ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հոսանքին հակառակ․ անասնաբուժական միակ փորձագետն ու գինեգործը․ ագրոոլորտի շնչառությունը բացվո՞ւմ է

Կառավարությունը սեպտեմբերի 5-ին որոշեց ամսական 70-77 հազար դրամ  կրթաթոշակ տրամադրել ագրոլորտն ընտրած 220 ուսանողի։ Նպատակը ագրոոլորտով հետաքրքրվածների թիվը մեծացնելն էր, պատճառը՝ պետության համար առաջնահերթ ոլորտում մասնագետների պակասը։ Ագրարային համալսարանի որոշ կրթական ծրագրերում՝ օրինակ գինեգործության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության բաժիններում մեկ ուսանող կա, որոշ ծրագրեր էլ համալրվել են կրթաթոշակներ տրամադրելու որոշումից հետո միայն։

Սպիտակ չոր գինի․ Կատյան չընտրված համեր ու մասնագիտություն է ընտրել

«Ես շատ մեծ պլաններ ունեմ իմ ապագայի հետ կապված և պատրաստվում եմ իմ արտադրամասը ունենալ ու հենց իմ գինին արտահանել աշխարհ»։ 

Հայկական գինու սիրահար աղջիկը ռուսական հնչողությամբ անուն ունի։ Արդեն որոշել է՝ ստեղծելու է հայկական էնդեմիկ գինու տեսակ, բրենդավորելու է և տարածելու աշխարհում։ Հաջող կարիերա ունենալու քայլերի հերթականությունը գիտի, բայց անուն դեռ չի որոշել, ընկերներն ամեն օր հուշում են՝ իր անունով պիտի կոչել բրենդը, բայց աղջիկը որոշել է՝ շշից ու փաթեթավորումից սկսած ամեն ինչ պիտի հայկական լինի։

« Չգիտեմ՝ ինչ են մտածել ծնողներս իմ անունը դնելիս, բայց ինձ շատ ցավ է պատճառում, որ այն ռուսական ծագում ունի, իսկ ես ուզում եմ, որ էդ ամենը լրիվ լինի հայկական ու չգիտեմ Կատյա անունով հայկական գինի, որը ռուսական է հնչում, շատ խառնաշփոթ կլինի, դրա համար այլ տարբերակներ կմտածեմ»։ 

17 տարեկան Կատյան գինու առաջին փորձարկումները իրենց տանն է արել, հիշում է՝ հատկապես Զատկի սեղանի շուրջ ամենից շատ տպավորվում էր գինուց, փորձում բոլոր տեսակները, ծնողները սկզբում արգելում էին շատ խմել, հետո գինին դարձավ ապրելակերպ, ոգեշնչման աղբյուր ու մասնագիտություն։ 11-րդ դասարանում արդեն հստակ էր՝  պիտի գինեգործ դառնա։

«Ճակատագրական եղավ Ագրարային այցը, որովհետև եկա, ծրագրերի մասին իմացա ու մեկ էլ լսում եմ Գինեգործության ֆակուլտետ․․․ աչքերս փայլում են»։

Հայաստանն ասոցացվում է խաղողի հետ, խաղողը՝ գինու։ Կատյան վստահ է՝ աշխատանքի խնդիր չի ունենա, ոլորտը շատ արագ է զարգանում։ Գինու փառատոնների ու այս  թեմայով համաժողովների պակաս  չկա՝ հակառակ գինեգործ դառնալ ցանկացողների պակասին։ Կատյան Ագրարային համալսարանի Խմորման արտադրության և գինեգործության բաժնի միակ առաջին կուրսեցին է․

«Իրազեկվածության խնդիր կա, որովհետև շատերը իմ պես չգիտեին, որ գինեգործություն կարելի է համալսարում սովորել, ու միանշանակ հիմա բոլորը ֆիքսված են, նույնիսկ տատիկները որ լսել են ծրագրավորող, իրենց թոռնիկներին խրախուսում են, որ թոռնիկս մեծանա,  ծրագրավորող դառնա, որովհետև դրա մեջ շատ գումար կա ու էդ կարծրատիպը մանավանդ մարզերում շատ կա, որ եթե դու ուզում ես հաջողակ դառնալ, ինչ որ բիզնեսներ ունենալ, կամ կայացած մեկը լինել , պիտի տնտեսագիտության կամ ՏՏ ոլորտում լինես։»

Գինեգործության կթական ծրագիր ունի միայն Ագրարային համալսարանը։ Կատյան ֆիզիկայի ու մաթեմատիկայի քննություններ է հանձնել ընդունվելու համար, ասում է՝ կարծում էր վճարովի համակարգում կսովորի՝ բարձր գնահատականներ չէր ստացել․

«Ու մեկ էլ բացում եմ էդ նամակը, տեսնում եմ անվճար է գրված, ուրախությունից այնքան էի լարվել, չէի կարողանում խոսել, հեռախոսս ուղղակի տարել մամային պապային եմ ցույց տալիս, իրենք էլ էին զարմացել, որովհետև այնքան էլ լավ միավորներ չէի ստացել, հետո գալիս եմ համալսարան՝ մի հատ էլ կրթաթոշակ, ասում եմ՝ ոնց հերիք չի անվճար եմ սովորում, մի հատ էլ կրթաթոշակ»։ 

Այժմ Կատյան Պարենամթերքի ֆակուլտետի մյուս բաժինների ուսանողների հետ է անցկացնում դասերը, ասում է՝ կրթաթոշակը պետք է հատկապես աշխատող ուսանողներին, որ ֆինանսական ծախսերը հոգալու փոխարեն կրթության մասին մտածեն։ Մասնագիտական առարկաներ առայժմ չի ուսումնասիրում, բայց գինու սիրահարներին մի քանի չմոռացվող համեր հուշում է․

 «Ես նախընտրում եմ սպիտակ չոր գինին՝ ինչ-որ խորտիկների հետ, պանրի տեսականու հետ, իրականում պանիրը գինու բոլոր տեսակների հետ շատ լավ է լինում, բայց սպիտակ չոր գինու հետ շատ յուրահաըուկ համ է լինում»։

Մասնագիտություն՝ կենդանիների ու մարդկանց մասին․ անասնաբուժական միակ փորձագետը

«7-րդ դասարանից սկսեցի կենսաբանություն ուսումնասիրել, կամաց-կամաց էդ մտքին էի հանգում, որ այս ուղղությամբ ավելի կխորանամ և արդեն կկատարելագործվեմ համալսարանում»

Արցախի Մարտունի քաղաքի կենդանիների նկատմամբ հետաքրքրվածությունն Արենին բերեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժության ֆակուլտետի  անասնաբուժական սանիտարական փորձաքննության բաժին․

«Անասնաբուժությունն էլ է շատ հետաքրքիր, բայց ինձ հետաքրքիր է հենց սանիտարական փորձաքննությունը, որովհետև սանիտարական փորձաքննությունները, որոնք կատարվում են կենդանիների վրա, ինձ ավելի է հետաքրքրում։ Հենց օրինակ,  որ շուկայում հիվանդ կամ անորակ կենդանուց միս կամ այլ բաներ են վաճառում»։

Որ սպառողին միայն որակյալ մսամթերք հասնի, իսկ կենդանիների պահման պայմանները լինեն սահմանված չափանիշներին համապատասխան, ոլորտը հմուտ մասնագետներով պիտի համալրվի։ Արենն ասում է՝ մասնագիտությունը պահանջված էր նաև Արցախում, բայց չկային մասնագետներ․

«Հիմիկվա երիտասարդությունը ընտրում է իրավագիտություն կամ տնտեսագիտության ոլորտից մասնագիտություններ։ Երբ արդեն եկավ այն փուլը, երբ պիտի ընտրություն կատարեի մասնագիտության, կոնկրետ իմ շրջապատը խրախուսեց իմ որոշումը»։ 

Ապագա փորձագետը հետաքրքրված է նաև տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, այս տարի միայն ինքն է ընտրել այս մասնագիտությունը, կրթաթոշակի մասին իմացել է  ընդունվելուց հետո․

«Ես կրթաթոշակի համար չեմ ընտրել այս ոլորտը, բայց միևույն ժամանակ շատ եմ կարևորում կրթաթոշակները։ Դա արվում է նրա համար, որ  կա պահանջարկ, բայց մասնագետները քիչ են, դա ավելի կխրախուսի մեզ՝ ուսանողներիս»։

Կատյա Մանուկյանն ու Արեն Ղահրամանյանն ընտրել են պետության համար առաջնահերթ մասնագիտություններ։

Անհրաժեշտ ներարկումներ․ մեռնող ոլորտի շնչառությունը կբացվի՞

«Բոլոր կրթական ծրագրերը, որ Ագրարայինում առաջարկվում են,  Հայաստանում հիմնականում միակն են»։

Այս հանգամանքը, սակայն ավելի գրավիչ չի դարձնում ագրոոլորտը։ Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանն ասում է՝ ժամանակին մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները պակաս գրավիչ դարձան երկու պատճառով ՝ առաջինը հողամասեի և գյուղոլորտի այլ տնտեսությունների մասնավորեցումն էր, երկրորդը՝ ագրոպարենային ոլորտում արտադրողականության նվազումը․

«Երբ տեղի ունեցով գյուղատնտեսության և այլ արտադրամիջոցների սեփականաշնորհում և նախկինում գործող տնտեսությունները կազմալուծվեցին, բնականաբար հաստիքով աշխատող մասնագետների պահանջարկը կտրուկ պակասեց, բայց նաև մի քանի այլ իրադարձություններ  եղան, երբ հողի սեփականատերերը լիովին ինքնուրույն  են իրոենց որոշումները կայացնելու մեջ, և երբ հարցնում ենք ձեր կարիքների մեջ ի՞նչն է ամենաընդգծվածը, ի՞նչն է պակասում, հիմնականում հնչում  է գումարը»։

Մարդը, ծախսելով մեկ ժամ ագրոպարենային ոլորտում, ստեղծում է մի քանի անգամ ավելի քիչ արտադրանք, քան մեկ այլ ոլորտում՝ ասում է Զաքոյանը։ Գյուղատնտեսությունը առավելապես հիմնված է մասնավոր սեփականությունների վրա, իսկ սեփականատերերը հաճախ չեն ներգրավվում մասնագետների, արդյունքում՝ ոլորտն անկում է գրանցում։ Համալսարանը փորձում է արագ արձագանքել ժամանակակից փոխակերպումներին, 2 տարի առաջ նորագույն տեխնոլոգիաների  ներդրմամբ ստեղծվեց  Ճշգրիտ գյուղատնտեսություն մասնագիտությունը․

«Ճշգրիտ գյուղատնտեսության դիմորդների թիվը անցյալ և նախանցյալ տարի եղել է զրո, և մեր կասկածները մոտենում էին համոզմունքի՝ մարդիկ մեծամասամբ չգիտեն, թե ինչ է ճշգրիտ գյուղատնտեսությունը։ Այս տարի դրական տեղաշարժ նկատվեց, կենտրոնացված քննություններով ունեցանք 3 ընդունվող, միևնույ ժամանակ ԿԳՄՍ-ի ընձեռնած հնարավորությամբ առկա համակարգով Ճշգրիտ գյուղատնտեսությամբ սովոողների թիվը հասավ 25-ի»։

Այս տարի բակալավրիատում առաջին անգամ է կազմակերպվել այս կրթական ծրագիրը, բայց նախորդ տարիներին մագիստրատուրայում  մի քանի ուսանողներ եղել են։ Զաքոյանն ասում է՝ սկզբում դասախոսել են եվրոպացի գործընկերները։ Համալսարանը նաև ուսանողների ու գործատուների միջև անմիջական կապ է ստեղծում։ Մեկ կիսամյակ համալսարանում դասի գալու փոխարեն նրանք աշխատում են տարբեր կազմակերպություններում։

«Այդ կիսամյակի ընթացքում ուսանողներին հնարավորություն ենք տալիս տարբեր գործատուների մոտ մեկ կիսամյակ անցկացնել, ծանոթանալ տեխոլոգիաներին, հասկանալ դրանց օգտագործման նրբությունները և բնականաբար դրսևորելով իրենց որակները՝ մինչև դիպլոմ ստանալն ունենում են աշխատանքային առաջարկ»։

Հրաչյա Զաքոյանը

Հակառակ տարածված կարծիքին՝ Հրաչյա Զաքոյանն ասում է՝ համալսարանում գյուղաբնակ և քաղաքաբնակ ուսանողների թիվը հավասար է, իսկ վերջին երկու տարիներին ընդունվողների աճ է նկատվում։

«Վերջին մի քանի տարիներին անկում արձանագրվեց, բայց անցած և այս տարիներին համեմատած նախանցած տարվա հետ, աճի միտում ենք արձանագրում։ Դիմում են ավելի քիչ, ընդունվում ավելի շատ, այս ամենը պիտի ընկալվի  ոչ թե բավարար է այլ համեմատության մեջ աճ, բավարարին հասնելու համար դեռ շատ գործ ունենք անելու»։

Եթե 2 տարի առաջ համալսարան դիմածների 20 տոկոսն էր հաղթահարել ընդունելության շեմը, ապա անցած տարի այս ցուցանիշն արդեն 36 է դարձել, այս տարվա արդյունքները դեռ ամփոփվում  են, բայց հաշվի առնելով կրթաթոշակների արդյունքում հետաքրքրության աճը՝ դրանք վերջին տարիների կտրվածքով ամենաբարձրն են լինելու՝ ասում է Զաքոյանը։

Կարդացեք նաև

Back to top button