
COP29-ը լավ առիթ է առկա հրատապ բոլոր խնդիրների ու հատկապես խաղաղության գործընթացի վրա հավելյալ ուշադրություն հրավիրելու համար՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանն այն հարցի առնչությամբ, որ համաժողովն անցկացվում է մի երկրում, որտեղ բազմաթիվ հայ գերիներ ու պահվող անձինք կան։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ պաշտոնական Երևանը շարունակում է քայլեր ձեռնարկել գերիների վերադարձի ուղղությամբ։
«COP29-ը լավ առիթ է, որ մենք ուշադրություն կենտրոնացնենք մեր տարածաշրջանում առկա և հրատապ բոլոր խնդիրներին, խաղաղության գործընթացին, տարածաշրջանի կայունացման ու զարգացման հարցերին։ Ինչ վերաբերում է գերեվարված անձանց, ասել եմ ու շարունակում եմ ասել, որ մենք մեր բոլոր աշխատանքային քննարկումներում և հանդիպումներում այդ հարցերը բարձրացնում ենք և շնորհակալ ենք բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք շարունակում են այդ հարցը պահել իրենց օրակարգում։ Մենք նույն հետևողականությամբ շարունակելու ենք աշխատել»,– ասել է Նիկոլ Փաշինյանն ու հիշեցրել, որ նախորդ տարեվերջին 32 ռազմագերի է վերադարձվել Հայաստան։




