Անի Մանգասարյանը ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում։ Ավարտել է Արցախի պետական համալսարանը, մասնագիտությամբ բանասեր է։ Տասնհինգ տարի աշխատել է որպես հաղորդավար, լրագրող, ապա՝ խմբագիր։ 1990-ականներից ի վեր Արցախում չի եղել սերունդ, որը պատերազմ չի տեսել, այդ թվում՝ մեր հերոսուհու երկու զավակները։ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմը Անիի տեսած չորրորդ պատերազմն էր։ Պատերազմին նախորդած շրջափակման օրերին Անին նոթատետրում գրառումներ էր կատարում, լրագրողական հետևողականությամբ հեռախոսով հավերժացնում օրվա պատկերները՝ մինչև 2023-ի սեպտեմբերի 25-ը, երբ կյանքը բաժանվեց ու դարձավ՝ Հակարիից առաջ ու Հակարիից հետո։ Բռնի տեղահանությունից մեկ տարի հետո Անիի գրառումներն ու պատկերները գիրք դարձան՝ «Անիի նոթատետրը։ Պատերազմը հնարավոր չէ հորինել․․․»։
Գրքում հեղինակի ապրած պատերազմն է ու շրջափակման հետևանքները։ «Տեղահանումից հետո տնից տուն ենք տեղափոխվում, հերթով բանալիներ ենք փոխում, բայց ես անընդհատ նայում եմ տուն կանչող իմ բանալուն»,-ասում է Անին։ Ի դեպ, տունը, որի դուռը պիտի բացի Անիի բանալին, այրվել է։ Այդ մասին իմացել են բռնագաղթի ճանապարհին՝ սեպտեմբերի 27-ին, երբ արդեն Գորիսում էին ու Անին հեռախոսի հաղորդագրություններն էր թերթում։ Այդ մասին գրքում պատմում է․ «Գենան ինձ երբեք հաղորդագրություն չէր ուղարկել, իմ գործընկերն է, ու նաև հարևանը․․․
Կարդում էի ու չէի հասկանում՝ ինչ է ուզում ասել։ Զանգեցի՝ ասաց․«Ձեր տունը այրվել է։ Դա պայթյունի օրն ու ժամին էր։ Ինչու և ինչպես՝ ոչ ոք տեղյակ չէ․․․»։




