
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ շուտով կյանքի կկոչվի բարդագույն ծրագրերից եւս մեկը՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում կհիմնվի անտառտնկարկ։
Նորքի բարձունքում քարքարոտ լանջը կանաչ կհագնի։ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը տեղեկացնում է, որ ռելիեֆը բարդ է, սակայն արդեն ունեն փորձ բարդ ռելիեֆում անտառ հիմնելու, ամբողջ աշխատանքը կատարվելու է ձեռքով։
«Ունենք բարդություններ տեխնիկայի տարածք մուտք գործելու մասով։ Փաստացի շուրջ 3 հա տարածքում աշխատանքներն իրականացվելու են ձեռքով՝ թե՛ դարավանդների ստեղծումը, թե՛ ծառերի համար փոսերի բացումը, թե՛ ոռոգման համակարգի անցկացումը։ Հաջորդ շաբաթ կմեկնարկեն սանիտարական մաքրման աշխատանքները, տարածքում կան չոր ծառեր, որոնք պետք է հեռացվեն։ Այնուհետև՝ կսկսվեն ոռոգման համակարգի բաշխման ցանցի և տունկի նախանապատրաստման աշխատանքները։ Ընդգծենք, որ նախկինում քիչ թե շատ հարթ հողերը վաճառվել են։ Հիմա Երևանին բաժին է մնացել այն հատվածքները, որոնք նույնիսկ շինարարության համար են բարդ։ Քաղաքապետի որոշմամբ՝ այլևս այս հողազանգվածքները չեն օտարվելու և նոր նախագծով հատկացված են որպես կանաչ գոտիներ։ Նորքի այգիների շուրջ 10 հա-ը կկանաչապատվի»,- ասաց Բեգոյանը։
Կարևորելով Նորքի բարձունքում նոր անտառի հիմնումը՝ Բեգոյանը նշեց, որ այն նախևառաջ անհրաժեշտ է էկոլոգիական որոշ խնդիրներ լուծելու տեսանկյունից։
«Անտառը կարևորագույն նշանակություն ունի, մասնավորապես՝ քամու հոսքերի տեղափոխման առումով։ Այս վերականգնման աշխատանքները մեծ ազդեցություն են ունենալու նաև Կենտրոն վարչական շրջանի համար՝ օդի մաքրության և այլ էկոլոգիական խնդիրների կարգավորման համար»։




