Արդեն մի քանի տարի է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն իրականացնում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։ Ծրագրին մասնակցում են տարբեր երկրների այն երիտասարդները, որոնք ակտիվ մասնակցել կամ մասնակցում են համայքնային կյանքին, ունեն ծրագրեր իրականացնելու կամք և հնարավորություններ։ 2023-2024 թվականներին ծրագրին Գերմանիայից մասնակցել է երեք ներկայացուցիչ։ Աստղիկ Անտոնյանը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքից է։ Նա ծնունդով Հայաստանից է և ուսման նպատակով է մեկնել Գերմանիա։
Ինչպիսի՞ համայնք է բացահայտել երիտասարդ դեսպանը, որո՞նք են գերմանահայերի առջև ծառացած խնդիրները։ Ի՞նչ ճանաչում ունեն հայերն ու Հայաստանը գերմանացիների շրջանում ու ինչպե՞ս են երիտասարդ հայերը գերմանացի հասարակության շրջանում ճանաչում ձեռք բերում։
«Երբ արդեն Գերմանիայում էի՝ ուսումս շարունակելու նպատակով, դեռ ծանոթ չէի հայկական Սփյուռքին։ Կարծում եմ՝ Հայաստանում ապրողներից շատերը չգիտեն մեր սփյուռքի կառուցվածքի ու գործունեության մասին։ Ես փորձեցի մասնակցություն ունենալ համայնքի գործունեության, համախմբման ու ծրագրերի կազմակերպման գործում։ Իսկ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը լավագույն առիթն ու հնարավորությունն էր՝ ծանոթանալու և շփվելու օտար երկրների հայության հետ, այն էլ՝ տարբեր քաղաքներում ապրողների։ Սա նաև լավ հնարավորություն էր մեկ տարվա ընթացքում ներհամայնքային հարցերին ու խնդիրներին անդրադառնալու և միասին լուծումեր առաջարկելու համար», — ասում է Աստղիկը և ավելացնում, որ համայնքային խնդիրներից բացի այսօր մենք նաև մեկ այլ կարևոր բացթողում ունենք։
«Մեր եվրոպացի և օտար հասարակությունները մեր հարևաններին ճանաչում են ավելի շատ, քան մեզ։ Թեև մենք ունենք հայկական համայնքներ, հայ եկեղեցի, դպրոցներ ու ճանաչված հայ անհատներ, մեր մասին ավելի քիչ բան գիտեն։ Դրան առնչվել եմ նաև ես, երբ տեղափոխվել էի Գերմանիա։ Դա կապված է մեր՝ համայնքաներից դուրս պակաս շփումների ու ծրագրեր իրականացնելու հետ։ Մենք պետք է ավելի շատ միջոցառումներ կազմակերպենք՝ օտար մասնագետների ու հանրությունների մասնակցությունն ապահովելով, և ինքներս էլ հաճախ ներկա գտնվենք միջազգային ու միջմշակությային ծրագերի», — նշում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցը։