
Հայ-հունական հարաբերությունները դարերի խորքից եկած և դեպի դարերը գնացող հարաբերություններ են: Երկու ժողովուրդների, հետագայում երկրների միջև հարաբերությունները և՛ պատմական, և՛ ավանդական, և՛ բարեկամական են:
Հանրային ռադիոն կրկին հյուրընկալել է երրորդ հանրապետության առաջի դեսպաններին, վերհիշելու պատմություններ, որոնց գոյությամբ սկզբնավորվել է Հայաստանի երրորդ հանրապետության արտաքին քաղաքականությունը:
Այսօրվա հաղորդումից կիմանանք, թե ինչպես սկզբնավորվեցին հայ-հունական ավանդական հարաբերությունները, և թե ինչպես պետք է աշխատել տեղի հայ համայնքի հետ:
Դիվանագիտական գործ N1
-Ոչինչ չկար՝ զրո, իհարկե մի երկու անգամ որ գնացել էի, ինչ-որ մարդկանց հետ ծանոթացել էի, հիմնականում Հունաստանի հայ համայնքից, բայց դա ոչինչ չէր նշանակում, ասացին՝ էս քեզ կոմպյուտեր, էն ժամանակվա կոմպյուտերներից, էս քեզ 1000 դոլար գումար, էս քեզ դրոշ, առա՛ջ:
Հունաստանում Հայաստանի գործերի առաջին հավատարմատար Աշոտ Հովակիմյանը այսպես է հիշում իր դիվանագիտական ծառայության առաջին օրը:

Օֆիս, գրասենյակ, աշխատասենյակ կամ սրա նման մի բան գտնելու համար Աշոտ Հովակիմյանը երկու շաբաթ ժամանակ է ստանում:
—Սկսեցի ինտենսիվ հանդիպումներ ունենալ տարբեր համայնքային կառույցների հետ, որը շատ բարդ էր, որովհետև համայնքի մեծ մասը Դաշակցությունն էր կազմում, այսօր էլ, այսինքն այնտեղ կուսակցականացված էր, բավականին բարդ հարաբերություններ էին, որի մասին ես որպես առաջին անգամ սփյուռքահայ տեսած իմ կյանքում, բարդ իրավիճակ էր:
Դառը, բարդ և դժվարին խոսակցություններից հետո դեսպանությունը կարողանում է գրասենյակ գտնել՝ օգնության է գալիս հունահայ համայնքից գործարարներից մեկը:
— Էն ժամանակ նաև Հունաստանի ԱԳՆ-ն, որպես բարեկամ (նաև, ընդ որում, ասեմ նախքան դեսպանի գալը այստեղ (Հայաստանում. Խմբ.) հավատարմատար կար), և Հունաստանի ԱԳՆ-ն որոշեց, որ ինձ որոշ չափով օժանդակություն կտա՝ տվեցին մեքենա, որով պաշտոնական այցերի համար պիտի գնայի:
Հունաստանում աշխատելը հնարավորինս դյուրին դարձնելու նպատակով Աշոտ Հովակիմյանը հանրապետության լավագույն մասնագետներից մեկի՝ Սիմոն Կրկյաշարյանի հետ օրական մոտ երկու-երեք ժամ հունարեն է պարապում:
***
-Պարոն Կրկյաշարյանը բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է և պետք է նշեմ, որ վերջին թարգմանությունը, որ անում էր գրքի անունը «Ազնիվ» էր, Թուրքիայի տարածքում ապրող հույնի պատմություն, պարոն Կրկյաշարյանը իր գործը թողեց անավարտ և խնդրել էր տղային, որպեսզի ինձ գտնեն ու ես շարունակեմ այդ գործը։ ճիշտ է, դժվար էր, հուզիչ, բայց միևնույն ժամանակ մեծ պատիվ էր:
ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի տնօրեն Լիզա Քարիմյանը ևս անվանի մասնագետի ուսանողն է եղել: Սովորել է հին հունարեն, նոր հունարեն ու բազմաթիվ նմանություններ գտել հայերենի ու հունարենի միջև:

Հունագիտության գիտաուսումնական կենտրոնը հիմնադրվել է 1999-ին և նոր թափով վերսկսել իր գործունեությունը 2023 թվականին: Կենտրոնում կազմակերպվում են հունարենին ու Հունաստանին նվիրված մի շարք միջոցառումներ, համագործակցում Պոնտոսի հունական համայնքի հետ և սովորեցնում հունարեն՝ անվճար:
-Ես հունարենը սովորելիս նկատեցի, որ հայերենին շատ նման է՝ ոչ թե բառերն են նման, այլ ժամանակաձևերը, կառույցները, ինչը ինձ օգնեց հեշտ սովորել, որովհետև երկուսն էլ նախահնդեվրոպական լեզուների ընտանիքին են պատկանում և գուցե այդ պատճառով հայերը հեշտ են սովորում հունարեն:
Հունարենի իմացությունը օգնել է նաև կենտրոնի տնօրեն Լիզա Քարիմյանին թեկնածուական ատենախոսության թեման՝ հայ-բյուզանդական հարաբերությունները, ուսումնասիրել ամենայն մանրամասնությամբ՝ երկկողմանի մշակութային կապերից մինչև հոգևոր վերածնունդ:
-Մենք տեսնում ենք, որ բյուզանդական ժառանգությունը, բյուզանդական մշակույթը, նույնպես արտացոլված է հայ պատմության, արվեստի, ճարտարապետության և այլ ոլորտներում, ինչպես նաև 5-րդ դարում սկիզբ առած հունաբան դպրոցի գործունեությունը նույնպես մեծ ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի ինքնագիտակցման բարձրացման և հոգևոր անկախության ամրապնդման գործում:
Այս երկու հնագույն քաղաքակրթություններին, բազմաթիվ նմանություններից զատ, միավորում է նաև պատմության ոլորաններն ու խութերը հաղթահարելու աննկուն կամքը:
Դիվանագիտական գործ N2
—Հետո Արմեն Սարգսյանը, որն այն ժամանակ Եվրոպայի ավագ դեսպան էր, եկավ ու ինձ ներկայացրեց ԱԳՆ նախարարին, որովհետև այդ ժամանակ ես հավատարմատար էի, հավատարմագրերը հանձնվում էին նախարարին, այլ ոչ թե նախագահին:
Հունաստանում Աշոտ Հովակիմյանի դիվանագիտական ծառայությունը մեկնարկելու ողջ ընթացքը բուռն էր՝ առաջին դրոշը բարձրացնելը, գրասենյակի ձեռքբերման պատմությունը, որը ոգևորություն առաջացրեց, իսկ հետո այդ ոգևորությունը գնաց:
— Ես եկա, սկզբում մենակ էի, հետո հայտնվեց մեկ քարտուղարուհի, հետո հայտնվեց երկրորդ դիվանագետը:
Ելնելով ստեղծված պայմաններից՝ պետք էր գործի դնել գիտնականի՝ հընթացս սովորելու և իրավիճակը արագ վերլուծելու կարողությունը:
— Ինքը գործունեությունը բերում էր, և սովորում էի տեղում, որովհետև ես ինչ իմանայի ինչ անել, գիտնական մարդ էի, իհարկե, օգնեց լեզվի նախապատրաստումը, որովհետև, եթե դու կարողանում ես սկզբից ինչ-որ բաներ կարդալ, մարդկանց հասկացնել, հետո հույներն էին, իհարկե, շատ բարեկամաբար տրամադրված:
Իսկ հետո արդեն երևաց լույս թունելի վերջում՝ Հունաստանի հայ համայնքը ևս միացավ դեսպանատան ֆինանսական խնդիրների լուծմանը: Ստեղծվեց որոշակի բյուջե, մեքենա հայտնվեց:
— Այդ բոլորը հիմա թվում է հեքիաթի նման մի բան, որովհետև, երբ այդ մասին պատմում եմ մեր երիտասարդ դիվանագետներին, որ այսպես է եղել, այսօր գուցե մարդիկ այդ պայմաններին դժվար համաձայնվեին:
Անձնական գործ
-Քանի որ այն ժամանակ ազատ մարդ էի, երբեք չէի պատկերացնում, որ կլինեմ երբևիցե պաշտոնյա, շատ դժվարությամբ և դժկամությամբ էի անցնում, բայց արդեն 1991 թվականի հոկտեմբեր, թե նոյեմբերն էր, ինձ այնուամենայնիվ առաջարկեցին հարցազրույց ունենալ, ես գնացի: Այն ժամանակ առաջին ԱԳՆ-ն գտնվում էր մի փոքր շենքում՝ Բաղրամյանի վերևի հատվածում, այնտեղ ինձ հետ զրույց անցկացրին:
Մասնագիտությամբ սլավոնագետ-բալկանագետ, գիտնական Աշոտ Հովակիմյանի մտքով պաշտոնյա դառնալ երբեք չի անցել, ուստի ՀՀ ԱԳՆ-ում աշխատելու առաջարկը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողը հեշտությամբ չընդունվեց:

— Անցավ երևի 3-4 ամիս, երբ որ նախարար նշանակվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ինձ նորից հրավիրեցին, առաջինը ծանոթական էր, ես շարժ չտվեցի, բայց 1992-ին սկզբին առաջարկեցին՝ դե արի աշխատի: Եվ շատ զարմանալի ձևով համաձայնվեցի, ասացի՝ կգամ, կաշխատեմ կես դրույքով: Կես դրույք նախարարությունում, կես դրույք Ակադեմիայում:
Այդ ժամանակ արդեն գիտությունների թեկնածու Աշոտ Հովակիմյանը ստացավ երկրորդ քարտուղարի պաշտոն Եվրոպայի բաժնում, և պատասխանատու էր Բալկանյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների համար: Պարզ դարձավ, որ այս երկուսը հնարավոր չէ համատեղել, հատկապես, որ Հունաստանն այն հիմնական երկրներից էր, որի հետ պատմական կապերը պետք էր հնարավորինս արագ դիվանագիտական հարաբերությունների վերածել:
Առավել ևս, որ հունական կողմը 1992-ի հուլիսին արդեն դեսպանություն էր բացել Հայաստանում:
-Դա էլ է ինձ համար շատ հիշարժան օր, քանի որ, երբ եկավ Հունաստանի առաջին դեսպանը, ես նրան գնացի դիմավորելու այն պահին, երբ ինձ մոտ տղա էր ծնվում, և նա այդ օրը նկարագրեց իր գրքի մեջ։
Սկսվեցին հայ- հունական ակտիվ շփումները: Աշոտ Հովակիմյանի առաջին այցելությունը Հունաստան մարդասիրական էր, նպատակը՝ Սալոնիկից, Հունաստանի կառավարությունից և հայ համայնքից հումանիտար օգնություն Հայաստան տեղափոխելն էր:
Այդ ժամանակ Աշոտ Հովակիմյանի մտքով դեսպան դառնալ դեռ չէր անցնում:
— Այն ժամանակ չէի մտածում, որ կդառնամ դեսպան, բայց արդեն այդ երկրների հետ էի զբաղվում, բայց արդեն այդ ժամանակ ես ծանուցված էի որպես Հունաստան գործուղվելիք առաջին դիվանագետ:
Սկզբում ամեն ինչ բարդ էր ու անհասկանալի: Նոր սերնդին այդ ժամանակների բարդության մասին դժվար է պատմել: Չեն հավատում: Բայց հաղթահարելու բանաձևն էլ կա:
-Շատ այլ ժամանակներ էին, նախ երիտասարդ էի, շատ ավելի շատ ոգևորված, շատ ամբիցիոզ բաներ կար, ասեմ, որ նույնսիկ էն դժվարություններն, որ եղան այն ժամանակ, հիմա այդքան ծանր չէր թվում:
Հետագայում Աշոտ Հովակիմյանին միացավ նաև ընտանիքը: Նրանք միասին ապրում էին դեսպանության 3 սենյականոց գրասենյակում, որի սենյակներից մեկը ննջասենյակ էր՝ երկու մանկահասակ երեխայի համար: Կնոջն էլ հստակ ասված էր՝
-Ճաշեր, հոտեր, երեխաներ, լացեր չլինեն մինչև ժամը վեցը:




