
Ավելի քան 2․5 տրլն դրամ կամ 6 մլրդ դոլար կծախսվի մինչև 2040 թվականը ժողովրդագրական խնդիրների լուծման համար։ Կառավարությունը հաստատել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը:
Ակնկալվում է, որ 17 տարի հետո 436 մլրդ դոլարին համարժեք ավելացված արժեք է ստեղծվելու։ Ռազմավարության իրականացման համար տարեկան կծախսվի մոտ 350 մլն դոլար։
Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, մահվան ռիսկի գործոնների նվազեցում ու առողջ միջավայրի խթանում, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում, միգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում: Հայաստանի 2024-2040 թթ. ժողովրդագրական ռազմավարական նպատակներն են։
ԱՍՀՆ Նարեկ Մկրտչյանն ընդգծում է. «Ժողովրդագրական առկա իրավիճակի համապարփակ վերլուծությունը ներառում է բազմաշերտ հետազոտություն, որի հիման վրա կառուցվել է համապարփակ՝ 125 տարվա ժամանակային հորիզոնն արտահայտող տվյալների բազմաբաղադրիչ բազա՝ ինտեգրելով այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են ՀՀ վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության վերաբերյալ հրապարակած տվյալները, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տրամադրած տվյալները, ՀԲ-ի տրամադրած տվյալները և այլ վերլուծություններից բխած տվյալներ»։
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներկա ժողովրդագրական իրավիճակով։ Սա նախ և առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Ծնելիության մակարդակի գործող ցուցանիշներով չի ապահովվում անգամ բնակչության պարզ վերարտադրությունը, որի համար ծնելիության գործակիցը պետք է 2.1 լինի: Սակայն միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման․ առաջիկա տարիներին ամուսնական տարիք կմտնի 2000-ական թթ. սկզբին ծնված ոչ բազմաքանակ սերունդը, որի վերարտադրողական ներուժն անհրաժեշտ է առավելագույն օգտագործել։
Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար անհրաժեշտ է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել առնվազն 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թվաքանակը՝ վերջիններին տալով որոշակի երաշխիքներ։
«Ժողովրդագրական ոլորտում պետական քաղաքականությունը հիմնվում է հետևյալ տեսլականի վրա՝ ունենալ բնակչության կայուն ու հավասարակշռված կառուցվածք՝ միտված բնակչության երկարաժամկետ կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը։ Այս առումով ժողովրդագրության ռազմավարության առանցքում մարդն է՝ ուստի կառուցված է մարդու կենսափուլերի տրամաբանությամբ՝ նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտ»։
Նախատեսվում է ներդնել երեխայի նպատակային պլանավորմանն աջակցող խթաններ, ստեղծել մայրերի առողջության պահպանման բարելավված ծառայություններ՝ ստեղծելով կրթական և աշխատանքային ճկուն հնարավորություններ հղիության ու հետծննդաբերական շրջանում։ Մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում` մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը։
Այս ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում նախատեսվում է ապահովել բնակչության զանգվածային սպորտային մասնակցությունը, խթանել ակտիվ կյանքն ու սպորտը։ միգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում:
Այս ուղղությամբ նախատեսվող աշխատանքները ներառում են՝ Միգրացիայի վերաբերյալ տվյալների հավաքման բարեփոխում, ՀՀ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԵԿՏ) հետ համակցման բարելավում, ներքին միգրացիային հետևելու, ինչպես նաև դրա հոսքերը հավասարակշռելու մեխանիզմների ներդրում։ Վարչապետն արձանագրում է ժողովրդագրական ռազմավարության բազմաթիվ քննարկումներ են եղել։ Ժողովրդագրությունը բոլորի հավաքական գործունեության մասին է, և յուրաքանչյուրի գործունեության որակն է կանխորոշում՝ Հայաստանում ժողովրդագրական բնույթի հարց կլինի թե ոչ․
«Մենք պետք է հասկանանք՝ ինչպես ու ինչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրը հետևյալն է՝ ոնց անել, որ իր տղամ բանակ չգնա։ Այս երևույթը ընտանիքի պլանավորումից սկսած ազդում է։ Եթե մարդը մտածում է, որ մեկ տղայի բանակ չգնալը պետք է ապահովի, այլ խնդիր է, երբ մտածում է չորս տղայի՝ բոլորովին այլ խնդիր է։ Մենք պետք է այս թեմայի հետ առնչվենք»։
Նախատեսվում է ընտանիքի բարեկեցության միջավայր ստեղծել․ ընտանիքներն ավելի ճկուն կլինեն, եթե որոշեն երեխաներ ունենալ։ Վաղաժամ մահերի կանխման համար կարևորը առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումն է։
«Համոզված եմ, որ աղքատության երևույթները պրակտիկ առումով ուսումասիրելու դեպքում կպարզենք, որ նվազագույնը 80 տոկոսի դեպքում պատճառը կրթությունն է»։
Ռազմավարությունն ունի ֆինանսական գնահատական՝ մինչև 2040 թվականը՝ 17 տարում, ծախսել 2,6 տրիլիոն մլրդ դրամ կամ 6 մլրդ դոլար։
Գումարը ոչ թե ծախս է, այլ ներդրում՝ մարդկային կապիտալում։ 17 տարի հետո ակնկալվում է, որ 436 մլրդ դոլարին համարժեք ավելացված արժեք է ստեղծվելու։ Ռազմավարության իրականացման համար տարեկան կծախսվի մոտ 350 մլն դոլար։
«Հայաստանը ձգտում է մինչև 2040թվականը հասնել բնակչւթյան ծերացման ցուցանիշի 20 տոկոս կրճատման, բնակչության երիտասարդացման 30 տոկոս աճի, մարդկային զարգացման ինդեքսի ու ՀՆԱ-ի խթանման»։
Գործադիրը միջոցառումները բաժանել է երկու փուլի՝ մինչև 2030 և մինչև 2040 թվականները։ Մինչև 2030թ․-ը հիմնական շեշտը կդրվի ծնելիության վրա։ Արդյունքում՝ մոտ 60 հազարով ավելի շատ երեխա կծնվի, 636 մլրդ դրամ կծախսվի։ Երկրորդ փուլում արդեն գումարները կծախսվեն ավագ սերնդի համար, որպեսզի նրանք էլ հավելյալ արժեք ստեղծեն։ Ռազմավարությունը կարող է փոխվել՝ աշխարհաքաղաքական տարբեր գործոններով պայմանավորված՝ կարծում են խորհրդատվական ընկերությունում։




