Երևանն աղտոտված քաղաք է, փաստում է Էկոկենտրոնի գիտնականը՝ հենվելով իրականացրած ուսումնասիրությունների տվյալների վրա։ Իսկ ահա Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում փոշու աղտոտվածության մակարդակը վերահսկվում է և գտնվում է նորմայի սահմաններում։ Այս թողարկմանը կխոսենք այս մասին և կպարզենք, արդյոք ունե՞նք մտահոգվելու առիթ՝ մայրաքաղաքի օդի աղտոտվածության առումով, թե՞ ոչ։
«Այս պահի դրությամբ ունենք 108 կայանից ստացվող տեղեկատվություն։ Սրանք կառուցապատողներն են, որոնք տեղադրել և միացել են։ Այս հարթակը հասանելի է քաղաքապետարանին, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանը»։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն է իր աշխատասենյակում համակարգչի էկարնին ցույց է տալիս, թե ինչպես են աշխատում Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի մոնիթորինգի սարքերը և ինչ են ցույց տալիս տվյալ պահին։
«Ամենօրյա ռեժիմով մենք կարողանում ենք հետևել։ Սրանք ցույց են տալիս օդում PM 2.5 մասնիկի պարունակությունը։ Այս պահի դրությամբ տեսնում ենք, որ նորմայի մեջ է, բոլորը կանաչ են»։
Կառուցապատողները դեռևս ոչ բոլորն են միացել համակարգին։ Հայկազյանն ասում ՝ ցանցն օրեցօր ընդլայնվում է։ Կառուցապատողները պետք է հաշվի առնեն և հետևեն մի շարք կանոնների։ Կանոնները պարտադրվում են բոլոր կառուցապատողներին։
«Կառուցապատողներին այն տրամադրվում է որպես պարտադիր պահանջ։ Մասնավորապես՝ շինհրապարարակներում փոշեկլանիչ ցանցերի առկայությունն է, որը նվազեցնում է փոշու արտահոսքը։ Եթե հողային աշխատանքներ են իրականացվում, ապա պետք է ջրցան մեքենաների կամ ջրի ցանկացած այլ աղբյուր, որի միջոցով փոշու նստեցում պետք է իրականացվի։ Պարտադիր պայման է՝ շինհրապարակից դուրս եկող բոլոր մեքենաների անվադողերը լվացված, իսկ թափքերում պարունակող ավազը թրջված լինեն»։
Սակայն որքանով են հետևում կառուցապատողներն այս կանոններին։ Փաստ է, որ մայրաքաղաքի օդն աղտոտված է և ոչ միայն փոշով։
ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի գիտնականներն ուսումնասիրություն են կատարել Երևանի մթոնոլորտային աղտոտվածության մասով և հայտնաբերել, որ էապես վտանգ է ներկայացնում օդում փոշու փոքր մասնակիցների քանակությունը։ ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար Գևորգ Տեփանոսյանի խոսքով՝ քաղաքի տարածքում կա համատարած աղտոտման պատկեր։ Թեև Երևանի քաղաքապետարանի սարքերը մտահոգիչ ցուցանիշներ չեն ցույց տվել, այդուհանդերձ, մասնագետների ուսումնասիրություններն այլ բանի մասին են խոսում։ Տեփանոսյանն ասում է, որ փոշու քանակը շատ բարձր է։
Երևանի տարածքում գործող հանքավայրերի մասով, Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ 2022 թվականին քաղաքում գործել է 22 հանքավայր, իսկ այժմ գործող հանքավայրերի թիվը 12-ն է։ Սիրարփի Հայկազյանն ասում է, որ թիվը հետզհետե նվազելու է։
Ինչ վերաբերում է կառուցապատողներին, ապա կա սահմանված նորմատիվ ՝ շինարարության ընթացքում կառուցման ենթակա մակերեսի 40%-ը պետք է լինի կանաչապատ։