
Ջերմուկում տեղի է ունեցել այլընտրանքային զարգացման ֆորում։ Ֆորումի մասնակիցները հանդես են եկել մամուլի ասուլիսով և նշել՝ ֆորումի նպատակն էր ոլորտներում գործունեություն ծավալած անհատների հետ քննարկումների արդյունքում վեր հանել Ջերմուկի խնդիրները և լսել բնակիչների առաջարկները։
Ջերմուկի այլընտրանքային զարգացման աշխատանքային խմբի համակարգող Շիրակ Բունիաթյանը, խոսելով շուրջ 15 կետից բաղկացած առաջարկներից, նշեց,որ դրանք հիմնականում վերաբերում են զբոսաշրջությանն ու գյուղատնտեսությանը։
Իր հերթին իրավապաշտպան, համայնքային զարգացման փորձագետ Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ փորձում են ստեղծել կապ՝ հյուրանոցային և գյուղական տնտեսությունների միջև, որպեսզի Ջերմուկում արտադրված գյուղմթերքը սպառվի տեղում, ինչը համայնքի կայուն զարգացման բաղադրիչ է։
Երբ խոսվում է համայնքային այլընտրանքային զարգացման մասին, պետք է նկատի ունենալ, որ այն որոշվում է քաղաքային իշխանությունների կողմից։ Քաղհասարակության զարգացման և ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանը նկատում է, որ համայնքների իրական զարգացում կարող է լինել այն ժամանակ, երբ դրա վերաբերյալ քննարկումներին, քաղաքական որոշումների ընդունմանը մասնակցում են մարդիկ, որոնք պետք է քաղեն այդ զարգացման արդյունքները։




