Սփյուռքի ձայնը

«Դեպի Հայք»–ում կամավորությունը՝  Հայաստան գալու առաջին քայլ. «Սփյուռքի ձայնը»

Փյունիկ Հովսեփյանը Իրանից Հայաստան է եկել «Դեպի Հայք» կազմակերպության  կամավորական ծրագրով։ Մարզիչ է և կրթությունը ստացել է Իրանում։ Փյունիկն  արդեն մի քանի ամիս է Հայաստանում է  և կամավորություն է արել նախ մարզասրահներից մեկում, իսկ այսօր աշխատում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։ Նշում է, որ զինվորների հետ աշխատանքը և՛ հետաքրքիր է, և՛ պատասխանատու։

Երիտասարդ մասնագետը ասում է, որ մինչ կամավորելը թեև 10 անգամ Հայաստան է եկել, սակայն  կամավորական և հայաստանյան  կյանքով ապրելը այլ իրականություն է յուրաքանչյուր սփյուռքահայի համար։ «Դժվարությունները շատ են, դրանք սկզբում խանգարում էին, սակայն ժամանակի ընթացքում  հաղթահարվել են։ Որոշել եմ տեղափոխվել Հայաստան», – ասում է Փյունիկը։

Ինչ վերաբերում է մեր հասարակության՝ առողջ ապրելակերպ վարելուն, ապա մասնագետը նշում է, որ հայաստանցի հասարակությունը մարզվել այնքան էլ չի սիրում, չի սիրում նաև հետևել սննդին և այլն։ «Հայաստանում այդ մշակույթը դեռևս ձևավորված չէ։ Իսկ որպեսզի  ապագայում ունենանք առողջ հասարակություն, պետք է ամեն օր մարզվել, հետևել սննդին ու քնի ռեժիմին»։

«Դեպի Հայքով» հայրենիք վերադառնալը Փյունիկի համար սկսվեց ամիսներ առաջ և մնաց հաստատակամ որոշում մինչ այսօր։ Ասում է, որ իր շրջապատում շատ հայ երիտասարդներ կան, որոնք դեռ անորոշության մեջ են՝ գալ, թե չգալ Հայաստան։ Իմ հորդորն է ՝ ծանոթանալ «Դեպի Հայք»-ին, ինչը նրանց կբերի Հայաստան՝ ապրելու կամ աշխատելու։

Կարդացեք նաև

Back to top button