Ծնունդով Սիրիայից, ԱՄՆ-ում բնակվող Նարոտ Քեյվանյանը մի քանի ամիս առաջ է եկել Հայաստան` կամավորության նպատակով: Նրան, ինչպես շատ այլ սփյուռքահայ երիտասարդների, օգնել է «Դեպի Հայք» կազմակերպությունը: Նարոտը քաղաքագետ է: Որպես կամավոր աշխատում է «Անվտանգային վերլուծությունների ինստիտուտում», որը նույնպես վերջերս է սկսել իր գործունեությունը Հայաստանում:
«Հիմնական խնդիրը աշխարհաքաղաքական վերլուծություններ անելն է, հատկապես անվտանգային խնդիրների ուսումնասիրությունը: Օրինակ՝ վերջերս Գորիսում ծրագիրն իրականացրինք երիտասարդ կանանց համար: Այն ուղղված էր կանանց մեջ անվտանգային խնդիրների բարձրաձայնմանը, դիմադրողականության բարձրացմանն ու պաշտպանական մեխանիզմներ կիրառելուն», — պատմում է Նարոտն ու ավելացնում, որ թեև ինքը շատ փոքր է եղել, երբ ընտանիքը պատերազմի օրերին դուրս է եկել Սիրիայից, սակայն իր շրջապատում ևս շատ սիրիահայ կանայք կան, որոնք նման ծրագրերի անհրաժեշտություն ունեն:
Նարոտը դեռ սովորում է, մագիստրարտուրան նույնպես շարունակելու է ԱՄՆ-ում: Նշում է, որ այն, ինչ այս մասնագիտությունը ճանաչելու համար սովորել է ամերիկյան բուհում, կիրառելի չէ Հայաստանում: «ԱՄՆ-ում այս ոլորտի մասնագետները հիմնականում զբաղվում են տեղական, կուսակցական, զենքի իրավունքի խնդիրներով և այլն: Հայաստանում խնդիրները ավելի մեծ են ու տարածաշրջանային»:
Երիտասարդ մասնագետը համոզված է, որ Հայաստանի անվտանգային հարցերը կարող են լուծվել միայն հզոր պետություն դառնալով: Սփյուռքի դերը այդ հարցում շատ մեծ է: Սփյուռքը դա կարող է անել նախ ներդրումներով, հետո`Հայաստանի հետ կապ ստեղծելով: ««Դեպի Հայք»-ն այն եզակի նպատակային ծրագրերից է, որը խորքում ունի հենց հայրենադարձության խթանումը` Հայաստանում սփյուռքահայերին իրական կյանքը ներկայացնելով ու մասնակիցը դարձնելով: Այն ընտանիք է, որն իր հարկի տակ է ընդունում աշխարհի հայերին, որոնք տարբեր նպատակներով Հայաստան են այցելել»:
Նարոտը որոշել է Հայաստանում ապրել: Որոշումը կայացրել է կրթությունն ավարտելուց հետո: