Սփյուռքի ձայնը

Ինչպե՞ս պայքարել ադրբեջանա-թուրքական ու ամերիկյան կաշառված քաղաքական գործիչների դեմ. «Սփյուռքի ձայնը»

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսն ադրբեջանական ու թուրքական կառավարությունների հետ սերտ հարաբերություններ ունի։

Պաշտոնյայի հարաբերությունների ու նրա տեղակալների գործողություններին անդրադարձել է նաև ամերիկյան մամուլը, երբ նախորդ տարի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) աշխատակիցները խուզարկել են Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի երեք թիմակիցների բնակարանները։

Այս մասին հաղորդել  է The New York Times պարբերականը։ Թերթի տեղեկություններով Անվտանգության դաշնային ծառայության ուշադրությանն արժանացած պաշտոնյաների թվում են Նյու Յորքի քաղաքապետի արտաքին կապերի գծով օգնական, քաղաքի ադրբեջանական համայնքի ամենաակտիվ անդամներից Ռանա Աբբասովան, ինչպես նաև «Թուրքական ավիաուղիների» նախկին աշխատակից, որոշ ժամանակ Ադամսի թիմում աշխատած Ջենք Օջալը։

Թուրքական և ադրբեջանական ֆինանսական քաղաքականության ու ամերիկացի պաշտոնյաների հետ հարաբերություններ ստեղծելու, հայկական սփյուռքի գործունեության լիարժեք կամ թերի աշխատանքների մասին «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն ասում է. «Նյու Յորքի քաղաքապետը օգնականի` ազգությամբ ազերի Աբբասովայի միջոցով տարբեր կապեր է ստեղծել ադրբեջանական իշխանության հետ, այցելել Ադրբեջան և տարածել պրոադերբեջանական հայտարարություններ: Բացի այդ, կապեր է ունեցել նաև թուրքական իշխանությունների հետ, նրանց պատկանող ավիաըներությունը համարել լավագույնը և իր պաշտոնը չարաշահելով՝ արտոնություն տվել շինարարական խախտումներով թուրքական կողմի համար կառուցվող շենքի աշխատանքներին»։

Սասունյանը փաստում է, որ ամերիկյան իշխանություններում թեև հաճախ են նման գումարային շրջանառություններ լինում, սակայն դրանք նաև գաղտնի հետաքննությունների բյուրոյի ուշադրության կենտրոնում են հայտնվում` երկար ուսումնասիրություններից ու քննություններից հետո քայլեր ձեռնարկելու համար:

Էրիկ Ադամսը պաշտոնական Անկարայի, Բաքվի և թուրքական ու ադրբեջանական տարբեր հաստատությունների ու լոբբիստական խմբերի հետ համագործակցության փորձ ունի։ Դա ձևավորվել է դեռևս այն ժամանակ, երբ նա Բրուքլինի թաղապետն է եղել, Աբբասովան էլ զբաղեցրել է Թուրքիայի հետ կապերի պատասխանատուի պաշտոնը:

Էրիկ Ադամսը ութ տարվա ընթացքում մասնակցել է Թուրքիային նվիրված մոտ 80 միջոցառման, այդ թվում՝ 2015 թվականին Թուրքիայի դրոշի բարձրացմանը, 2018 թվականին՝ բարեգործական հանդեսի և 2020 թվականին՝ Թուրքիայի հյուպատոսի հետ Zoom հանդիպմանը։

«Կալիֆոռնիա կուրիեր»-ի խմբագիրը, անդրադառնալով ամերիկահայ համայնքին ու նման քաղաքական գործիչների գործողություններին, նշում է, որ հայկական համայնքի աշխատանքները չպետք է չափազանցության հասցնել` ասելով. «Մենք շատ լավ ենք աշխատում, մեր համայնքը որևէ բան չի անում»:

«Մենք անում ենք այնքան, որքան կարողանում ենք, մեր համայքը շատ մեծ գումարներ չունի և չի զբաղվում ապօրինի գործողություններով: Օրենքով սահմանված կարգով հանդիպում և գումարներ ենք փոխանցում այն կոնգրեսականներին կամ պաշտոնյաներին, որոնց հետ հնարավոր է աշխատանքներ տանել: Ինչ վերաբերում է Նյու Յորքի սևամորթ քաղաքապետին՝ ապա նրա հետ մեր համայնքը հանդիպումներ չի ունեցել: Տեղյակ եմ նաև, որ նա հաճախ է այցելում ազգությամբ հայ երկու եղբայրներին պատկանող ռեստորան, նաև նրանց օգնել է դատական ինչ-ինչ հարցերում: Հայկական կամ համայնքային հարցեր նրանց կողմից չի բարձրաձայնվել»:

Հարութ Սասունյանը նշում է, որ դատական գործընթացները շարունակվում են, դրանց հետևում են նաև հայ համայնքում, այդ գործընթացները ներկայացվում են նաև «Կալիֆոռնիա կուրիեր»-ի և ամերիկյան տարբեր պարբերականներում:

Back to top button