Մենք հաճախ ենք լսում. որպես գոյության ամենակարևոր աղբյուր, միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորված կենսաբազմազանությունը բնական հարստություն է, որի պահպանությունը հրատապ էկոլոգիական հիմնախնդիրներից մեկն է:
Բույսեր, կենդանիներ, մանրէների միլիոնավոր տեսակներ, դրանց գենային կազմ, բարդ էկոհամակարգեր. կենդանի օրգանիզմների տարատեսականությունը՝ կենսաբազմազանությունը Երկիր մոլորակի վրա կյանքի հիմքն է, հասարակության կենսագործունեության, հարատևության և սոցիալ-տնտեսական զարգացման շարժիչ ուժը:
Հասարակության զարգացմանը զուգընթաց, հատկապես վերջին հարյուրամյակում էլ ավելի արագ տեմպերով, մարդու գործունեության տարբեր ոլորտներում ընդլայնվում է կենսաբազմազանության բաղադրիչների ներգրավումը, արդյունքում շրջակա միջավայրի արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և այլ աղտոտվածությունների աճ, անտառների, արոտավայրերի և այլ էկոհամակարգերի ակտիվ շահագործում, երբեմն էլ բնական ներգործություն, որոնք շատ տարածքներում հանգեցնում են էկոլոգիական ճգնաժամային վիճակի, մինչդեռ բուսական և կենդանական աշխարհների յուրաքանչյուր տեսակի կորուստը կարող է վճռական նշանակություն ունենալ էկոհամակարգերի ամբողջության, հավասարակշռության ապահովման, մարդկանց առողջության և կայուն զարգացման համար:
Չնայած տարածքի փոքրությանը, բնակլիմայական գոտիների բազմազանությամբ և աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ Հայաստանն ունի մեծ կենսաբազմազանություն, հարուստ, տնտեսապես արժեքավոր տեսակներ, որոնց պահպանությունը հրատապ էկոլոգիական հիմնախնդիրներից է ևս:
Ու չպետք է մոռանալ, որ չնայած աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական առաջընթացներին, մենք լիովին կախված ենք առողջ և կենդանի էկոհամակարգերից ու պարտավոր ենք հոգ տանել, պաշտպանել և վերականգնել մեզ շրջապատող կենսաբազմազանությունը:
Զրույց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն մագիստրոսական ծրագրի համակարգող, էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալլա Ալեքսանյանի հետ: