ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ապրում եմ Հայաստանի ամենագեղեցիկ կետում՝ Փսկու Խութ կոչվող բլրում․ Հայաստանի բնակեցման քարտեզն ու քարտեզի հավասարակշռությունը պահողները

Ես հեռախոս առհասաակ չունեմ, մաքսիմում եկա միկրաֆոնին մոտիկ։  

7 տարի Սյունիքի լեռներում ապրող Հայկ Բարսեղյանին խնդրում եմ բարձրախոսով չխոսել։ Հեռախոսը սարերում ապրելու համար պարտադիր ու կարևոր չէ՝ պարզվում է։ Երևանի կենտրոնից Սյունիքի բլուրներից մեկին կապվելու առիթը վերջին օրերին համացանցում քննարկումների առիթ դարձած Հայաստանի բնակչության խտության քարտեզն է, բայց նախ քարտեզի հեղինակի մասին․

«Ես ծնվել եմ Լենինականում, ամբողջ կյանքս ապրել եմ Լեննականում, բայց վերջին 7 տարին տեղափոխվել եմ Սյունիք, որը բնական պրոցես է եղել, որովհետև մասնագիտությունս՝ լուսանկարչություն, նկարահանումներ, ավտոմատ Հայաստանը նկարելուց բերել ինձ գցել են Սյունիք։ Ես ապրում եմ մի հատ բլրի վրա, որը տեղացիները կսեն Փսկու խութ և  էս տեղը էն կետն է, որտեղից Խուստուփ լեռը ամենասիրունը կերևա ու առհասարակ էս բլուրը Հայաստանի ամենագեղեցիկ կետն է, ապրում եմ Հայաստանի Հանրապետության ամենագեղեցիկ կետի վրա»։

Գյումրիի մինուս 35 աստիճան ցրտին սովոր Հայկի ջերմաչափի՝ Սյունիքի լեռներում գրանցած  ամենացածր ջերմաստիճանը  մինուս 9-ն է։ Համացանցն ու մարդկային հետաքրքրությունն են սովորեցրել, թե ինչպես լուծել կենցաղային խնդիրները։ Օրինակը զարմացրել ու ոգեշնչել է հատկապես ջահելներին․

«Երբ որ գուգան տեսնին գը, որ վա՜յ սարերի վրա կարելի է բոմժի նման չապրել, վայ, լո՞ւրջ հնարավոր է։ Հա, հնարավոր է հոսանքը առանց պետություն ունենալ, երբ որ իրենք տեսնին գը, որ էն երջանկությունները ու ավելի շատ, որոնք քաղաքում կան, հնարավոր է ստեղ էլ տեսնել, իրանք ցանկություն են հայտնել բազմիցս։ Ես նոր ընկերներ ունեմ, որոնք կսեն, մենք էլ կուզենք ըդպես Հայկ, ինչխ ենենք, ու դու կհասկանաս, որ պրոբլեմը գուգա գիտելիքներից և տեխնոլոգիաներից»։

Սարերում ապրելը հայրենիքը սիրելուց, զարգացնելուց ու ճանաչելուց բացի նաև ձեռնտու է։ Երևանում ապրելու համար, օրինակ, ամեն ամիս պետք է մի քանի պարտադիր ծախսեր անել, իսկ սարերում դրանք քիչ են, նույնիսկ կրթության հարցը կարելի է լուծել շատ ցանկանալու դեպքում՝ բացատում է լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը, հետո գտնում ասածն ավելի դիպուկ նկարագրելու տարբերակը։

«Քիչմ երկար խոսացի, բայց ուրիշ ձև ձևակերպեմ՝ հա, դուք չեք կռնա սիրահարվի էն աղջկա վրա, որին չեք տեսել, Հայաստանը էդ աղջիկն է, եթե մարդիկ չեն տեսել Հայաստանը ինչ է, իրանք ինչխ կռնա ուզեն էդ աղջկա հետևից էրթալ, կոբիդ ըսած, իրանք ինչխ կռնան ուզեն ապրին ընդեղ»

Լուսանկարչի մասնագիտությունը ոչ միայն իրեն, այլև իր հետ համագործակցել ցանկացողներին է տանում քաղաքից դուրս։

«Երևան գալիս եմ, լիմիտ ունեմ դրած էլի, տարվա մեջ 5 անգամ եմ անցնում Երևանի վարչական սահմանը։ Ես ասում եմ՝ Երեւան չեմ մտնելու, թուղթ կուզեք ստորագրվի, կամ գալիս եք, կամ ուղարկում եք, ես չեմ մտնելու էդ քաղաք»։

Բայց երբ մի քանի ամիսը մեկ սահմանը հատվում է, իր բառերով՝ սնկի նման աճած ու մեկը մյուսից բարձր շենքերը հուշում են՝ ինքն ինչ-որ տեղ սխալվել է, մարդիկ այնուամենայնիվ նախընտրում են աղմուկը, շոգը, խցանումները, մայրաքաղաքը․

«Երբ որ էդ կտեսնեմ, կզգամ, որ ես ինչ-որ սխալ եմ, այսինքն էն թյուրիմացությունը, որ ես մտածեմ՝ գոնե ամեն ինչ լավ կեղնի, չեմ զգալ, որ լավ կեղնի, երբ որ Երևանը կտեսնեմ, այսինքն ես համարում եմ, որ էն, ինչ, որ ես մի քիչ առաջ խոսացի, դա սուբյեկտիվ ռոմանտիկա է»

Սուբյեկտիվ ռոմանտիկան էլ դրդել է ստեղծել Հայաստանի բնակեցման քարտեզն ու հասկանալ՝ իրականությա՞ն, թե՞ անձնական ընկալումների մասին է խոսքը․

«Երբ որ ես սարքեցի,  տեսա, ես ցնդել եմ այնքան, ինչքան դուք եք տեսել, զարմացել»։

Աշխարագրական տեղեկատվական համակարգերի ու Աշխարհի բնակչության մասին Worlld Pop կայքից վերցրած 2018 թվականի տվյալներով քարտեզը երեք գույն ունի՝ սև, ոսկեգույն ու կարմիր։ Վերջին գույնն ամենախիտ բնակեցված տարածքն է՝ Երևանը, ոսկեգույնը հուշում է խիտ մշտական բնակչություն ունեցող տարածքները։ Մշտական բնակչությամբ գրեթե չբնակեցված սև մակերեսի վրա կարելի հաշվել այդ ոսկեգույն կետերը․ Սյունիքում, օրինակ, դրանք 9-ն են։ Քարտեզին ծանոթանալը չափազանց կարեւոր է բոլոր այն մարդկանց համար, որոնք ուզում են տեսնել Հայաստանի ապագան կամ վախճանը՝ ասում է Հայկը:

Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նախ ներկայացնում է Հայաստանի բնակչության վերջին տվյալները․ 2024-ի հուլիսի մեկի դրությամբ՝ բնակչությունը կազմել է 3 միլիոն  57800 մարդ, Երևանինը՝ 1մլն134000 կամ ընդհանուրի 37 %–ը։ Մասնագետը նաև բացատրում է՝ նման քարտեզներ հրապարակելիս պետք է վկայակոչել միայն ազգային վիճակագրական տվյալները․

«Միջազգային կառույցներն իրենք երկրի բնակչության թվաքանակը գնահատելու իրենց մեթոդաբանությունը ունեն, որը կիրառում են բոլոր երկրների համար նույնատիպ, հաշվի առնելով երկրի քաղաքական վիճակը և այլն, ճիշտը՝ օգտագործել մեր երկրի տվյալները, որոնք արտադրվում են մեր սպառողների համար նույն մեթոդաբանությամբ»։

2001 թվականին Երևանի բնակչությունը կազմել է Հայաստանի բնակչության 34․3 տոկոսը, 2011-ին՝ 35․1 տոկոսը, 2022-ին՝ 37․1 տոկոսը։ Մայրաքաղաքը միշտ գերակշիռ մասնաբաժին է ունեցել մշտական բնակչության թվաքանակում, ինչն առիթ է դարձել պետական ռազմավարական բազմաթիվ հայեցակարգերի՝ նշում է Կույումջյանը․

«Ժամանակ առ ժամանակ տարբեր կառավարությունների օրոք եղել են տարաբնակեցման նախագծեր, ծրագրեր, և վիճակագրությունը այն մարմինն է, ով միշտ նման ծրագրերի համար թվաքանակներ է տրամադրում, կոնկրետ մեր պարագայում միշտ դա լինում է մարզերի և Երեւան քաղաքի կտրվածքով»

Վերաբնակեցման ու Հայաստանի համաչափ զարգացման մասին գործողությունները դեռ գոհացուցիչ չեն․ թվերը, քարտեզներն ու Հայաստանի ամենահեռավոր բլուրներում ապրողներն են հուշում։

Լուսանկարները՝ Հայկ Բարսեղյանի էջից

Կարդացեք նաև

Back to top button