
Գեղարքունիքի մարզում սահմանային և համայնքային հարցերի լուծումը շարունակում է մարտահրավեր մնալ տեղական իշխանությունների և բնակիչների համար։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցրել է՝ մարզում հանգիստ մթնոլորտ է, մարդիկ ապրում են բնականոն կյանքով։
Մարզպետը վստահեցրել է, որ սահմանների հարցում Հայաստանի սուվերենությունը չի խախտվի, իսկ համայնքի ներսում աղմուկ հանած խողովակաշարի շուրջ վեճն արդար լուծում կգտնի՝ իրավապահ մարմինների հետաքննության արդյունքում։
Արձագանքելով սահմանազատմանը՝ Կարեն Սարգսյանը բացառում է , որ դրա արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից որևէ մաս հանձնվի Ադրբեջանին։ Ավելին՝ մարզպեը միանշանակ համոզված է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանը հետ կքաշվի ՀՀ տարածքում առաջխաղացված դիրքերից։
«Վստահ եմ, որ ՀՀ սուվերեն տարածքը լինելու է ՀՀ սուվերեն տարածք։ Այո՛, ունենք մեր տարածքից օկուպացված տարածքներ ու, վստահ եմ, որ այդ տարածքներից հակառակորդը դուրս է գալու»։
Սոթքի ոսկու հանքի նախկին աշխատակիցների խնդիրներին վերաբերող հարցին արձագանքելով՝ Կարեն Սարգսյանը տեղեկացնում է, որ հանքը շահագործող կազմակերպության ներկայացուցիչների հետ մարզպետարանը մի քանի հանդիպում է ունեցել։
«Դրա արդյունքում որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի։ Այս պահի դրությամբ ևս այնտեղ արդեն իսկ ավելացել են աշխատողներ։ Այնպես որ՝ այդ մասով ևս աշխատանք տանում ենք»։
Գեղարքունիքի մարզում, բացի սահմանային իրավիճակի և տնտեսական հարցերի վերաբերյալ քննարկումներից, վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել նաև խողովակաշարերի ապամոնտաժման հարցը: Մարզի բնակիչներից Գուրգեն Հակոբյանը մեղադրանքներ է ներկայացրել մարզպետ Կարեն Սարգսյանի հասցեին՝ իր ընկերության սեփական խողովակների տեղափոխումը խոչընդոտելու համար:

Անդրադառնալով թեմային՝ Կարեն Սարգսյանը նշում է՝ քաղաքացին իրենց մարզից չէ, բացի դրանից՝ իրականությունն ամբողջությամբ չի ներկայացնում։ Այն խողովակաշարը, որի մասին խոսել է քաղաքացին, մոտ 1000 հեկտար տարածք է ոռոգում։ Մարզպետի պնդմամբ՝ մխողովակաշարի սեփականության վերաբերյալ ներկայացված վկայականները սերվիտուտի վկայականներ են, այլ ոչ թե սեփականության փաստաթղթեր:
«Իրենք ձեռք են բերել վկայականն ավելի ուշ, քան սկսել են այդ գործընթացն իրականացնել։ Այն վկայականները, որոնք իրենք վկայակոչում են, դրանք սերվիտուտի վկայական են, ոչ թե ջրագծի վկայական և դրանով իրենք իրավունք չունեն այդ խողովակաշարը քանդելու»:
Ոստիկանությունը միջամտել է իրավիճակին, և այս պահին քրեական գործ է հարուցված: Մարզպետ Սարգսյանը հայտարարել է, որ ցանկացած ապամոնտաժման աշխատանք պետք է իրականացվի համայնքապետարանի թույլտվությամբ, ինչը, մարզպետի կարծիքով, այս պարագայում չի պահպանվել:
Այս դեպքը լայն արձագանք է ստացել մամուլում՝ մի շարք քաղաքացիների դժգոհությունների առիթ դառնալով։ Տեղեկությունների համաձայն՝ համայնքապետն ու իրավապահ մարմինները դեռ սպասում են համապատասխան փաստաթղթերի ներկայացմանը՝ հարցը արդարացի լուծելու համար:




