ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Որ ջահելները սիրեն ագրոոլորտը․ գյուղատնտեսության շնչառությունը բացող ներդրումներ գործադիրից

Կառավարությունը 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրի Հայաստանի ազգային ագրարային համալսարանում սովորող 220 ուսանողի։ Նպատակը ագրոոլոտով հետաքրքրվածների թիվը մեծացնելն է, պատճառը՝ պետության համար առաջնահերթ ոլորտում մասնագետների պակասը։ Այս տարի Ագրարային համալսարանի առկա համակարգի 18 մասնագիտություններից վեցում դիմորդներ չեն եղել, իսկ, օրինակ, անասնաբույժի մասնագիտությունն ընտրել է մեկ ուսանող։

«Մի քանի տասնյակ անասնաբույժների կարիք ունենք»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի զգուշացնում է՝ եթե երիտասարդները շարունակեն շրջանցել ագրոոլորտը, շուտով Հայաստանը գյուղատնտեսություն չի ունենա:

«Ոլորտի մասնագետները կամ հրավիրյալներ են, կամ կենսաթոշակի անցածներ, կամ կենսաթոշակին մոտ մարդիկ, և եթե արագ չլուծենք խնդիրը, մի ինչ-որ պահից գյուղատնտեսությունը մեզ մոտ ուղղակի կանգ կառնի կամ էական կդանդաղի»։

Գյուղատնտեսական ոլորտի մասնագետ չունեցող հաստիքների աշխատավարձը միջինից կրկնակի, եռակի, երբեմն՝ քառակի բարձր է՝ ասում է  նախարարը, բայց հետաքրքրվածություն չկա։ Փոխարենը՝ տնտեսության այլ ճյուղերից հաճախ ներդրողները գնում են գյուղատնտեսական ոլորտ։

«Վերջերս նկատվում է հետաքրքրիր տենդենց՝ տնտեսության այլ ճյուղերից գումարները գնում են դեպի գյուղատնտեսություն, այսինքն՝ մարդիկ, որոնք հաջողություննների են հասել օրինակ ծառայությունների կամ առևտրի ոլորտում, ներդրումներ են անում գյուղատնտեսության մեջ և սա նշանակում է՝ իրենք պիտի ապավինեն այլ մասնագետների, որովհետև իրենք այդպիսի գիտելիքներ չունեն»։

Որ ոլորտը չմեռնի, պետությունը մի քանի ուղղություններով «բացում է» շնչառությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է հատկապես ինտենսիվ այգեգործության զարգացումը, հանրապետությունում հազարավոր հեկտարներով նոր այգիներ են ստեղծվում, ասում է, բայց ներդրողները ստիպված դիմում են արտերկրա մասնագետներին, որոնց ժամավճարի գներից վարչապետն անկեղծորեն զարմացած է։

«Իհարկե, մենք նոր ենք գլխի ընկել, բայց օրինակ գյուղատնտեսության ոլորում մի շարք մասնագիտությունների ժամավճարներ գույություն ունեն, որ նույնիսկ եթե անկեղծ ասեմ՝ մինչև վերջ չես հավատում, ասենք օրինակ ժամը 700 եվրո, ժամը 800 եվրո և էդպես շարունակ, մյուս կողմից, եթե նրանց վարձելը մի ժամ, երկու ժամ, մի օր հասու է ներդրողներին, 365 օր հաստատ հասու չէ»։

Թե ինչու ջահելներին չի հետաքրքրում ագրոոլորտը՝ հետազոտություններ չկան, կամ առնվազն չեն հասել կառավարություն՝ ասում է Փաշինյանը։ Սեփական փորձի ու ժամանակակից միտումների հիմնավորմամբ բացատրում է։

«Էն մասնագիտությունները, որոնք PR-ի չեն ենթակվում, իրենց մասին մենք չգիտենք։ Այսինքն՝ կա մասնագիտական մոդա հասկացություն»։ 

Որ ագրոոլորտը առանց PR-ի զարգանա, օտարերկրա մասնագետներին վարձելու ծախսերն էլ նվազգույնի հասնեն, կառավարությունը Ագրարային համալսարանի 220 ուսանողի ամսական 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտա։ Որոշումը կվերաբերվի այս տարի ընդունվածներին․ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան․

«Մասնավորապես առաջարկում ենք ներառել մի շարք մասնագիտություններ պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում, դրանք ռազմավարական նշանակության մասնագիտություններն են՝ անասնաբուժության, անասնաբուժական սանիտարական  փորձաքննության, ագրոնոմիայի, որտեղ ներառված է օրգանական գյուղատնտեսության, ջերմատնկային, ագրոտեխնոլոգիայի, բույսերի պաշտապանության ոլորտները, անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատման , անասնաբուծության, կենդանագիտության, կենսատեխնոլոգիայի, պարենամթերքի տեխնոլոգիայի, խմորման արտադրության տեխնոլոգիայի, գինեգործության, սննդամթերքի անվտանգության և ճշգրիտ գյուղատնտեսության ոլոտները»։ 

Կախված առաջադիմությունից՝ կփոխվի կրթաթոշակի ամսական գումարը՝ նվազագունը 70, առավելագույնը՝ 77 հազար դրամ։ Այս տարի կրթաթոշակ կստանան թվարկված մասնագիտացումներով ընդունված բոլոր ուսանողները, հաջորդ տարվանից միայն նրանք, որոնց ՄՈԳ-ը կգերազանցի 80 տոկոսը։ Կառավարությունը նույն տրամաբանությամբ նախորդ տարի էլ կրթաթոշակներ էր տրամադրել մանկավարժական ծրագրերի բնագիտական ուղղություններին։ Նախարարն ասում է՝ որոշումից հետո այդ ուղղություններով ընդունվածների աճ է արձանագրվել։

«Մասնավորապես, եթե 2022-ին բակալավրի և մագիստրատուրայի կթական ծրագրերով ունեցել էինք 124 ուսանող, 2023-ին շուրջ երկու անգամ աճ է գրանցվել՝  251 ուսանող, 2024-ին՝ 304 ուսանող, որը շուրջ 2․5 անգամ ավել է 2022-ի նկատմամբ»։ 

Կրթաթոշակներից բացի, նախարարությունը սովորողների հետաքրքրությունը խթանելու այլ լուծումներ է գտել։ Ագրարային համալսարանի հետ հանրակրթական բարձր դասարանների համար մշակվել է «Ագրոտեխնոլոգիա» առարկան, որի միջոցով ոլորտի կարևորումը կսկսվի դպրոցից։

Այս տարի Ագրարային համալսարանի առկա համակարգի 18 մասնագիտությունից վեցը՝ օրինակ, հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտությունը, ագրոէկոլոգիան, կենդանագիտություն և կենսատեխնոլոգիան, բույսերի պաշտպանությունը, մեքենասարքավորումների ճարտարագիտությունը, թափուր են մնացել։ Մի քանի տասնյակ անասնաբույժների պահանջին  հակառակ՝ անասնաբույժի մասնագիտությունն ընտրել է մեկ ուսանող։ Ամենաշատ առաջին կուրսեցի ունի «Ագրոբիզնես և ֆինանսներ» բաժինը՝ 26 ուսանող։

Կարդացեք նաև

Back to top button