
Անկախության հռչակագիրն ընդունած մարդիկ այսօր կրկին պատմական դահլիճում են հավաքվել՝ պատմական փաստաթղթի 34-ամյակը նշելու։ Նախկին Գերագույն խորհրդի պատգամավորները նշել են՝ ամեն անցնող տարվա հետ իրենց թիվը պակասում է, տոնի կարևորությունն ու արժեքը՝ ավելանում։ Բաց չեն թողնում դրա կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելու, դրա միավորող ուժի մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու հնարավորությունը։
«Գերագույն խորհուրդը հռչակում է՝ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն»
34 տարի անց․ նույն օրը նույն դահլիճում նույն մարդիկ ոտքի կանգնած լսում են օրհներգը։ Գերագույն խորհուրդը գրել-կնքել էր Հայաստանի երրորդ Հանրապետության ծննդյան վկայականը։
Այսօր դրա անդամների մի մասը հավաքվել է՝ Անկախության հռչակագրի 34-ամյակը նշելու։
«Շնորհավո՛ր, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիր»։
«Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբը նման միջոցառում կազմակերպում էր Անկախության հռչակագրի հոբելյանական տարելրումների ժամանակ՝ 15-20-25-30 տարի։ Ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը ասում է՝ այսուհետ հիմնարար փաստաթղթի տարեդարձը այսպես է նշվելու ամեն տարի․
«Մենք բավական հեռանում ենք Հռչակագրի ընդունման տարվանից, ինչքան հեռանում ենք, այնքան մեծանում ենք և հաճախ է դառնում մեր՝ գերագույն խորհրդի պատգամավորներիս հեռանալը, հրաժեշտ տալը կյանքին։ Գերագույն խորհրդի պատգամավորները այն ժամանակ 271 էին, 127-ը արդեն հեռացել են կյանքից, մնացել են 144-ը»։
Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ՝ հենվելով մարդու իրավուքների և ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակարգ, հիմքում ունենալով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվեի արդյուքները։
Նախկին Գերագույն խորհրդի պատգամավորներն այսօր սրտնեղած են, ասում են՝ հռչակագիրը վիրավորանքներ է ստանում, պետք է պաշտպանել այն։ Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ այն ընդունվել է բացարձակ ժողովրդավարության պայմաններում և սակարկման ենթակա չէ․
«Գերագույն խորհուրդը, եթե միայն այս փաստաթուղթը ընդուներ, կմնար պատմության մեջ որպես պետականաստեղծ մարմին։ «Խորհրդարանական ժամ» հեռուստածրագիր ուներ խորհրդարանը և 3-4 անգամ ուղիղ եթերով մենք խոսել ենք հռչակագրի մասին, կար նաև ուղիղ հեռախոսակապ քաղաքացիների հետ, ովքեր մասնակցում էին հռչակագրի բովանդակության կազմմանը։ Եվ բացառապես ժողովրդի, քաղաքացու դիտողություններով, ձևակերպումներով, եզրույթներով ընդունվեց այս հռչակագիրը»։
Դահլիճում գտնվողներից ոչ ոք պարզապես ունկնդիր չէ՝ ասում է Պարույր Հայրիկյանը։ Նախկին պատգամավորը 34 տարի առաջ թունդ բանավեճերի արդյունքում ընդհանուր որոշման եկածներին շնորհակալություն է հայտնում այսօր ևս այդ որոշման կարևորության հարցում համախոհություն ունենալու համար։
«Անկախակության հռչակագիրը պատահական, ժամանակների թելադրանքով մեզ հասած երևույթ չէր։ Հայ ժողովուրդը ավելի, քան որևէ այլ խոհրդային ժողովուրդ, հերոսականորեն պայքարել է իր, ինչպես նաև ուրիշ ազգերի ազատության ու իրավունքների համար։ Հռչակագրի գլխավոր նպատակն է եղել ի լուր աշխարհի ու հայերի ազդարարել, որ Հայաստանի ժողովրդի ներկայացուցչական մարմինը, ոչ թե այս կամ այն քաղաքական գործիչը, քաղաքական ուժը, այլ ժողովրդի ներկայացուցչակա՛ն մարմինը, ազգային անկախությունը բարձրագույն արժեք համարելով, սկսում է այն վերականգնելու գործընթացը»։
Ներկայացուցչական մարմնի, ըստ էության՝ ժողովրդի որոշումը բարձրաձայնող Արամ Մանուկյանն այսօր էլ նույն գաղափարի շուրջ միավորվելու անհրաժեշտություն է տեսնում։ Ասում է՝ Անկախության հռչակագրի ծնվելուն հայ ժողովուրդը սպասել է 600 տարի․ միայն անվիճարկելի պատմականությունը բավարար է համարում, որ սրա մասին հատընտիր բառերով, սրտի ու ձայնի դողով խոսվի։
«Այս փաստաթղթի երկրորդ առավելությունն այն է, որ այն ընդունվեց համաժողովրդական, համահայկական ոգևորության ալիքի վրա, և երրորդ կարևոր արժանիքը՝ այն ծրագրային փատաթուղթ է, որը պլանավորեց ոչ միայն Հայաստանի ստեղծումը, ոչ միայն ապահարզանը Սովետական միության հետ, այլ նաև ծրագիր կազմեց երկրի անկախությունը իրագործելու համար»։
Սա դարերի երազանք կրող փաստաթուղթ է ու շարունակելու է իր գոյությունը դարերով՝ վստահ է Արամ Մանուկյանը, ով չի տեսնում բարոյական կամ իրավական որևէ հիմք, որով հնարավոր կլինի սակարկել դրա կարևորությունը Հայաստանի ու հայ ժողովրդի համար։




