
Սեպտեմբերին սկսված իսրայելական հարձակումները հարավային Լիբանանի ուղղությամբ մեծ խնդիրներ են առաջացրել երկրի տնտեսության ու քաղաքականության վրա։ Լիբանանում ապրող հայերը հայտնվել են դժվար դրության մեջ։
Ի՞նչ աջակցություն են սպասում ՀՀ-ից, որո՞նք են Լիբանանի ու լիբանանահայության առջև ծառացած խնդիրները։
«Բեյրութի հարավային արվարձանները ենթարկվում են օդային հարձակումների, ամենաթեժ մարտերը կենտրոնացել են սահմանին։ Իսրայելը խնդիր է դրել ներխուժման գործողություններ իրականացնել, սակայն տեղային ներխուժումից ձևակերպումը փոխվեց՝ դառնալով որոշակի և կենտրոնացած ներխուժում։ Տեղեկությունները հակասական են։ Նախ ասվում է, որ իրենց հաջողվել է մտնել լիբանանյան տարածք, իսկ հակառակ կողմը հերքում է այդ լուրը։ Այսօր նաև տեղեկատվական պատերազմ է ընթանում, ինչպես մեր ժամանակների բոլոր պատերազմներում», — ասում է «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Կանդահարյանը։

Խոսելով դիվանագիտական հարաբերությունների ու գործողությունների մասին՝ Կանդահարյանը նշում է, որ այսօր շրջանառվում է ՄԱԿ-ի 1701 բանաձևը։ «Բանաձևը հրադադարի մասին է։ Վաշինգտոնը աշխատում է հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերել, սակայն Իսրայելն առաջ է քաշում իր պահանջները։ Իսրայելի նպատակները հստակ բանաձևած չեն, սակայն դրանք կապված են Հյուսիսային Իսրայելի վերականգնման, «Հեզբոլլահ» շարժման հետ քաշման և ամբողջական զինաթափման հետ», — ասում է «Ազդակի» խմբագիրը։
Նա նաև ասում է, որ այսօր երկրում առաջացել են սոցիալական խնդիրներ, սկսվել է փախստականների հոսքը։
Խոսելով հայ համայնքի մասին՝ Շահան Կանդահարյանը նշում է, որ հարավային հատվածներում հայկական համայնքներ թեև չկան, սակայն հնարավոր է, որ ազգությամբ հայեր լինեն։ Իսկ Բեյրութի հարավային հատվածում, որտեղ ամեն օր հարձակումներ ու հրաձգություններ են լինում, հայկական համայնքներ կան։ «Դեռևս որևէ երկրի դեսպանություն երկիրը լքելու ծրագիր չի իրականացնում, այդ թվում՝ Հայաստանի դեսպանությունը։ Գործում է Բեյրութ-Երևան չվերթը, սակայն դեռևս մեծածավալ հոսք չկա։ Եթե իրավիճակը ավելի բարդանա, ապա հնարավոր է Հայաստանի Հանրապետության օժանդակության կարիքը լինի և մեր հայրենիքում ճգնաժամային իրավիճակների համար նախատեսված ծրագրեր մշակվեն։ Դեռևս դրա կարիքը չունենք», — ավելացնում է։
Շահան Կանդահարյանը նաև նշում է, որ տուժածների շրջանում հայեր չկան։ Հանդիպումներ ու կապեր կան թե՛ կուսակցական, թե՛ միությունների, թե՛ դեսպանության ներկայացուցիչների միջև։




