«Մեկ տարի առանց Արցախի». ներկայացվել է կորուստների վիճակագրությունը
Լեռնային Ղարաբաղում մոտավոր հաշվարկներով մնացել է 100 մլրդ դոլարի գույք. այս տվյալը «Մեկ տարի առանց Արցախի» խորագրով համաժողովում հայտնել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն» հիմնադրամի հումանիտար հետազոտությունների ղեկավար Արմեն Սարգսյանը։ Քննարկման մասնակիցները խոսել են տարբեր հարթակներում արցախցիների իրավունքներն իրացնելու ռազմավարության մասին՝ ընդգծելով, որ կորուստների և հասցված վնասների փոխհատուցման համար դրանք պետք է չափելի ու հիմնավորված լինեն։
Արցախի բռնի հայաթափումից մեկ տարի անց կազմակերպված համաժողովում ներկայացնելով նյութական կուրուստների վիճակագրությունը՝ Արմեն Սարգսյանը շեշտում է՝ հեռու են այն մտքից, որ ներկայացվածը կորուստների ամբողջ ծավալն է։
«Բայց սա սկիզբն է։ Մենք վստահ ենք, որ առաջիկայում տարբեր կազմակերպություններ, տարբեր օղակներ կսկսեն ավելի խորությամբ վերլուծել այս վիճակագրությունը, որը շատ անհրաժեշտ է միջազգային հարթակներում հանդես գալու համար»։
Լեռնային Ղարաբաղում մնացել են 12 քաղաք, 241 գյուղ, 11 450 բնակարան, 13 550 տուն, 60 ֆաբրիկա, 15 ձեռնարկություն, 385 եկեղեցի, 400 միջնադարյան գերեզմանատուն, 25 թանգարան, 37 հէկ, 48 հանք, 4 ջրամբար, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան, 232 դպրոց, 4 համալսարան, 7 քոլեջ, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց եւ նույնքան էլ հիվանդանոց։ Բացի դրանից՝ Արցախում մնացել են տասնյակ հազարավոր մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ, գյուղտեխնիկա ու փոխադրամիջոցներ։ Այդ ամենը մոտավոր հաշվարկներով 100 մլրդ դոլար է կազմում։
«Այս նյութական կորուստների հաշվարկումը ավելի շատ նաև քաղաքական է և շատ հրատապ մեզ համար։ Առաջին հայացքից թվում է, որ եթե այս զեկույցը կա, ապա մենք հաշտվել ենք, որ Արցախը կորցրել ենք։ Լրիվ հակառակը՝ մեր նպատակը վերադարձն է»։
Սարգսյանի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության թիվը մինչեւ 2020 թ. պատերազմը 147 հազար էր։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր հերթին նշում է, որ մինչև տոտալ շրջափակումը Արցախում բնակչության թիվը նվազել էր.
«Ես կարող եմ ասել, որ 110 հազարից շատ ավելի մարդ է ուղղակի տեղահանվել է։ Այսինքն, 2023 թ.-ի օգոստոս-սեպտեմբերի դրությամբ Արցախում, իմ կարծիքով, 112-113 հազար մարդ միանշանակորեն եղել է»։
Համաժողովի մասնակիցների կարծիքով՝ ուսումնասիրությունները պետք է շարունակվեն, իսկ տվյալներն օգտագործվեն միջազգային տարբեր կազմակերպություններում ներկայացնելու, այդ թվում նաև՝ արցախցիների վիրադարձի իրավունքն իրացնելու համատեքստում։
Փաստաբան Սիրանուշ Սահակյան. «Կարծում եմ, իրավական գործընթացների տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունեցող ուղղություն է, որովհետև իրավական գործընթացների որևէ փուլում առաջ է գալիս կոմպենսացիայի խնդիրը, և դա պետք է չափելի, հաշվելի լինի»։
Քննարկման մասնակիցներն անդրադարձալ են նաև միջազգային համագործակցությանը, խոսել տարբեր հարթակներում արցախցիների տունդարձի իրավունքն իրացնելու ռազմավարության մասին։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան.
«Այնպես որ համագործակցության տեսանկյունից մշտապես փնտրում ենք նոր հնարավորություններ՝ նախևառաջ մեր խնդիրները մշտապես նրանց հետ կոմունիկացնելու և երկրորդ՝ տարբեր հարթակներում նրանց աջակցությունը ստանալու համար»։
Ստեփանյանը նշում է նաև, որ համագործակցության որոշ օղակներ պահպանվել են, առիթներ լինում են միջազգային կառույցների հետ խոսելու՝ փորձելով բաց պահել միջազգային նորմերով պաշտպանվող վերադարձի հարցը։