«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի բնակիչների, փորձագիտական շրջանակների և ԶԼՄ-ների հետ, իրականացրեց «Ջերմուկի այլընտրանքային զարգացման ֆորում և մեդիաարշավ» միջոցառումը Ջերմուկ համայնքում։
Ֆորում-մեդիաարշավի նպատակն էր տեղի հանրության հետ քննարկել համայնքների կայուն, կանաչ տնտեսությունների և զբոսաշրջության զարգացմանն անհրաժեշտ նախադրյալները, վերհանել Ջերմուկ համայնքի կարիքները, հնարավորություններն ու մարտահրավերները։
Ֆորումի մասնակիցները պանելային ու խմբային քննարկումների ընթացքում կիսվեցին Ջերմուկի այլընտրանքային զարգացման իրենց պատկերացումներով, քարտեզագրեցին համայնքի կարիքներն ու իրենց տեսլականները․ ինչպիսի՞ Ջերմուկում են ուզում ապրել ու արարել այժմ և ապագայում։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանինն ասում է․ «Ջերմուկ համայնքն՝ իր երեք բնակավայրերով, պետք է մի քանի ուղղությամբ զարգանա։ Առաջինը զբոսաշրջությունն է։ Արձանագրվեց, որ կան որոշակի նարատիվներ, որոնք պետք է «ջարդել»՝ Ջերմուկում զբոսաշրջության զարգացման համար։ Օրինակ՝ մարդիկ ընկալում են, որ Ջերմուկը հայտնի է որպես առողջարան, այսինքն՝ մարդիկ ընկալում են մի վայր, որտեղ պետք է գնալ և բուժվել, բայց ոչ՝ հանգստանալու։ Բացի դրանից արձանագրվեց, որ առկա է զբոսաշրջության համար ենթակառուցվածքների պակաս»։
Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանն էլ կարևորում է համակարգված աշխատանքի իրականացումը՝ Ջերմուկի առողջարանային ու զբոսաշրջային համբավը վերականգնելու, կանաչ տնտեսություններ հիմնելու, զարգացման համար գրավիչ ներդրումային դաշտ ձևավորելու ուղղությամբ։ «Որպես առողջարան Ջերմուկը լավագույններից է, նույնիսկ՝ աշխարհում։ Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, կարծում եմ՝ ունենք ներդրումների և նոր ծրագրերի կարիք։ Մեծ ներուժ ունենք Ջերմուկի գյուղական համայնքներում զարգացնելու էկոտուրիզմն ու կանաչ գյուղատնտեսությունը»,- ասում է Բունիաթյանը։