Ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների կոալիցիան» չի ճանաչում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և հոկտեմբերի 27-ին սկսում է բողոքի ցույցեր՝ հայտարարել է կուսակցության առաջնորդներից Էլենե Խոստարիան։
«Այս ընտրությունները գողացված են, մենք դա չենք ընդունելու և անցնում ենք շարունակական բողոքի ակցիաների», — ճեպազրույցում ասել է Խոշտարիան։ «Վաղվանից բողոքի ցույցեր կլինեն փողոցում»,- նշել է նա։
Ընդդիմադիր «Միասնություն-Ազգային շարժում» և «Հանուն փոփոխությունների կոալիցիան» ավելի վաղ հայտարարել էին, որ չեն ճանաչում շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 52,99 տոկոսը:




