է «Միրաք ընտանիքի անվան» տնկարանի ղեկավար Արամ Մովսիսյանը։

«Տնկարանը հիմնադրվել է 2006 թ.-ին Միրաք ընտանիքի հովանավորությամբ։ Մեր տնկարանի ընդհանուր տարածքը կազմում է 10 հեկտար։ Ունենք 22 աշխատակից, որոնք բոլորը տեղացիներ են։ Աճեցնում ենք բացառապես անտառտնկման նպատակով 7 տեսակի բույսեր՝  կաղնի, սոճի, թղկի, արոսենի, տանձ, խնձոր, վայրագ տանձ, խնձոր և կեչի։ Աճեցնում ենք ինչպես բաց արմատային համակարգով, այնպես էլ ՝փակ։ Ունենք անտառտնկման բաժին, որը զբաղվում է տնկարանից վերցված բույսերի հետագա տնկումով։ Տնկումն իրականացնում ենք Լոռու, Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի տարածքներում»։

Անտառապատումն իրականացվում է բացառապես համայնքային տարածքների վրա, ու մինչ այդ համայնքը պետք է տա համաձայնություն։

«Հայաստանը սակավահող երկիր է և էն տարածքներում, որտեղ մենք ցանկանում ենք անտառ տնկել շատ դեպքերում խնդիրներ են առաջանում համայնքի բնակիչների հետ՝ արոտավայրերի հետ կապված։ Մենք ընտրում ենք համայնքային հողեր, ցանկապատում ենք և 20 տարի հետո նորից վերադարձնում համայնքին։ Խնդիրներ առաջանում են էդ մասով, քանի որ մենք որոշ չափով պակասեցնում ենք իրենց էդ արոտավայրերը, բայց դրանք բոլորը լուծվող հարցեր են և փոխադարձ քննարկումների արդյունքում համայնքը տրամադրում է տարածք, էդ տարածքի վրա, մենք իրականացնում ենք մեր անտառպատման աշխատանքները։ Բոլոր տարածքները բացառապես վերցվում են և տնկվում են համայնքի համաձայնությամբ։ Լսումներ են տեղի ունենում, լսումների ժամանակ համաձայնությունը տալիս են, տնկումները իրականացնում ենք»։

Տարածքի ընտրությունից հետո անցկացվում  է ՇՄԱԳ փորձաքննություն, այնուհետև որոշվում է ծառի տեսակն ու քանակությունը։  «Միրաք» տնկարանի տնկիներով էլ տարիներ առաջ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, Լոռու մարզի Մարգահովիտ և Ֆիոլետովո գյուղերին հարակից երկու հողամասերում, «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը հավերժացնող նոր անտառ ստեղծեց: Այսօր արդեն սաղարթախիտ անտառը պատրաստ է ծառայել համայնքին։

Անտառապատման ծրագրի ղեկավար Վահե Մացակյանի խոսքով՝ 2027թ․-ին  «Հրանտ Դինքի» անվան անտառը կհանձնվի համայնքին, եթե համայնքը ցանկանա և ունենա պահպանության համար միջոցներ։

Հրանտ Դինքի անտառն ամենից խոշոր, սակայն միակ ծրագիրը չէ, որն իրականացվել է։ «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը, որը ժամանել է Բոստոնից,  Լոռու մարզում էր։ Լրագրողներին հայտնեց՝ անտառապատման ծրագրեր իրականացրել են նախ Լոռի մարզում, իսկ վերջին տարիներին գործունեություն են ծավալում նաև այլ մարզերում։

«Մարգահովտում գտնվող այս տնկարանը ներկայումս Հայաստանում խոշորագույնն է։ Մինչ այժմ Հայաստանում տնկել ենք մոտ 1500 հա նոր անտառ, հիմնականում՝ Լոռու մարզում։ Դրանցից ամենահինը՝ Հրանտ Դինքի հիշատակի անտառն է, որը գտնվում է Մարգահովիտի հարևանությամբ, ունի 11 հեկտար տարածք և ավելի քան 53 000 ծառ։ Տարիների ընթացքում այստեղ ծառերի կպչողունակության բարձր ցուցանիշ ենք ապահովել, որին հնարավոր է եղել հասնել լավագույն փորձի կիրառման արդյունքում։ Հրանտ Դինքի հիշատակի անտառը հիմնվել է համայնքային հողերում, ինչպես մեր մյուս անտառները, և 3 տարուց՝ 2027 թ-ին, երբ այն կդառնա 20 տարեկան, կվերադարձնենք տեղական համայնքին, քանի որ այն բխում է համայնքի շահերից։ Սա, ըստ էության, կլինի մեր առաջին համայնքին հանձնած երիտասարդ անտառը»։

Հայաստանի անտառային ծածկույթը կազմում է 10-11%, իսկ ցանկալի ցուցանիշը 20%-ն է։ Մեր երկիրը Փարիզի համաձայնագրով պարտավորություն է ստանձնել կրկնապատկել իր անտառային ծածկույթը մինչև 2050 թվականը՝ հասցնելով 20.1%-ի։ Ջինմարի Փափելյանի խոսքով՝ դա շատ հավակնոտ պարտավորություն է։

«Վստահ չեմ կարող ասել, թե Հայաստանը երբ կհասնի իր առջև դրած նպատակին, բայց մի բանում համոզված եմ՝ այս նպատակին հասնելուն ծառայում են բոլորը, այդ թվում և «Արմենիա Թրի Փրոջեքթը»։

Պետության ստանձնած պարտավորությունն իսկապես հավակնոտ է, ասում է «Էյ-ԹԻ-Փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանը։ Ըստ նրա` կազմակերպությունն իր հնարավորությունների սահմաններում օգնում է կառավարությանը հասնելու բաղձալի արդյունքին։

Այս խոշոր ծրագրերի իրականացման հետևում կանգնած են կանայք։ Նման արդունքի հասնելու համար պետք տքնաջան աշխատանքով անցնել դժվարին ճանապարհ։ Ու ամենևին պատահակ չէր, որ «Էյ-ԹԻ-Փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանը, որպես կին առաջնորդ, այս տարի ճանաչվեց «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության մրցանակակիրներից մեկը։

Կարդացեք նաև

Back to top button