Սենյակ, որը շուրջ 10,000 անգամ մաքուր է մեր պատկերացրած ամենամաքուր սենյակից, վայր, որտեղ փոշու նույնիսկ անտեսանելի մասնիկներ չկան, սենյակ, որտեղ մուտքը միայն հատուկ համազգեստով է, և, վերջապես, սենյակ, որն ինքնամաքրվում է։
Երևանում՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում, նման սենյակ կա արդեն մի քանի տարի: «Մաքուր սենյակում» աշխատում են այնպիսի «մարմինների» ու մասնիկների հետ, որոնք փոշու՝ անգամ անտեսանելի մասնիկներից 1000 անգամ փոքր են։
Նարեկ Մարգարյանն Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի նանոկառուցվածքներրի ու նանոնյութերի հետազոտության խմբի գիտական ղեկավարն է, հազար դասի սենյակի պատասխանատուն։ Սենյակ-լաբորատորիայում օդը կատարյալ մաքուր է, տարածքի մաքրության պատասխանատուն 6 հատուկ ֆիլտրերն են։ Այժմ, սակայն, նոր տերմին կա՝ մաքրասենյակ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան միջավայր։ «Մաքուր սենյակը» հիմնականում կահավորված է նյութագիտական հետազոտությունների համար նախատեսված սարքավորումներով։ Անցյալ տարեսկիզբը նշանավորեց այս լաբորատորիայի բացումուվ՝ գիտական հետազոտությունների համար նոր էջ բացելով։
Ամեն մեկը չէ, որ կարող է այստեղ մուտք գործել, անգամ լուսանկարներ անելու համար։ Հնարավոր է նկարել, բայց ապակյա դռների այս կողմից։ Հովհաննես Բադալյանը մեկն է այն քչերից, որը, պահպանելով բոլոր կանոնները, մաքրասենյակ մուտք ու ելք ունի։ Ալիխանյանի անվան լաբորատորիան առաջինն էր, որտեղ նման սենյակ բացվեց գիտական հետազոտությունների համար։
Պարզելու համար կա՞ն նման սենյակներ տարածաշրջանի այլ երկրներում, թե՞ ոչ, փորձ է արվել կապվել Վրաստանի, Իրանի հետ, բայց նման սենյակների մասին չեն լսել` նշում է Նարեկ Մարգարյանը։ «Մաքրասենյակը» կարող է օգտագործվել գիտության համար։ Հայաստանում այս սենյակի օգնությամբ հնարավոր է գիտական լուրջ հետազոտություններ կատարել՝ տիեզերական գիտության, նանոտեխնոլոգիաների, ռազմական արդյունաբերության ոլորտներում։
«Մաքրասենյակը» փոխում է Հայաստանի կարողությունը։ Կիրառական ու մասնավոր ընկերություններին ևս տրամադրում են «մաքուր սենյակը»՝ հետազոտություններ կատարելու նպատակով։ Գիտությունն այն ոլորտն է, որն իսկապես գրավում է երիտասարդներին՝ արձանագրում են ազգային գիտական լաբորատորիայում։ Հովհաննես Բադալյանը սկզբում գալիս էր դիպլոմային աշխատանքը գրելու համար, բայց ընթացքում հասկացավ, որ իր համար հետաքրքիր է գիտությունը։