
Արբանյակային ինտերնետ պրովայդեր Starlink-ը, որը պատկանում է Իլոն Մասկի SpaceX-ին, Բրազիլիայի Հեռահաղորդակցության ազգային գործակալությանը (Anatel) հայտնել է, որ դատարանի որոշմամբ չի արգելափակի X սոցիալական ցանցը, քանի դեռ ծառայության վերջերս սառեցված ակտիվներն ապաարգելափակված չեն։
Anatel-ի նախագահ Կառլոս Բայգորին պարզաբանել է, որ Starlink-ի իրավաբանները հայտնել են երկրում X-ի արգելափակումից հրաժարվելու մասին, սակայն ինքը դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել։ Նա ասել է, որ արդեն տեղյակ է պահել Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսին, որը որոշում է կայացրել X սոցիալական ցանցը երկրում արգելափակելու մասին, ինչպես նաև նշել է, որ գործակալությունը կարող է հետ կանչել Starlink-ի Բրազիլիայում գործունեության լիցենզիան:
Եթե Starlink-ը շարունակի ծառայությունը լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելուց հետո, Anatel-ը կարող է առգրավել Starlink սարքավորումները, որոնք տեղադրված են երկրի 23 կայաններում, և ծառայում են կապի որակի բարելավմանը, ասել է Բայգորին:
Starlink-ը միջնորդություն է ներկայացրել Բրազիլիայի Գերագույն դատարան՝ իր ակտիվներն ապասառեցնելու համար, սակայն դատարանը մերժել է այն, որից հետո ընկերությունը հայտարարել է, որ Բրազիլիայում իր օգտատերերին անվճար ինտերնետ կտրամադրի, քանի դեռ իրեն արգելված է գործարքներ կատարել:
Starlink-ը Բրազիլիայում սկսել է գործել 2022 թվականին: Ծառայությունը հատկապես հարմար է Բրազիլիայի՝ գյուղական հսկայական տարածքներում ապրողների, նաև Ամազոնի արևադարձային անտառներում բնակվող բնիկ ցեղերի համար, որոնք կարողանում են օգտվել Starlink-ից ինտերնետ մուտք գործելու համար՝ փոխելով իրենց ապրելակերպը: Starlink-ը երկրում ունի մոտ 250 հազար օգտատեր։




