Սփյուռքի ձայնը

«Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի ազգային արահետը. «Սփյուռքի ձայնը»

Անհատական դրամաշնորհներից մինչև առողջապահական ու աշխատուժի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման աջակցություն. սրանք «Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» այս տարվա նախընտրած ուղղություններից մի քանիսն են։ Իսկ ուղղություններն ու ոլորտները շատ են ու բազմաբնույթ։ Դրանք իրականացվում են թե՛ ամբողջ տարվա դրամաշնորհային ծրագրերի, թե՛ եռամսյակային ծրագրերի միջոցով։

«Հիմնադրամը ֆինանսավորում է այն առաջարկները, որոնք օգուտ կբերեն Հայաստանին ու ՀայաստանՍփյուռք հարաբերությունների մակարդակի բարձրացմանը»,- ասում է «Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանը։

Վերջին տարիներին հիմնադրամը ստեղծել է ծրագրեր, որոնք հաջողությամբ զարգանալով՝ վերածվել են առանձին հիմնադրամների։

«Հայ կամավորների միությունն» առաջինն է հիմնվել և ներգրավում է թե՛ հայ, թե՛ օտարազգի կամավորների՝ աշխատանք տրամադրելով տարբեր ոլորտներում։

«Մենք համագործակցում ենք նաև ֆրանսիական նմանատիպ կազմակերպության հետ, որը այլ երկրների թվում նաև Հայաստան է  ուղարկում տարբեր մասնագետների։ Հայաստանում նրանք նույնպես համագործակցում են մեր հիմնադրամի հետ։ Կամավորությունը նոր ինստիտուտ է Հայաստանում և դեռևս ձևավորման փուլում է»,— պատմում է Կորյուն Խաչատրյանը։

Հիմնադրամի հաջողված և արդեն առանձին գործող ծրագրերից է նաև «Դեպի Հայք» կազմակերպությունը, որն արդեն 20 տարեկան է։ Անցած տարիների ընթացքում «Դեպի Հայք»-ի միջոցով Հայաստան է եկել 20 հազար կամավոր, որոնք կապեր են ստեղծել Հայաստանի հետ, շատերը հայրենադարձվել են։

«Մյուս հաջողված ծրագրերից է «Վերադարձ Հայաստան»-ը, որը  ստեղծվեց անկախ մեզնից ու մի որոշակի փուլից դարձավ մեր մասնիկը։ Այն նույնպես նպաստում է հայրենադարձութանն ու Հայաստանում հաստատվող սփյուռքահայերի ինտեգրմանը: Այս տարվանից մենք նաև ընդառաջ ենք գնում մեր սփյուռքահայերին։ Եվրոպայով մեծ տուր արվեց Հայաստանի հետ կապը վերակենդանացնելու համար։ Այսինքն՝ մենք էլ ենք հայրենադարձներին ընդառաջ գնում»,- շարունակում է ծրագրերի մասին խոսել Կորյուն Խաչատրյանը։ 

«Հայք Արմենիա» կազմակերպությունը հիմնադրամի համեմատաբար երիտասարդ ծրագրերից է։ Հիմնվել է մի քանի տարի առաջ։ «Փորձում ենք ստեղծել մեր «Ազգային արահետը»՝ տուրիզմի կոմիտեի հետ։ Առաջիկա տարիներին կսկսենք շինարարական աշխատանքները՝ մեր ազգային արահետը ընդգծելու համար», — ասում է զրուցակիցս։

«Խթանել ստեղծարարությունը, նորարարական լուծումներ ստեղծել և ֆինանսավորել ազդեցիկ փոփոխությունները». այս գաղափարների իրականացման համար են անհատական դրամաշնորհները։ Դրանց շնորհիվ միջազգային մրցույթներում, ցուցահանդեսներում, փառատոներում, գիտաժողովներում և այլ հարթակներում մարդիկ կարողանում են ներկայացնել Հայաստանն ու այն կարևոր առանձնահատկությունները, որոնք ունի մեր երկիրը։

«Այս դրամաշնորհը գործում է ամբողջ տարին։ Արդեն ունենք լավ օրինակներ, որոնք ոչ միայն որևէ հարթակում ներկայանալով են սահմանափակվել, այլև միջոց են դարձել այլ երկրներում և հարթակներում ներկայանալու համար։ Հետաքրքիր գաղափարներ ունեցող անհատները  դրամաշնորհի համար կարող են դիմել որևէ միջոցառման մասնակցելուց 60 օր առաջ», — մանրամասնում է Կորյուն Խաչատրյանը։

«Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամը» նաև մի քանի տարի  իր ներդրումն ունի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կազմակերպած «Ի գործ» ծրագրի  ընդլայնման և այն առավել արդյունավետ դարձնելու հարցում։ Այն ֆինանսավորում և իրագործում է «Հովնանյան հանրային ծառայության դրամաշնորհը», որը հնարավորություն է ընձեռում մինչև 10 բացառիկ շրջանավարտի շարունակելու աշխատանքը պետական հաստատություններում ևս 12 ամսով։

Այս ծրագրի շրջանակում հիմնադրամն «Ի գործ»-ը իրականացնում է նաև մարզերում՝ ապակենտրոնացնելով ծրագիրը և խրախուսելով մասնակիցներին, որ մեկ տարի անցկացնեն Երևանից դուրս՝ որևէ մարզում։ Հիմնադրամի աշխատանքներն այսօր կենտրոնացած են Շիրակի մարզում։

Back to top button