Իննա Ադամյանը ծնվել է 1980 թվականին Ստեփանակերտում։ Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ու ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատանքի է անցել նույն համալսարանում որպես ռուսաց լեզվի դասախոս։ Զինվորական ամուսնու ու երեք զավակների հետ կշարունակեին վայելել ընտանեկան ու մասնագիտական երջանկությունը, եթե չլինեին մեկը մյուսին հաջորդող պատերազմները, շրջափակումը, բռնագաղթը։
Իննան չի մոռանում հատկապես հարազատ տանն անցկացրած վերջին օրերը․
«Հինգ տարեկան տղաս թաքցնում էր խաղալիքներն ու ասում՝ պահում եմ, որ թուրքերը չգտնեն։ Մի տարի է անցել, օրերս քնեցնում էի ու հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ ես կարծում, թուրքերը գտե՞լ են խաղալիքներս։ Միշտ մտածում եմ՝ ես ի՞նչ եմ ասել այդ վայրկյաններին, չեմ ասել՝ վա՛յ, իմ տան պատերը, բայց հիշում եմ, որ մայրիկիս տված երկու ծաղկամանները պատուհանից դուրս շպրտեցի։ Չեմ կարող ասել՝ ինչո՞ւ այդպես արեցի։ Հիմա հասկանում եմ, որ այդ պահին միայն մի բան եմ մտածել՝ երեխաներիս դուրս հանեմ։ Պայթյունից հետո տպավորություն էր, որ հողն արդեն կլանում է բոլորին։ Մինչև Հակարի հասնելը մտածում էի, որ կմեռնենք ճանապարհին»,-պատմում է Իննան։
Հայաստանում շատ օգնեցին ընկերները, հետագայում՝ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի նոր գործընկերները, դպրոցի տնօրենը, հատկապես աշակերտները, որոնք ամեն առիթով իրենց սերն են խոստովանում ռուսաց լեզվի նոր ուսուցչուհուն։ «Առանց նրանց ոտքի չէի կանգնի»,-ասում է Իննան։




