Էկոսֆերա

Հրազդան գետի աղտոտվածությունը՝ վերջին 5 տարվա կտրվածքով․ «Էկոսֆերա»

Լվացքի մեքենայից մինչև հին անկողնային պարագաներ, գյուղատնտեսական և այլ թափոններ՝ Հրազդան գետում։ Այս ամենը Հրազդան գետ են նետում քաղաքացիները։ Սակայն սա դեռ ամենը չէ, գետն աղտոտված է նաև քիմիական նյութերով, որոնք թափանցում են ինչպես օդի, այնպես էլ՝ ձեռնարկությունների գործունեության արդյունքում։ Հրազդան գետի «ծանր» աղտոտվածության խնդրին կանդրադառնանք այս թողարկման ընթացքում։

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն ամփոփել է քաղաքային բնակավայրերում գետերի նստվածքների քիմիական կազմի երկարաժամկետ ուսումնասիրության արդյունքները՝ հինգ տարվա կտրվածքով։ Համաձայն ուսումնասիրությունների՝ Երևանի Հրազդան գետում հայտնաբերվել են ջրի որակի քիմիական կազմի փոփոխություններ՝ պայմանավորված տարբեր գործոններով։

ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար Գևորգ Տեփանոսյանը նշում է, որ ուսումնասիրել Գետառը նպատակահարմար չէ, քանի որ գետը մեծ մասամբ անցնում է կա՛մ թունելով, կա՛մ էլ բետոնապատ է։ Հրազդան գետի առումով իրավիճակը ևս իդեական չէ, սակայն ուսումնասիրել հնարավոր է։ Շուրջ հինգ տարվա ուսումնասիրության արդյունքներում, որը վերջերս հրապարակվել է Environmental Pollution գիտական ամսագրում, արտացոլված է հետևյալ պատկերը․

 «Գետային կազմի քիմիական նստվածքների վերաբերյալ մոտավորապես 15-17 քիմիական տարրեր՝ ելնելով կոնկրետ տեղամասից հայտնաբերվել են կամ որոշ դեպքերում ՝ ոչ։ Մենք պատրաստվում ենք շարունակել հետազոտությունը, քանի որ համոզվեցինք՝ գոյություն ունեն քիմիական տարրեր, որոնք տեղանքին բնորոշ են և էական փոփոխություն պարունակություններում տեղի չի ունենում, սակայն տարիների ընթացքում փոփոխվում են ոչ բնորոշ, օրինակ՝ կապարը, մոլիբդենը, պղինձը, ցինկը, տեսնում ենք տարիների կտրվածքով փոփոխություններ։ Մասնավորապես՝ կապարը, որը շուրջ տարի առաջ ավելի բնորոշ էր քաղաքի տարածքում, ներկայում ավելի բնորոշ է հողային միջավայրին։ Առաջնային դիրք է գրավում մոլիբդենը, որը պայմանավորված է Երևանում ինչպես տրանսպորտի քանակի ավելացմամբ, այնպես էլ՝ արդյունաբերական գործարանների գործունեությամբ»։

Թե ո՞ր ժամանակահատվածում, ո՞ր քիմիական տարրն է գերակշռում, դժվար է ասել, սակայն ակնհայտ են շրջակա միջավայրին և, հատկապես, մարդու առողջությանը հասցվող վնասները․

«Կապարն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Օրինակ՝ երեխաների մոտ կապարի որոշակի քանակություն անցնելով գլխուղեղ կարող են թերզարգացվածություն  առաջացնել։ Լիահույս եմ, որ մեր մոտ այդ մարակարդակը չէ։ Ավելի մանրամասն բացահայտելու համար, թե կոնկրետ թիրախային ո՞ր օրգանիզմի վրա ինչպես է ազդում, անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։ Որոշ հատվածներում ձուկ են որսում, օրինակ՝ Հրազդանում։ Թե ի՞նչ քանակությամբ են որսում, տեղեկություն չունենք, սակայն ձկները ևս տոքսիկ տարրերի կուտակիչներ են և կարող են վտանգավոր լինել», ասաց Գևորգ Տեփանոսյանը։

Հրազդան գետի աղտոտման պատճառները տարբեր են. ոչ միայն արդյունաբերությունն է, այլև քաղաքացիների անփույթ վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։

«Եթե խոսենք Երևանից դուրս, Հրազդան գետը մինչև Արաքս հասնելը վերածվում է գյուղատնտեսական թափոնների աղբավայրի․․․»։ Գյուղատնտեսական թափոններից, կոշտ կենցաղային աղբից զատ, այլ անպիտան իրեր գետ նետելու քաղաքացիների երևակայությունն անսահման է։ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն ասում է․

«Գետն այն բարիքն է, որից օգտվում ենք բոլորս։ Որքան քիչ ռեսուրս ծախսենք այն մաքրելու ուղղությամբ, այդքան այլ ուղղություններով կիրականացվեն աշխատանքները։ Եթե տեսնեք, թե ինչե՞ր են թափվում գետ, առնվազն ապշահար կլինեք, լվացքի մեքենայից մինչև հին անկողնային պարագաներ։ Այսինքն՝ պլաստիկ շշերն ամենանվազագույնն է»։

Այժմ քաղաքային իշխանությունն աղբաորսիչ ցանցեր է տեղադրում՝ կենցաղային թափոնների հավաքման համար, Սիրարփի Հայկազյանի խոսքով՝ հոկտեմբեր ամսվա վերջին կունենանք գործող ցանցեր։

«Գետառի վրա ջրերի  մաքրման կայան ենք տեղադրելու։ Այն իրենից ենթադրում է աղբաորսիչ ցանց, որը կլուծի մեծ և փոքր տրամաչափի աղբի հեռացման խնդիրը։  Միևնույն ժամանակ Հրազդան գետի վրա երկու հատվածքում տեղադրում ենք երկու աղբաորսիչ ցանցեր, որոնք կուտակված աղբը կտեղափոխեն հատուկ կառուցված կուտակման վայր, որտեղից էլ աղբը կհեռացվի»,- ասաց Սիրարփի Հայկազյանը։

Ինչ վերաբերում է կոյուղաջրերով աղտոտման խնդրին, որի հետևանքով բավական վտանգավոր նյութեր ներթափանցում են Հրազգան գետ, Հայկազյանն ասում է, որ նախատեսվում է կոյուղու մաքրման կայանի կառուցում, որն այժմ նախագծման փուլում է։

«Հիմա աշխատում ենք Հրազդանի ողջ կիրճի երկայանքով կոյուղու կոլեկտորի կառուցման ուղղությամբ։ Կրկնում եմ՝ սա մեր խնդիրը չէ, «Վեոլիա ջուր»  ընկերության ենթակայության տակ է, սակայն քաղաքապետի քաղաքական կամքի առկայությամբ, առաջիկայում կմեկնարկի  նախագծման փուլը ։ Այս աշխատանքները կտևեն 5-6 ամիս, որից հետո կհասկանան ի՞նչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ»։

Իհարկե պայքարի լավագույն մեթոդը չաղտոտելն է։ Այսուհանդերձ, քաղաքային իշխանությունը կոչ է անում բնակչությանը մասնակից դառնալ քաղաքի կառավարմանը՝ ձեր իսկ առօրյա գործողություններով։  

Back to top button