Գերմանական զարգացման բանկն ավելի քան 26 մլն եվրո է տրամադրելու Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը միտված ծրագրերի իրականացման համար։ Մասնավորապես՝ մի շարք պահպանվող տարածքների սահմանազատման, քարտեզագրման, նոր տեխնիկայով վերազինման, հարակից համայնքների սոցիալ-տնտեսական հարցերի լուծման, Կարմիր գրքի վերաթողարկմանն ուղղությամբ աշխատանքներ։
Հայաստանն աշխարհում կենսաբազմազանության ամենաթեժ կետերից է, որտեղ անտառները և դրանց կառավարումը վճռորոշ դեր են խաղում կենսաբազմազանության կայուն պահպանման և կլիմայի փոփոխության մեղման գործում: Մեր երկրում յուրաքանչյուր քառակուսի կմ-ի վրա հանդիպում է 107 տեսակի բույս: Իսկ ահա «Խոսրովի» արգելոցում և «Արևիք» ազգային պարկում ֆոտոթակարդները պարբերաբար ֆիքսում են Կովկասյան ընձառյուծին։ Այս տեսակը որսագողության հետևանքով վերացել էր, հիմա արդեն վերադարձել է։
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Արամ Մեյմարյանն ասում է, որ Հայաստանում կենդանական և բուսական աշխարհի պահպանության մասով դրական տեղաշարժեր կան։
«Բավականին դրական տեղաշարժեր կան, կենդանական ու բուսական աշխարհի թվաքանակն ավելանում է։ Օրինակ՝ կովկասյան ընձառյուծը Հայաստանում արդեն ոչ թե մեկ, այլ 8-9 առանձնյակ կա»,— ասաց Մեյմարյանը։
Մեղրի համայնքի բնակիչները, բարեբախտաբար, դեռ կովկասյան ընձառյուծի հետ հանդիպում չեն ունեցել, բայց տեղյակ են «Արևիք» ազգային պարկի տարածքում նրա գոյության մասին։
Ազգային պարկը Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում է, որտեղ կան կարմիրգրքյան բույսեր և կենդանատեսակներ։ Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բագրատ Զաքարյանը նշում է, որ պահպանվող տարածքը հսկողության տակ է ոչ միայն ՇՄՆ, այլև համայնքի կողմից։ Ընդգծում է՝ կան խնդիրներ, որոնք վերաբերվում են անտառներում ջրարբիացմանը, համայնք-ազգային պարկ սահմանների սահմազատմանը։
Հայաստանում որոշ պահպանվող տարածքներ, այդ թվում՝ Խոսրովի արգելոցը, առհասարակ չունեն հստակ սահմաններ և կադաստրի վկայականներ, ինչի պատճառով առաջանում են կոնֆլիկտներ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Նմանօրինակ հարցերը կարգավորելու և կենսաբազմազանության պահպանությունն ամրացնելու համար իրականացվելու է «Կենսաբազմազանությունը և կայուն տեղական զարգացումը Հայաստանում» ծրագիրը։
WWF Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանի խոսքով՝ սա Հայաստանում երբևէ ամենախոշոր դրամաշնորհային ծրագիրն է։
Այս պահին ընտրվել են երեք թիրախային տարածքներ՝ «Խոսրովի» արգելոց, «Դիլիջան» ազգային պարկ և «Արփի լիճ» ազգային պարկ։ Նշված տարածքներում գնահատվում են խնդիրներն ու աջակցության հնարավորությունները։ Ծրագրի ղեկավար Կարեն Մանվելյանի խոսքով չի բացառվում նաև բնության հատուկ պահպանվող նոր տարածքի ստեղծում։
Հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի Կարմիր գրքի վերաթողարկում։ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանի փոխանցմամբ՝ Կարմիր գրքում գրանցված տեսակների ցանկը վերանայման կարիք ունի։
Այս ողջ ծրագիրն իրականացնելու համար սահմանվել է 6 տարի ժամանակ և ավելի քան 26 մլն եվրո գումար։ Հայաստանում Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանի խոսքով՝ «կանաչ» ոլորտում երկար ճանապարհ են անցել և սա խոշորագույն ծրագիրն է այս ուղղությամբ։ Նպատակ ունեն թեթևացնել պահպանվող տարածքների բեռը՝ բարելավելով հարակից համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրները։