
Ադրբեջանը հերթական անգամ մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայանպաստ դիրքորոշման համար։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, որ ՄԱԿ-ի ամբիոնից Մակրոնի խոսքերը «Ֆրանսիայի կողմնակալ հայանպաստ մոտեցման ևս մեկ օրինակ են ինչպես մեր երկրի, այնպես էլ ընդհանուր առմամբ խաղաղ գործընթացի նկատմամբ»:
Մակրոնը նախօրեին վերահաստատել էր իր աջակցությունը Հայաստանին՝ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարելով, որ «Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին, որը գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ»:
Ըստ խոսնակի՝ «անընդունելի է, որ Ֆրանսիան, որը լայնորեն զինում է Հայաստանին՝ նախապատրաստելով ռևանշիզմի, միաժամանակ մեղադրում է Ադրբեջանին»։ «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել Ֆրանսիայի վնասակար գործողությունները մեր տարածաշրջանում՝ հաշվի առնելով, որ նրա արտաքին քաղաքականությունը ձախողվել է աշխարհի շատ տարածաշրջաններում»,-հավելել է Հաջիզադեն։




