

Ավանդական բանահյուսությանը զուգահեռ գիտության մեջ նաև համացանցային բանահյուսությունն է զարգանում։ Նվարդ Վարդանյանը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող է, ԵՊՀ դոցենտ:
Նրա ղեկավարությամբ բանագետների մի խումբ այսօր ուսումնասիրում է արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմական ժամանակահատվածում համացանցում տարածված բանահյուսական նյութերը՝ ավանդական և ժամանակակից ժանրերը, ռազմաճակատում երգված և ցանցում տեղադրված ռազմի երգերը:

Պատմում է․ «Այսպիսի մի ավանադազրույց կա՝ կապված «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հետ։ Ավանդազրույցը տարածում են հայ օգտատերերը։ Այնպիսի յուրօրինակ նկարով է այն տարածվում, որ հուշարձանի ներքևի մասը փորված է, պապի ու տատի ոտքերը հողի մեջ երևում են։ Ավանդազրույցը այսպիսին է. երբ հուշարձանը կառուցվել է, մեր թշնամիներից բացմանը ներկա են եղել։ Ասել են՝ այս ինչ հուշարձան է՝ մենակ գլուխն է, իսկ արցախցիները պատասխանել են, որ ոտքերը հողի մեջ շատ խորն են թաղված։ Սա շատ խորիմաստ ավանդազրույց է, վկայում է արցախյան հողի հայեցիության մասին։ Պատերազմի ժամանակ և դրանից հետո ես նկատեցի, թե ինչպես է այս ավանդազրույցը պարբերաբար տարածվում սոցցանցերում։ Հետաքրքիր սիմվոլի է վերածվել այս հուշարձանը»։
Բանագետ Նվարդ Վարդանյանն ու իր գործընկերները նաև մեկնում են բանահավաքչության՝ Արցախից տեղահանվածների մոտ։ Ասում է՝ դժվարությամբ են պատմում, բայց նաև պապերից ժառանգած բանավոր ավանդույթը ու հիշողությունը պահպանելու ցանկություն ունեն։ Գիտնականները փորձում են անել հնարավորը, որ կարողանան պահպանել արցախյան բանավոր ավանդույթը։

Այս պահին հիշողությունները գրի առնելու ու պահպանելու խնդիր կա։ Փորձում են արցախցիների հետ հանդիպելով բացը լրացնել․ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լուսինե Հայրիյան․ «Մի կին թվարկում էր, որ մի մեծ տնտեսություն է թողել այնտեղ։ Բայց իր հետ կբերեր իր գրքերը, ու մի նոթատետր, որտեղ գյուղի բնակիչների մասին մեծ նշումներ ուներ։ «Մենք»–ի գիտակցումը կա, վախենում են, որ կկորցնեն այդ «մենք»–ը։ Մեր խնդիրն է, որ դրանք հավաքենք ու պահպանենք։ Այն, որ իրենք հասկանան՝ ցրված չեն, չեն կորցրել այն, ինչն ունեն»։
Գիտական խումբը ՀՕՖ–ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) տրամադրած միջոցներով հետազոտում է պատերազմի դրսևորումը արցախյան բանահյուսության ավանդական և ոչ ավանդական ժանրերում: Փորձում են բացահայտել, թե ինչպես է պատերազմն արտահայտվել համացանցային բանահյուսության մեջ, կենտրոնացել են նաև ռազմի երգերի վրա։
Այստեղ էլ հետազոտության դաշտը հիմնականում համացանցն է: Նվարդ Վարդանյանը դեռ 44-օրյա պատերազմի օրերին, ռազմաճակատում երգված երգերի մոտ 30 տեսանյութ է առանձնացրել սոցցանցերից՝ այն ժամանակ գիտակցելով դրանց կարևորությունը: Սովորաբար բանահավաքչությունը գյուղերում է, մարդականց հետ հանդիպումների ժամանակ։
Ինչպե՞ս են համացանցի դեպքում շխատում՝ ընտրում, թե ովքե՞ր են, այսպես ասենք, շահառուները։ Այս դեպքում նյութը որոշակիորեն շրջանակների մեջ դնելու կարիք կա:
Գիտական ուսումնասիրությունները երկու ճյուղով են կատարում։ Հնագիտության և ազգագրության իսնտիտուտի գիտաշխատող Լուսինե Հայրիյանը թեմայի շրջանակներում ուսումնասիրում է ռազմի երգերը։ Հետաքրքիր բացահայտումներ է անում։
Գիտական նյութի շրջանակում հետազոտում են նաև, թե ստեղծագործողների մոտ տարբեր հոգեբանական իրավիճակներում ինչպիսի երգեր են ծնվում։ Գիտնական Լուսինե Հայրիյանը վերլուծել ու պարզել է՝ ռազմաճակատում ծնվում են նաև երգեր, որոնք ռազմաճակատային չեն իրենց բովանդակությամբ։
Ռազմի դաշտում պատերազմի ժամանակ հնչող երգերը տվյալ ժողովրդին են բնորոշում։ Խրամատում Հորովել երգելը, օրինակ, վկայում է, որ հայի ցանկությունը պատերազմը չէ, այլ խաղաղությունը։ Ռազմի երգի ժանրի մեջ չտեղավորվող երգը խաղաղ ստեղծարար աշխատանքի երազանքն է՝ ասում է Նվարդ Վարդանյանը։
Ի՞նչ կունենան վերջնարդյունքում. երկու թեմաները առանձին հետազոտության նյութ են, բայց այս պահին պետք էր սկսել միաժամանակ: Բանահյուսությունը հավաքական մշակույթ է, ՄԵՆՔ-ն է, կարևոր, որ գիտակցում ենք։
Ժողովրդական բանահյուսության ուսումնասիրման առարկան բանահյուսությունն է, ժողովրդական բառ ու բանը, այն, ինչ որ պապերից ավանդվել ու հասել է մեզ։ Բանագետները ժողովրդական խոսք ու զրույցը, վիպական ժանրերը վերլուծում են, բացահայտում ժողովրդի մտածողությունը, հոգեբանությունը, գեղարվեստական աշխարհը։ Իհարկե, ժողովուդներն ունեն ինչպես ընդհանրական հատկանիշներ, այնպես էլ կոնկրետ տեղանքին բնորոշ գծեր։ Մասնագետներն ասում են, որ հայոց բանահյուսությունը նույնը չէ, ինչ մյուս ժողովուրդներինը։




