
Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ը նշում է Հայաստանում իր գործունեության 10-ամյակը։ Կազմակերպության ներկայացուցիչներն ասում են, որ այդ ընթացքում հաղթահարել են մի շարք մարտահրավերներ, ունեցել բազմաթիվ ձեռքբերումներ։
Վերջին տասը տարիներում ընկերության ֆոնդերը տարեկան միջինը 30-40 տոկոս աճ են ունեցել։ Գումարների 66 տոկոսը Հայաստանում է ներդրվել։ Մասնակցելով Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացմանը ՝ ընկերությունը կառավարում է շուրջ 517 մլրդ դրամի ակտիվներ, որոնք պատկանում են 495 հազար մասնակիցների։
«Ցե-կվադրատ» և «Ամունդի-ակբա». այս երկու ընկերությունների կառավարմանը հանձնված ֆոնդերում են ՀՀ քաղաքացիները 2014-ից սկսած կուտակում իրենց կենսաթոշակները: Ժամանակին մեծ աղմուկ հանած կուտակային կենսաթոշակային համակարգն արդեն 10 տարեկան է։ Օրենքի պահանջով՝ ֆոնդերը ղեկավարող ընկերությունները այդ գումարները պետք է ներդնեն Հայաստանի ներսում, այլ կերպ ասած դրանց 60 տոկոսը պետք է ներդրվի դրամով։ Սա ոչ միայն ֆինանսական անկախություն է ենթադրում, այլև ֆինանսական շուկայի զարգացմանն է նպաստում։ Միայն «Ամունդի-ակբայի» կառավարմանը հանձնված 3 ֆոնդերի ակտիվները միասին կազմում են 517 մլրդ դրամ։ Ընկերության փոխտնօրեն, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը դրական եկամտաբերություն է արձանագրում։ Այս տարվա սկզբից ֆոնդերն աճել են 100 մլրդ դրամով, եկամուտը կազմել է 34 մլրդ դրամ։
«Վերջին տասը տարին հեշտ չի եղել կենսաթոշակային ֆոնդերի համար՝ տատանողականության առումով։ Այսօր կարող ենք հստակ ասել, որ ֆոնդերը կենսունակ են գտնվել, անցնելով բազմաթիվ շոկերի միջով։ Օգոստոսի դրությամբ ընկերության կողմից կառավորվող երեք կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները միասին կազմել են 517 մլրդ դրամ։ Վերջին տասը տարիների ընթացքում տպավորիչ աճ է եղել։ Միջին հաշվով, տարեկան ֆոնդերն աճել են 30-40 տոկոսով։ Հետաքրքիր է, որ 517 մլրդ-ի շուրջ 20 տոկոսը ձևավորվել է կառավարման արդյունքում, դրանք ներդրվել են և Հայաստանում, և Հայաստանից դուրս, գեներեցրել են եկամուտ, որը կազմում է 107 մլրդ դրամ»։
Արտասահմանյան ներդրումները ընդհանուր ներդրումների 34 տոկոսն են կազմում։ Դրանք արվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում գրանցված ընկերություններում, ինչպիսիք են, օրինակ՝ Apple-ն ու Amazon-ը։
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանն էլ հայտնեց, որ գործունեության 10 տարիների ընթացքում ընկերությունը բավական աշխատանքներ է իրականացրել Հայասանի ֆինանսական շուկան զարգացնելու համար և այսօր արդեն վստահությամբ կարող է հայտարարել, որ համակարգը հաջողել է։
«Հայ ժողովուրդը պետք է վստահ լինի իր ապագայի հարցում, քաղաքացին պետք է վստահ լինի, որ կենսաթոշակային տարիքում նորմալ թոշակ կստանա»։
Ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ բազմաթիվ մարտահրավերներ են հաղթահարել՝ Հայաստանի ակտիվների կառավարման ոլորտի թափանցիկությունն ու զարգացումը խթանելու ուղղությամբ, զգալի աշխատանքներ են իրականացրել նաև այնպիսի գործիքների ներդրման ուղղությամբ, որոնք նպաստում են արտարժութային ռիսկերի կառավարմանը:
Անդրադառնալով 2022-ի առաջին երեք եռամսյակներում «Ցե-կվադրատ» և «Ամունդի-ակբա» կառույցների կողմից կառավարվող երեքական կենսաթոշակային ֆոնդերի գրանցած բացասական եկամտաբերությանը, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը հավաստիացրեց, որ դա լրջագույն մարտահրավեր էր, որն արդեն անցյալում է։
«Ֆոնդերում բացասական ցուցանիշը պայմանավորված էր 2022 թվականին առաջին երեք եռամսյակներում արձանագրված բացասական եկամտաբերությամբ։ 4-րդ եռամսյակից մինչև այսօր ամբողջությամբ դրական ցուցանիշներ ունենք։ Շատ քիչ հավանական է, որ ներկայումս որևէ մասնակից կունենա բացասական կենսաթոշակային հաշիվ։ Ամեն դեպքում, եթե նման քաղաքացի կա, կառաջարկեմ հետքերով գնա՝ պարզելու խնդիրն ինչում է»։
Ինչ վերաբերում է կենսաթոշակային համակարգից արցախցիների օգտվելու իրավունքներին և հնարավորությանը՝ Հրայր Ասլանյանը հայտնեց, որ արցախցիների համար հունիսին հատուկ կարգավորում մտցվեց, ըստ որի նրանք 3 ամիս ժամանակ կունենան իրենց կուտակած կենսաթոշակները Հայաստանի կենսաթոշակային համակարգ տեղափոխելու համար։ Հակառակ դեպքում համակարգն ավտոմատ կմարի այդ անձանց միջոցները նախկին համակարգում և կմիավորի հայաստանյան համակարգին։




