Կյանքին ասել այո՛

Եթե չխոսենք, ուրեմն չեմ պատկերացնում, թե ո՞ւմ են պետք բժշկի մեր երդումները․ Արտյոմ Աբրահամյան․ «Կյանքին ասել այո՛»

Արտյոմ Աբրահամյանը ծնվել է 2004 թվականին  Ստեփանակերտ քաղաքում։ 2020-ի սեպտեմբերի 26-ին  մորաքրոջ տանն էր։ Զարմուհու հետ ողջ գիշեր ֆիլմեր էին դիտել ու առավոտյան հնչող պայթյունի ձայնն էլ ընկալել որպես շինարարական աղմուկ կամ հրավառություն։ Իրականում Արցախում պատերազմ էր։ Հարազատներով մեծ տատիկի տան նկուղում էին պատսպարվում, ընտանիքի տղամարդիկ առաջնագծում էին։

Հոկտեմբերի կեսերին կանանց ու երեխաներին ուղարկեցին Հայաստան, որտեղից միայն համացանցի միջոցով էին հետևում Արցախում կատարվողին։ Մեծ տատիկի տան հարևանությամբ գտնվող  տան վրա ընկած արկի պայթյունն էլ համացանցում էին հայտնաբերել։ Նոյեմբերի 9-ից հետո բոլորն էլ Արցախ վերադարձան։ 2022 թվականին Արտյոմն  ընդունվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, այժմ 3-րդ կուրսի ուսանող է։ Արցախում վերջին անգամ եղել  է 2022-ի նոյեմբերին՝ շրջափակումից մեկ ամիս առաջ։

Ինչպես պատերազմին, այնպես էլ  շրջափակմանը շատ ավելի ծանր էր հեռվից հետևելը, երբ հարազատներն այնտեղ էին՝ սովի ու անորոշության մեջ։ Արտյոմի ընտանիքն Արցախից դուրս եկավ 2023-ի սեպտեմբերի 30-ին։ Ապրում են Երևանում՝ Արցախը սրտում, հիշողություններում  ու  նաև ապագայի երազանքներում։ Արցախի ու արցախցիների հանդեպ կատարվածի մասին Արտյոմն իր պարտքն է համարում խոսել հատկապես որպես  ապագա բժիշկ։ «Մենք պիտի խոսենք այն դաժանությունների մասին, որոնք տեղի են ունեցել։

Պիտի խոսենք սովի մատնված հազարավոր հղիների, երեխաների, նրանց առողջության վրա թերսնման հետևանքների մասին։  Որպես բժիշկ մենք երդվում ենք,  եթե չխոսենք, ուրեմն ես չեմ պատկերացնում, թե ո՞ւմ են պետք  մեր երդումները»,-ասում է Արտյոմը։

Կարդացեք նաև

Back to top button