Ի՞նչ հետևանքներ է թողել կորոնավիրուսի համավարակը մարդկանց առողջության, մասնավորապես սիրտ-անոթային համակարգի վրա։ Հարցերի պատասխանները փնտրում ու հետազոտում են Մայր բուհի Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի լաբորատորիայում։
Լաբորատորիայի վարիչ Աննա Կարապետյանը հիշեցնում է՝ նախկինում նույնպես կորոնավիրուսի համավարակը հետազոտել են։ Առաջին անգամ 2022 թվականին՝ համավարակի ակտիվ փուլում էին հետազոտություն անում։ Այդ ժամանակ շատ էին վարակվածության դեպքերը, նաև՝ մահերը։ Հերթական հետազոտության համար ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի Երվանդ Թերզյանի անվան դրամաշնորհ ստացան։ Ըստ էության՝ այս հետազոտությունը նախորդի տրամաբանական շարունակությունն է։
ԵՊՀ կենսաբնության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանն ասում է. «Այս անգամ մեր հետազոտության թեման Քովիդ 19-ի ազդեությունն է հայկական պոպուլյացիայի վրա։ Մենք գործ ունենք մեր հայ բնակչության հետ։ Ի՞նչ ազդեցություն է թողել Քովիդ 19-ը արյան համակարգի՝ լեյկոցիտների, էրիթրոցիտների, արյան տարրերի վրա»։
Տվյալների հավաքմանն ու թվայնացմանն օգնում է ԱՐՄԵԴ համակարգը՝ արձանագրում է Աննա Կարապետյանը։ Շատ հաճախ բուժառուն ինքն էլ չի հիշում՝ երբ է հետազոտություն անցնել, ինչ գանգատներ ունի։ Էլեկտրոնային համակարգը տալիս է բոլոր հարցերի սպառիչ պատասխանը: Գիտական խումբը փորձել է նաև պարզել, թե կորոնավիրուսը ինչ հետևանքներ է թողել շնչուղիներում, կան արդյոք սնկային հիվանդություններ թե ոչ. չեն պարզել։ Բայց ցանկացած արդյունքի հերքումը արդյունք է` ասում են գիտնականները։
Բորբոսասնկերի հետ կապված այլ հետազոտություն են կատարել։ Նոր հետազոտության արդյունքներն ավելի տեսանելի են՝ սրտանոթային համակարգի վրա Քովիդը վատ ազդեցություն է թողել։ Նախնական մեկ հրապարակում արդեն ունեն, այդ տվյալները ներկայացրել են Միլանում: Կորոնավիրուսի՝ մարդու օրգանզիմի վրա թողած ազդեցությունից շատերն են դժգոհում։ Իհարկե դեռ լուրջ գիտական վերլուծություններ չկան՝ արդյոք օրգան համակարգերի խնդիրների առաջացման պատճառները Քովիո՞վ են պայմանավորված, թե՞ ոչ։ Բայց ակնհայտ է, որ 2020 թվականի համավարկից հետո դժգոհություններն ավելացան։ Ակնհայտ է նաև, որ հետազոտելու կարիք կա, հատկապես, որ Քովիդն ամբողջությամբ չի վերացել։
Այսօր նույնպես արձանագրվում են դեպքեր, բայց բոլորը չէ, որ թեստ են հանձնում։ Մի բան հստակ է՝ հիվանդության ընթացքը նման է՝ ասում է ԵՊՀ Կենսաբնության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ Աննա Գրիգորյանը։ Նշում է՝ ոչ այն ծավալով, իհարկե, որքան 2020 թվականին։ Գիտնականն արձանագրում է՝ էրիթրոցիտներն անընդհատ վերականգնվում են, նրանց կյանքի տևողությունը միջինը 120 օր է, բայց այդ ընթացքում էլ փոփոխություններ առաջանում են:
Գիտնականներն արձանագրում են՝ գիտությունն առանց գումարի հնարավոր չէ զարգացնել։ Բազային ֆինանսավորումը բարձրացել է, բայց հետազոտական աշխատանքների համար նաև դրամաշնորհներն են անհրաժեշտ։ Գիտելիքահեն կրթություն ապահովելու համար ֆինանսները երբեք շատ չեն լինում։