
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հարավային Կովկասում իրավիճակը և, որ այդ թեմայով քննարկումները կշարունակվեն նաև այսօր։
«Մենք երեկ անդրադարձանք այս թեմային, կշարունակենք այսօր, դա վերաբերում է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը»,- ասել է Պուտինը Ալիևի հետ բանակցությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Զագուլբա նստավայրում։
Պուտինն ասել է, որ նախատեսում է Փաշինյանին պատմել Բաքվում բանակցությունների արդյունքների մասին։
«Իհարկե, Ադրբեջան այցից հետո ես կկապնեմ վարչապետ Փաշինյանի հետ և կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ տեղյակ է Ադրբեջանի մտադրության մասին՝ ավարտին հասցնելու բոլոր ընթացակարգերը՝ կապված հակամարտության ամբողջական կարգավորման հետ։
Ռուսաստանի Դաշնության նախագահը օգոստոսի 18-ին երկօրյա պետական այցով ժամանել է Բաքու։ Ակնկալվում է, որ այցից հետո կստորագրվեն մի շարք համատեղ փաստաթղթեր։




