
Նախորդ տարվանից Կառավարության որոշմամբ հաստատվել է ՄԿՈՒ հաստատություններում գերակա և առաջնահերթ համարվող մասնագիտությունների ցանկը: Այս ուղղություններով սովորողներին պետությունն առաջին կուրսում 50 հազ․ դրամ կրթաթոշակ է տրամադրում՝ անկախ այն հանգամանքից՝ ուսանողն անվճա՞ր համակարգով է ընդունվել, թե՞ վճարովի:
Շինարարական ոլորտի մի շարք մասնագիտություններ ևս ներառված են այդ ցանկում: Ներդրվել է նոր՝ պահանջարկ ունեցող մասնագիտություն՝ կարկասային երեսպատման կոնստրուկցիայի մոնտաժ անվանումով։


«Նախարարության քաղաքականությունն է յուրաքանչյուր տարի ներդնել հնարավորինս նոր մասնագիտություններ և փորձել դրանք շահառուների համար դարձնել ավելի գրավիչ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջի կրթական ծրագրում ունենք հարդարման, շինարարական աշխատանքներ մասնագիտությունը, որը ներդրվել է փորձնական կարգով և մեր գործընկեր մասնավոր կազմակերպության հետ համատեղ իրականացնում ենք։ Սա բավականին կարևոր և պահանջված մասնագիտություն է, և այս մասնագիտությամբ շրջանավարտները կարող են ունենալ բարձր աշխատավարձ։ Ոլորտում ունենք մի իրավիճակ, որտեղ աշխատում են որակավորում չունեցող մարդիկ, իսկ աշխատաշուկան որակավորված մասնագետների խիստ կարիք ունի», – ասում է ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

«ՀՀ կառավարության որոշմամբ գերակա ոլորտ հանդիսացող մասնագիտություններով հայտարարված են անվճար ուսուցման տեղեր։ Գերակա մասնագիտությունների ցանկում է նաև մեր քոլեջում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտության կրթական հաստատությունում ներդրված նոր մասնագիտությունը, որը կոչվում է կարկասային երեսպատման կոնստրուկցիայի մոնտաժ: Ճիշտ է գերակա ուղղությունները կան, բայց ուսումնասիրելով աշխատաշուկան, կարող եմ ասել, որ մենք ունենք ևս շատ կարևոր մասնագիտություններ, որտեղ մասնագետների կարիք կա։ Այս պատճառով մենք հիմա ամառային դպրոց ենք կազմակերպել, որպեսզի իրազեկենք դիմորդներին՝ ճիշտ կողմնորոշվելու, թե ի՞նչ մասնագիտություն կարող են ընտրել և ի՞նչ ակնակալիքներ ունենալ»,– ասում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը։




