ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Միգրացիոն նոր խստացումներ՝ Գերմանիայում․ այնտեղ փնտրում են կացնով մարդ սպանած ադրբեջանցու

Գերմանիան հայտարարել է միգրացիոն քաղաքականության նոր խստացումների  մասին։ Դրան հանգեցրել են երկրում աճող սոցիալական լարվածությունը, քաղաքական որոշ ուժերի ակտիվացումը, ինչպես նաև վերջին շրջանի մի շարք աղմկահարույց սպանություններ։ Վերջինների շարքում շեշտվում է 36-ամյա ադրբեջանցու կողմից կացնով սպանությունը, որը բուռն արձագանք է ստացել այդ երկրում,  և որը հիշեցնում է առանձնակի դաժանությամբ սպանության ռամիլսաֆարովյան ոճը։ Սոնա Հակոբյանն է մանրամասնում։

Գերմանիայի բազմաթիվ ոստիկանատներում փակցված է հետախուզվող մի մարդասպանի լուսանկար։ Երկրի ոստիկանությունն իր ողջ տարածքում փնտրում է առանձնակի դաժանությամբ՝ կացնով սպանություն գործած ադրբեջանցի 36-ամյա տղամարդու։ Մարդասպանին գտնելուն աջակցելու համար խոստանում են 5000 եվրո։ Սա Ռամիլ Սաֆարովի ձեռագիրն է՝ գենետիկ ավանդույթի թելադրանք, որը չի փոխվում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, գերմանաբնակ պատմաբան Ազատ Օրդուխանյանը։ Դեպքը եղել է ամռանը, հանցանքը՝ գիշերը։

«Իրենք գիշերներն են մարդիկ սպանում։ Բաքվեցի է՝ Աղաև ազգանունուվ, 36 տարեկան։ Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել և փնտրում է Գերմանիայի տարածքում»։  

Գերմանիայում աճող սոցիալական լարվածությունը, քաղաքական որոշ ուժերի ակտիվանալը և, մասնավորապես, մի շարք աղմակահարույց սպանությունները ստիպել են Գերմանիայի կառավարությանը՝ խստացնել միգրացիոն քաղաքականությունը և անօրինական փախստականների դեմ պայքարի նոր միջոցներ ձեռնարկել։ Գերմանական Deutsche Welle-ն ընդգծում է, որ միգրացիոն քաղաքականության խստացման պատճառներից մեկն էլ օգոստոսի 23-ին Գերմանիայի Զոլինգեն քաղաքում անցկացվող փառատոնի երեք այցելուների սպանությունն էր։ Այս դեպքում հիմնական կասկածյալը Սիրիայից ապաստան հայցող էր։
Միգրացիոն քաղաքականության խստացումը սպասելի էր, բայց և նորություն չէ՝ կարծում է Օրդուխանյանը։

«Գերմանիայի սահմանները խստացվեցին, դա նշանակում է՝ օդանավակայաններում, երկաթգծի կայարաններում, առհասարակ՝ սահմաններին, որտեղով ավանդաբար գալիս են օտարերկրացիներ, խստացումները շարունակվում են։ Օգոստոսից սկսած՝ արդեն մի քանի հազար մարդ է  ձերբակալվել և հետ ուղարկվել։ Կարգավորումների խստացումները նաև հայերի վրա կանդրադառնան, հատկապես՝ բուժման մեկնողների։

Ազատ Օրդուխանյանի դիտարկմամբ՝ խստացումները վերաբերում են ոչ միայն նոր եկողներին, այլև Գերմանիա եկած և արդեն որոշ ժամանակ այստեղ ապրող օտարերկրացիներին, հատկապես նրանց, ում կարգավիճակը դեռ ճշտված չէ, ովքեր ապաստան են խնդրել, կամ ովքեր փորձում են այլ ճանապարհներով հաստատվել Գերմանիայում։ Գերմանացիները լուրջ փորձ ունեն այս հարցը լուծելու՝ ասում է Օրդուխանյանն ու մանրամասնում․

«Կարող են լինել նաև այլ սահմանափակումներ՝ ամենատարբեր ձևերով բնակարանների տրամադրման, ֆինանսների կրճատման, ամենատարբեր ճանապարհներով»։

Գերմանիայում բուժման մեկնող ու արդեն այնտեղ բնակվող հայերի առօրյա ու դատական խնդիրներին քաջատեղյակ զրուցակիցս մտահոգությամբ նշում է, որ սահմանափակումների և խստացումների հետևանքներից զերծ չեն մնա նաև հայերը։ Օրդուխանյանի խոսքով՝

«Բոլորին է վերաբերում, և հայերն էլ պետք է ենթարկվեն նույն օրենքին։ Ցավալի է հատկապես հիվանդների համար, ովքեր  վերջին հույսը կապում են գերմանական բժշկության հետ։ Նրանք դժվարություններ կունենան երկիր մուտք գործելու հարցում։ Իհարկե, կլինեն նաև մարդիկ, որոնք կանցնեն, բայց բոլոր դեպքերում մեր հիվանդների համար դա բավականին վատ զարգացում է»։

Միգրացիոն քաղաքականության խստացումն իրականում նորություն չէ Գերմանիայում․ հատկապես վերջին տարիներին քաղաքական որոշ ուժերի հայտնվելու հետևանքով հասարակության մեջ լարվածությունը գնալով աճում է։ Օրդուխանյանը կարծում է՝ մոտ ժամանակներում ավելի շատ դեպորտներ են սպասվում։

«Հանցանքների նկատմամբ ավելի խիստ պատիժներ կլինեն։ Որոշակի շերտ նաև քրեական կյանքով է ապրում, դատարաններում արդեն նկատելի են այդ խստացումները։ Եթե նախկինում գողության համար դրամական պատիժներ էին կիրառվում, հիմա կարող է լինել ազատազրկում որոշակի ժամանակահատվածով, կամ հարկադիր դատական որոշումներ կկայացվեն և ավելի խիստ կվերաբերվեն նաև «անհանգիստ» կյանքով ապրող մարդկանց»։

Գերմանական Deutsche Welle-ն նկատում է նաև, որ երկրի քաղաքական վիճակի ու միգրացիոն քաղաքականության վրա ազդել են նաև սեպտեմբերին արևելյան երկու նահանգներում՝ Թյուրինգիայում և Սաքսոնիայում անցկացված նահանգային ընտրությունների արդյունքները։  Ըստ այդմ՝ միգրացիայի «հակառակորդները»՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը և «Սառա Վագենկնեխտ. հանուն ողջախոհության և արդարության» դաշինքը, ընտրողների զգալի աջակցություն են ստացել։

Գերմանիայում բուռն բանավեճ է ընթանում՝ բավարա՞ր են Օլաֆ Շոլցի կառավարության ձեռնարկած միգրացիոն միջոցները։

Կարդացեք նաև

Back to top button