Սփյուռքի ձայնը

Երուսաղեմի հայկական համայնքի խնդիրներն ու պայքարը. «Սփյուռքի ձայնը»

«Կովերի պարտեզ»-ում հրեա գործարարի անօրինական գործողությունների դեմ ինչպե՞ս են պայքարում Երուսաղիմի հայերը, դատական գործընթացներում ի՞նչ նոր փաստեր են ներկայացվում՝ ի օգուտ հայկական հողերի։

«Իսրայելա–համասյան պատրեազմը դժվարություններ է առաջացրել համայնքի կյանքում։ Թեև մինչ այդ էլ Երուսաղեմում  կային խնդիրներ՝ կապված «Կովերի պարտեզ» կոչվող հողատարածքի, այն հրեա գործարարին 99 տարով վարձակալության հանձնելու հետ», — ասում է հայ ակտիվիստ Սեդրակ Պալյանը։

Ի՞նչ խնդիրներ ունի տեղի հայությունը, ինչպե՞ս են պատերազմն ու այլ խնդրահարույց հարցերն անդրադառնում համայնքի կենսագործունեության վրա։ Սեդրակը պատմում է․ «Ամենամեծ խնդիրը բնակչության պակասն է։ 25 հազար հայից մոտ հազար, երկու հազար հայ է այսօր ապրում հայկական Երուսաղեմում։ Երուսաղեմում բարդ իրավիճակները նոր չեն գլուխ բարձրացրել, դեռևս 1967 թվականից ի վեր ճակատագրական հարցեր ենք ունենում՝ ճնշումներ պատրիարքության ու համայնքի վրա», — նշում է ակտիվիստը և ավելացնում, որ «Կովերի պարտեզ»-ի հարցը նոր չէ, վերջին 100 տարվա ընթացքում երկարաժամկետ վարձակալության տրված հողատարածքներ եղել են, իսկ «Կովերի պարտեզ»-ը Երուսաղեմի  տարբեր քաղաքապետերի  ուշադրության կենտրոնում  է միշտ, և այն հայությունից տարբեր պատճառներով և հանգամանքներում վերցնելու փորձերը միշտ են լինում։ «Այսօր, իհարկե,  թաքնված այլ մեթոդներ են օգտագործվում՝ տարբեր ընկերությունների միջոցով պայմանագրեր կնքելով և այլն», — ասում է Սեդրակը։

Իսկ ի՞նչն է համայնքի  նոսրացման պատճառ դարձել, և դա որքանո՞վ  կապ ունի հրեա ծայրահեղականների հարձակումների հետ։ «1948 թվականի  պատերազմի ժամանակ շատերը կորցրին իրենց տները, հետո այլ պատերազմներ ու հեղափոխություններ եղան և դրանք  բնակչության՝ հողատարածքը լքելու պատճառը դարձան։ Վերջին տարիներին, պետք է փաստել, որ գաղութն այլևս փոփոխությունների չի ենթարկվում։ Ինչ վերաբերում է ծայրահեղականների հարձակումներին, որոնք հոկտեմբերից հունվար ավելի  հաճախ էին կրկնվում, ապա  դրանք այսօր մի քիչ պակասել են՝ կապված դատական գործընթացների հետ։ Եթե մենք թուլացնենք մեր դիրքերը և մեր տարածքները զիջենք, ապա դատական գործընթացները, որոնք Իսրայելում տևում են տասնամյակներ, կարող են անարդյունք լինել, քանի որ հողերն արդեն այլ մարդկանց վերահսկողության տակ կլինեն և նրանք կանեն այն ամենն, ինչ նախատեսում են», — նշում է Սեդրակ Պալյանը։

Իսրայելի դատարանում «Կովերի պարտեզ»-ի վարձակալության   պայմանագրի չեղարկման երկու հայց է ներկայացված։ Դրանցից մեկը հայ համայնքն է բարձրացրել, մյուսը՝ Հայոց Պատրիարքությունը։

«Մեր գործողությունները գործարքի երկու կողմի դեմ են, իսկ Պատրիարքությունը հայցը ներկայացրել է՝ պայմանագիրը չեղարկելու համար։ Ի դեպ, 1574 թվականին Անդրիաս պատրիարքի կողմից  տրված հողատարածքը Իսլամական շարիա դատարանի կողմից արձանագրվել է և համարվում է պաշտպանված տարածք։  Դա նշանակում է, որ հողատարածքը պատկանում է հայ համայնքին, սակայն տնօրինում է Հայոց պատրիարքությունը», — ավելացնում է Սեդրակը։

Back to top button