Սփյուռքի ձայնը

Համաշխարհային հայկական գագաթնաժողովը՝ անկեղծ երկխոսելու հարթակ. «Սփյուռքի ձայնը»

Սեպտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվում է «Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը»: Տարբեր երկրներից Հայաստանում գտնվող հայ և օտարազգի քաղաքական, հասարակական գործիչները, գործարարները և կրթության ու մշակույթի ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ անցկացվող գագաթնաժողովի շրջանակներում երկխոսելու, ծանոթանալու քննարկումներ ծավալելու հնարավորություն ունեն:

Պանելային քննարկումների առանցքում են Հայաստանի և Սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. այս կարևոր հարցերի շուրջ են գագաթնաժողովին մասնակցող Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների քննարկումները:

Աշխատանքային առաջին օրը Հանրապետության վարչապետի հետ մասնակիցների հանդիպմամբ ու հարցուպատասխանով սկսվեց: Իսկ սփյուռքահայերից շատերին հուզող հարցերը հիմնականում Հայաստանի անվտանգությանը, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ու Սփյուռքի հետ գործակցելու մասին էին:

Գագաթնաժողովի մասնակիցներից Նարինե Գաբրիելյանը Շվեդիայից է: Գագաթնաժողովին մասնակցում է ընտանիքի երկու անդամների հետ: Ձեռնարկատեր է և կարծում է, որ այսօր Հայաստանի անվտանգությունը պայմանավորված է նաև ընտանիքների կայունությամբ ու ամրությամբ:


Նարինեի դուստրը` Անուշ Մուրադյանը, քաղաքագետ է: Երիտասարդ մասնագետը Շվեդիայում քաղաքացիական քաղաքագիտություն ուղղությունն է նախընտրել և վստահ է, որ այդ ուղղության ներդրումն ու առաջընթացը Հայաստանում կօգնեն շատ խնդիրներ հաղթահարել ու լուծել. «Շվեդիան, որն այսօր տարածաշրջանային և այլ խնդիրներ չունի, այնուամենայնիվ քաղաքացիական զարգացվածության ծրագրեր է իրականացնում`բարդ իրավիճակների դեպքում բնակչությանը պատրաստված և կայուն պահելու համար»:

Օրվա պանելային քննարկումներից մեկը վերաբերում էր Արցախից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությանը: Շվեյցարիայից Դավիթ Մուրադյանը ֆինանսական իրավաբան է, աշխատում է շվեյցարական բանկերից մեկում: «Իրավաբանների ֆորումից հետո մենք կազմել ենք մի խորհրդատվական և աշխատանքային խումբ և այսօր միմյանց հետ աշխատում ենք տարբեր իրավական ուղղություններով: Արցախցիներին վերաբերող բազմաթիվ խնդիրների մասին փաստաթղթեր`վերաբերող անձնագրերի ստացմանը, գույքի ու ունեցվածքի փոխհատուցմանը և այլն, արդեն կազմվել են և  ներկայացվել  ու շարունակում ենք ներկայացվել  տարբեր միջազգային դատարաններում»:

Հայաստանը Սփյուռքում և Սփյուռքը Հայաստանում պետք է դառնան օրակարգային թեմաներ՝ ունենալով առավելագույն մասնակցություն համահայկական իրականության զարգացման բոլոր գործընթացներում. սրանք գագաթնաժողովի կարգախոսներից են:

Կարդացեք նաև

Back to top button