ԼուրերԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մորեխների արշավանքներ, մալարիա, էկոաղետի վտանգ․ մայրաքաղաքի առողջապահական ախտորոշումը

19-րդ դարի սկզբին Երևանի կանաչ տարածքներն ընդամենը 14․2 հա էին, 60-ականներին՝ 625 հա, 80-ականներին արդեն Երևանն ուներ մոտ 3000 հա կանաչապատ տարածք` ասում է ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։ Թամանյանական նախագծով  Երևանը 3 կանաչ օղակներով շրջապատված քաղաք էր, այսօր այդ օղակներից մեկն է մնացել․

«Ցավոք, 90-ականներին մենք կորցրինք մեր կանաչ ֆոնդի մոտավորապես 40 տոկոսը, և 90 ականներին մեր ցուցանիշը 3000-ից իջավ հասավ 900 հեկտարի, այսօր ունենք  908 հա կանաչ տարածք, այսինքն՝ վերջին 30 տարիների ընթացքում մենք նույնիսկ չենք կարողացել գալ, հասնել 90-ականների սկզբնական ցուցանիշին»։

Մայրաքաղաքի տարիքի հետ մեծանում է նաև նրա մակերեսը,  բնակչության խտությունը, կառուցվող շենքերի քանակը։ Երևանի կենտրոնում արդեն ունենք գերկառուցապատում՝ ասում է Վարդանյանը, ինչն էկոլոգիական աղետի ռիսկեր ունի․

«Մենք էստեղ ունենք ջերմաստիճանի շատ բարձր ցուցանիշներ, որովհետև քարը տաքանում է և ստեղծում է ջերմային կղզիներ, որոնք անմիջականորեն անդրադառնում են ազգաբնակչության առողջության ցուցանիշների վրա՝ սրտանոթային հիվանդությունների սրացում, ինսուլտներ, ինֆարկտներ»։

Մասնագետի կարծիքով՝ այսօր քաղաքն ունի աղմուկը, փոշին ու ջերմությունը կլանող խիտ սաղարթների կարիք։ Ասում է՝ գեղեցկության ու զբոսաշրջիկներին զարմացնելու ջանքերի փոխարեն գիտահեն գործողություններ են պետք, կարևոր է, որ քաղաքային ռազմավարություն մշակողները մանրամասն ուսումնասիրեն՝ քաղաքի որ փողոցում ինչ ծառեր են պետք և ինչ խնդիր են դրանք լուծելու․

«Կարևոր է, որ հասկանաք, երբ դուք անում եք հիգենիկ բոլոր ստանդարտներին համահունչ ծառապատում, ստանալու եք և գեղեցիկ և էկոծառայություն մատուցելու համար շահեկան տեսք։ Պետք է ուղղակի տարանջատել՝ փողոցներում կարևորը էկոմիջավայրն է, այգեպուրակային տարածքում՝ կարևոր են նաև գեղագիտական տարբեր կետերը տարբեր էֆֆեկտները, որը կարելի է ստեղծել»։ 

Միջազգային բժշկակագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ բնությունը ուղիղ ազդեցություն ունի նաև վարակիչ հիվանդությունների տարածման վրա։ Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանն ասում է՝ կորոնավիրուսային համավարակը ավելի լուրջ տարածում ուներ այն հատվածներում, որտեղ թթվածնի պակաս կար։ Երևանին բնորոշ հիվանդությունների ուսումնասիրությունը նա սկսել է 17-րդ դարից․

«Ես գնացել եմ մինչև 17-18 րդ դար, 18-րդ դարում Երևանում եղել է մորեխների 3 արշավանք, որոնք բերել են սննդի բացակայության և սովի հետևանքով զարգացած այդ հիվանդություննները»։

Վերջին 100-ամյակի ամենախոսուն զարգացումը ինֆեկցիոն հիվանդություններից  ոչ ինֆեկցիոն հիվանդությունների անցումն է։ Եթե դարասկզբին Երևանում գերակշռել են վարակները, ապա այսօր գերակա են սրտանոթային, ուռուցքային հիվանդությունները։ Համաճարակաբանն ասում է՝ ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ ժամանակին բժշկության մեջ կարևոր ձեռքբերումները հենց Երևանից են սկսել․

«Ինձ համար նորություն էր, որ արդեն բժշկության մեջ հայտնի կոնցեպտուալ ինչ-որ բաներ սկիզբ են են առել հենց Հայաստանից ու Երևանից։ Օրինակ՝ մալարիայի վերտիկալ փոխանցումը առաջիններից մեկը խոսվել է Հայաստանում, որ մալարիան ունի  կոնկրետ մորից պտղին փոխանցման հավանականություն»։ 

Հարյուրամյակի ամենամեծ ձեռքբերումը մալարիայի ու բնական ծաղկի վերացումն էր, իսկ այսօր օրախնդիր է խրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։ Սա ոչ միայն մեր  քաղաքի, այլև աշխարհի էկոմիջավայրի փոփոխության ուղիղ հետևանքն է՝ եզրափակում են մասնագետները։

Կարդացեք նաև

Back to top button