ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մոսկովյան ու Իսահակյան փողոցները միակողմանի կդառնան, տրանսպորտի առանձնացված գոտիներ կլինեն Մաշտոցի ու Իսակովի պողոտաներում ևս

Մայրաքաղաքն աշնանը նոր ավտոբուսներ ու տրոլեյբուսներ, նոր կանգառասհարներ և տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտիներով մի քանի նոր փողոցներ կունենա։ Քաղաքային իշխանություններն ասում են, որ մինչև սեպտեմբերի 15-ն ամբողջությամբ պատրաստ կլինի տոմսային նոր համակարգը, որը, սակայն, կսկսի գործել հունվարի 1-ից։ Մինչ այդ համակարգը կփորձարկվի։ Սպասվող փոփոխություններից մեկի համաձայն էլ՝ Երևանի գրեթե բոլոր առանցքային փողոցներում հասարակական տրանսպորտը առանձնացված գոտիներ կունենա։

Մայրաքաղաքում նոր տրանսպորտային առանձնացված երթևեկելի գորտի է գործում․ Աբովյան փողոցում առանձնացված գոտին ոչ առաջինն է, ոչ էլ, վստահաբար, վերջինը․ քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ երթևեկության նմանատիպ կազմակերպումը տրանսպորտային բարեփոխումների կարևորագույն փուլերից մեկն է։

«Առանց Երևանում ավտոբուսային գծերի ավելացման, հաշվի առնելով անհատական ավտոմեքենաների քանակի ավելացումը, մենք որևէ դրական լուծման չենք կարող գալ։ Ընդհանուր առմամբ, հանրային տրանսպորտի բարեփոխումների հիմնական նպատակն է, առաջնահերթություն տալ հանրային տրանսպորտին ու այն մարդկանց, որոնք երթևեկում են հանրային տրանսպորտով։ Հանրային տրանսպորտն ինքն իրենով էականորեն բեռնաթափում է երթևեկությունը, մասնավորապես մեկ ավտոբուսի մեջ գտնվող մարդկանց քանակը համադրելի է 50-60 ավտոմեքենաներում գտնվող մարդկանց քանակի հետ»,– ասում է Ավինյանը։

Երթուղային տրանսպորտն արդեն իսկ առանձնացված գոտիներով է երթևեկում Գայի պողոտայում ու Սարալանջ փողոցում։ 10 օր է նմանատիպ գոտի գործում է նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան պուրակից մինչև Աբովյան–Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած հատվածում։ Այս ճանապարահատվածում նաև երթևեկության փոփոխություն կլինի՝ մանրամասնում է տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։

«Ներկայումս աշխատանքներ են տարվում Աբովյան–Իսահակյան խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխության համար, նախատեսում ենք լուսացույց տեղադրել, արդեն աշխատանքները սկսվել են, ավարտից հետո ավտոբուսային գծի կահավորումը կշարունակվի Մոսկովյան ու Իսահակյան փողոցներում, ու կշարունակվի նաև Մաշտոցի պողոտայում, նախատեսում ենք մինչև սեպտեմբեր ավարտել ամբողջությամբ աշխատանքները»,– մանրամասնում է Վազգեն Հարությունյանը։

Փոփոխությունների արդյունքում Իսահակյան ու Մոսկովյան փողոցները առաջիկայում կդառնան միակողմանի երթևեկությամբ ճանապարհներ։ Քաղաքապետարանը տրանսպորտային ցանցի բարեփոխումները քննարկում ու իրականացնում է ֆրանսիական «Իլ դը Ֆրանս»–ի հետ։ Համատեղ մշակած նախագծի համաձայն՝ տրանսպորտի առանձնացված գոտիները Մաշտոցի պողոտայից կշարունակվեն դեպի Իսակովի, Խանջյան ու Արշակունյաց պողոտաներ։

«Ուզում եմ հատուկ շեշտել, որ սա քմահաճույք չէ, այս ճանապարհին ուղղակի այլընտրանք չկա։ Եթե մենք չկանխենք այն տենդենցը, որը ունենք մեքենաների թվի ավելացման հետ կապված, այսինքն չստեղծենք հավելյալ հնարավորություններ հասարակական տրանսպորտի համար ու որոշակի խոչընդոտներ՝ ավտոմեքենաների համար, մենք մի օր ավտոմեքենայով տնից դուրս կգանք ու կանգնած կմնանք մեր բակի մոտ»,– ասում է քաղաքապետը։

Մինչև սեպտեմբերի 15-ը կավարտվեն միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները։ Տրանսպորտային նոր վճարման համակարգը կգործի հունվարի 1-ից, մինչ այդ, սակայն, կփորձարկվի ու կլավարկվի։ Հնարավոր է ավտոբուսներում վճարման մի քանի սարքեր գործեն՝ կուտակումներից խուսափելու համար։ Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտնում է, որ  աշնանը մայրաքաղաքում  նաև նոր կանգառասրահներ ու ավտոբուսներ կավելանան։

«171 նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսները արդեն մատակարարման փուլում են, նախատեսում ենք, որ մինչև հոկտեմբերի վերջ կստանանք»։

Առաջիկայում կմեկնարկեն նաև նոր վերանորոգված փողոցների գծանշման աշխատանքները։ Միջին նորոգմանենթարկված փողոցները նոր որակի՝ թերմապլաստով իրականացվող գծանշումներ կունենան։

Կարդացեք նաև

Back to top button