Էկոսֆերա

Միջազգային կոնվենցիաներով պաշտպանված արգելոցը` անպաշտպա՞ն. «Էկոսֆերա»

«Շիկահող» պետական արգելոցի հարյուրամյա ծառերն այսօր վտանգված են ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից։ Ինչպես ահազանգում են «Թաթոյան» հիմնադրամից, արդեն իսկ ոչնչացվել են արգելոցի զգալի տարածքներ։ Պետական գերատեսչությունից հակադարձում են՝ «Թաթոյան» հիմնադարմից որեւէ ներկայացուցիչ արգելոցի տարածք չի այցելել։

Այս հակադարձումներին զուգահեռ տեղի ունեցող գործողությունների մասին մեծ աղմուկ առաջացնելու և արդեն միջազգային տարբեր հարթակներում աղաղակելու փոխարեն, տեւական ժամանակ է՝ «լռություն» է։

Ի՞նչ է կատարվում է Սյունիքի սահմանին, արդյո՞ք միջազգային տարբեր կոնվենցիաներով պաշտպանված արգելոցն այսօր անպաշտպան վիճակում է։

Տարիներ առաջ դեպի Սյունիքի մարզ մեդիատուրի էի մասնակցում. Սոսու պուրակ, «Շիկահողի» արգելոցի տարածք և այլ վայրեր։ Մի քանի հաղորդում ներկայացրի ռադիոունկնդրի դատին։ Թե՛ Սոսիների պուրակը, որը գտնվում է Ներքին Հանդ գյուղի տարածքում, թե՛ «Շիկահողի» արգելոցը կարելի է դասել աշխարհի հրաշալիքների ցանկին՝ հազարամյա պատմությամբ հաստաբուն ծառերով։ Հիշում եմ՝ արգելոց տանող մառախլապատ ճանապարհը` զարդարված մերկ ու խիտ՝ միմյանց գրկած ծառերով. ասես խորհրդավոր ֆիլմի կադրեր լինեին։ Պատահական չէր այս տարածքի՝ ամենախիստ պահպանվող կարգավիճակ ունենալը։ Այսօր, սակայն, այս տարածքները խոցելի են։

Վերջերս «Թաթոյան» հիմնադրամն աղմկահարույց փաստեր հրապարակեց՝ ներկայացնելով, որ Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը վտանգված է։ Մասնավորապես, ըստ տեղեկության, ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ և արդեն հատվել է մոտ 10,000 ծառ՝ արևելյան և սովորական բոխի, վրացկան և խոշոր կաղիններ, հատպտղային կենի, արևելյան հաճարենի ու սոսի։ Թեմային անդրադառնալը խիստ կարևոր է, քանի որ շուտով Ադրբեջանում անցակցվելու է բնապահպանական ամենամեծ՝ COP29 միջոցառումը։

Բնապահպանության ոլորտի փորձագետ, անտառագետ Այսեր Ղազարյանի խոսքով՝ մի քանի տարի շարունակ արբանյակային պատկերների միջոցով դիտարկումներ են իրականացնում «Շիկահող» արգելոցի տարածքում և վերջին մի քանի տարիների ընթացքում բավականին զգալի հատվածներ գտնվում են ադրբեջանցիների ենթակայության ներքո․

Այդ տարածքում հիմնականում կաղնե-բոխային հաստաբուն անտառներ են։ Այսինքն՝ բարձր խտության անտառներ։ Ղազարյանի խոսքով՝ միջինը 120-130 տարեկան ծառեր են։

Հաջորդ ամսին Բաքվում տեղի է ունենալու կլիմայական ամենամեծ համաշխարհային համաժողովը՝ COP 29-ը։ Բնապահպանական այս կարևոր միջոցառումը տեղի է ունենում մի երկրում, որը վնասում է միջազգային կոնվենացիաներով պաշտպանված ամենախստ պահպանվող տարծներից մեկը՝ «Շիկահողի» արգելոցը։

Ղազարյանը կարծում է, որ պետական մարմինները, նաև միջազգային կառույցները պետք է խոսեն և բարձրաձայնեն այս խնդրի մասին, քանի որ նման մասշտաբների ծառերի վերացումն աղետ է շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխության տեսանկյունից։

Խնդրի մասին ստույգ տեղեկություն Հայաստանում գործող միջազգային կառուցների ներկայացուցիչները չունեն, ինչի պատճառով դժվարանում են որևէ արձագանք տալ։ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ասում է, որ կարող է միայն անձնական կարծիք հայտնել, քանի որ ստույգ փաստեր, թե ինչ է տեղի ունենում սահմանին, չունեն․
«Ես չեմ կարող կարծիք հայտնել, քանի որ որևէ տվյալ չունեմ։ Ազնիվ եմ ասում։ Արբանյակային նկար տեսել եմ, բայց այլ ինֆորմացիա չունեմ, որ կարծիք հայտնեմ։ Կարող եմ ասել, որ «Շիկահողը» պաշտպանված է նաև միջազգային իրավունքով, քանի որ այն կենսաբազմազանության պահպանության տարածք է և որևէ  տնտեսական գործունեություն արգելված է»։

Արգելոցի կարգավիճակ ունենալը ենթադրում է, որ առհասարակ մարդու գործունեությունն այդ տարածքում արգելված է, իսկ միջազգային իրավունքով պաշտպանությունն ունի նաև անդրսահմանային նշանակություն, այսինքն՝ Ադրբեջանը ևս պարտավորված է պահպանելու այդ տարածքները և խստիվ արգելված են հատումները։

WWF Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Լևոն Աղասյանն ասում է, որ Շիկահողի արգելոցում տեղի ունեցած դեպքի մասին ստույգ տեղեկություն չունի, բայց բոլոր դեպքերում, անկախ վայրից, ծառերի հատումը դատապարտելի արարք է․
«Անկեղծ ասած՝ չգիտեմ, «Շիկահողի» պետարգելոցում կտրվող ծառերի մասին ենք խոսում, ասում եք՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից է հատվել, դա մեր թեման չէ, մենք բնապահպանական կազմակերպություն ենք, զբաղվում ենք բնության պաշտպանությամբ։ Ընդհանուր առմամբ,անկախ նրանից, թե որտեղ է հատվել ծառը, լավ չէ, բայց Ձեր հարցերին, կարծում եմ, պետք է պատասխանեն պետական մարմինները»։

Շրջակա միջավայրի նախարարություն հարցում ուղարկել էինք այս զրույցից առաջ։ Սեպտեմբերի 17-ին ստացված պատասխանում նախարարությունը հայտնում է, որ «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք խմբի որևէ ներկայացուցիչ չի այցելել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, կապ չի հաստատել կառույցի պատասխանատու աշխատակիցների հետ, հիմնադրամի փաստահավաք աշխատանքների իրականացման նպատակով արգելոցի տարածք մուտք գործած տեխնիկական միջոցների և մասնագիտական խմբի վերաբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում, հետևաբար չի կարող փաստահավաք խմբի հայտարարության մեջ տեղ գտած տեղեկատվության հավաստիության մասով կարծիք հայտնել։

Հենց «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» կառավարման ներքո է գտնվում «Շիկահող» պետական արգելոցը։ Նախարարության պատասխանում նշված է, որ «Արգելոցի տարածքը կազմում է շուրջ 12000 հա։ Վերջինիս որոշ հատվածներ 2020 թվականին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական, ինչպես նաև հետպատերազմական գործողությունների հետևանքով կրել են բացասական ազդեցություն։ Արգելոցի տարածքում պահպանությունն իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից»,- մեջբերման ավարտը։

Գերատեսչությունից նաեւ հայտնում են, որ նշված տարածքներում իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ թե՛ Շրջակա միջավայրի նախարարության, թե՛ միջազգային բնապահպանական կազմակերպությունների կողմից:

Բայց դա միայն մի կողմից։ Հակառակ կողմից շարունակում են խոսել հատված ծառերի ու անպաշտպան արգելոցի մասին։

Կարդացեք նաև

Back to top button