ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բերքի պակասը փոխել է բոլոր կանխատեսումները․ լոլիկն այս տարի մոտ 10 հազար տոննայով պակաս կլինի

Այս տարի բանջարեղենը, մասնավորապես լոլիկը, քիչ է, միրգը՝ շատ։ Սա ուղիղ իմաստով ազդել է նաև լոլիկի գնի վրա։ Մինչև մթերման սեզոնի սկսվելը էկոնոմիկայի նախարարությունում նաև մթերման պահանջարկի կանխատեսում են արել։ Լոլիկի մասով մթերման պահանջարկը կազմել է շուրջ 30 հազար տոննա։ Համադրելով նախորդ տարվա փաստացի մթերման ծավալները և պահանջարկը, կանխատեսվել է, որ պտուղ–բանջարեղենի մասով խնդիր չի լինի, բայց այս տարի նախորդի համեմատ, մասնագետների գնահատմամբ, շուրջ 10 հազար տոննա պակաս մթերում կլինի՝ պայմանավորված լոլիկի բերքի սակավությամբ։

Այս տարի լոլիկի բերքը քիչ է, մնացած պտուղ բանջարեղենի մասով՝ խնդիրներ չկան։ Փաստն արձանագրում է Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։ Օգոստոսի 16–ի տվյալներով ՝ մթերվել է 25.4 տոննա պտուղ– բանջարեղեն, 2023–ի նկատմամբ 2 հազար տոննայով պակաս մթերում է արձանագրվել։

«Այն, որ պայմանավորված է հիմնականում լոլիկի մթերման ծավալներով։ Այս տարի եղանակային պայմաններով պայմանավորված՝ լոլիկի բերքի սակավություն ունենք, որը կազդի նաև , կարծում եմ, տարեկան մթերման ծավալների վրա»։

Այն, որ այս տարի լոլիկի բերքը քիչ է, նաև բանջարեղենի այս տեսակի բարձր գինն է փաստում։ Անձրև, ցրտահարություն, հիվանդություն, լոլիկի բերքի պակասի հիմական պատճառներն են։ Գյուղացիները նույնպես փաստում են՝ քիչ են բերք ստացել։ Ամառային հորդառատ անձրևներն իրենց բացասական հետևանքներն են թողել։

« Ստացել ենք պահանջվածից ավելի քիչ բերք։ Շուկայում ապրանք չունենք, դրա համար էլ գինը բարձր է»։

Գյուղատնտեսության ոլորտում անկայուն իրավիճակ կա՝ արձանագրում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Նշում է՝ այստեղ ամենատարբեր գործոններ կարող են շոկային էֆեկտ ունենալ։

 «Ինչ որ մի տարի, երբ գները ցածր են լինում, այդ տարի գյուղարտադրությունն առանձին մթերքի մասով շահութաբեր չի լինում, մի մասը ցանքատարածությունները կրճատում է, հաջորդ տարի արդեն բերքի ծավալի ու նաև գների վրա է անդրադառնում»։

Պտղի մասով շուրջ 2 հազար տոննա ավելացում կա, բանջարեղենի մասով՝ մոտ 4 հազար տոննայով՝ նվազում, կրկին լոլիկի պակաս բերքի պատճառով։ Մինչև մթերման սեզոնի սկիզբը նախարարությունը մթերման պահանջարկի կանխատեսում է անում։ Գևորգ Ղազարյանի խոսքով՝ պտուղ բանջարեղենի մասով՝ մթերման նախորդ տարվանից ավելի քիչ պահանջարկ կա, ընդ որում լոլիկի մթերման պահանջարկը կազմել է շուրջ 30 հազար տոննա ․

 «Համադրելով նախորդ տարվա փաստացի մթերման ծավալները և պահանջարկը, կանխատեսեցինք, որ խնդիր չենք ունենալու ՝ պտուղ–բանջարեղենի մասին է խոսքը, բայց այս տարվա ընթացքում նախորդի համեմատ, իմ գնահատմամբ, շուրջ 10 հազար տոննա պակաս մթերում կունենանք՝ պայմանավորված լոլիկի բերքի սակավությամբ»։

Առաջիկայում խաղողի մթերման փուլն է սկսվում։ Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանի խոսքով՝ պահանջարկի մոնիթորինգ են կատարել ու 2023–ի համեմատ պահանջարկը զգալի ավելացել է․

 «Միայն մեր վարկային բաղադրիչի շրջանակներում պահանջարկը 100 հազար է , 2023–ին՝ 50 հազար էր կազմում։ Ծրագրից օգտվելու համար մթերողները պետք է մինչև հուլիսի 1–ը պայմանագիր կնքեն խաղողի մթերման։ Այդ պայմանագրերի քանակի հանրագումարը կազմել է շուրջ 100 հազար տոննա»։

Կառավարությունը աջակցության տարբեր ծրագրեր է իրականցնում՝ նպատակ ունենալով ավելացնել պահանջարկը։ Գևորգ Ղազարյանը կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի մասին է հիշեցնում։ Արտահանված յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտր կոնյակի սպիրտի դիմաց 100 դրամ աջակցություն է տրամադրվում։ Սա դրական ազդեցություն ունեցել է ՝ ասում է։ Վերջերս հաստատվեց նաև գյուղհումքի մթերման աջակցության ծրագրի շրջանակներում  խաղող մթերելիս բյուջետային երաշխիքի տրամադրման գործիքը։

 «Քանի որ նախորդ տարիներին խաղող մթերողները շատ են օգտվել ծրագրից, վարկային ծանրաբեռնվածությունը մեծ է, ազատ գրավի խնդիր ունեն, որպեսզի կարողանան վարկեր ներգրավել։ Այս ծրագի շրջանակներում շահառուներին լրացուցչ վարկեր ներգրավելու նպատակով մինչև 50 տոկոս բյուջետային երաշխիք ենք տրամադրում՝ գրավի չբավարարող մասի չափով, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա արտահանված քանակը» ։

Ծրագրից օգտվողներ դեռ չկան, սովորաբար, մթերման շրջանին զուգահեռ է ակտիվանում ծրագիրը՝ ասում է։ Պայմանավորված վերջին տարիներին խաղողի մթերման ցածր գներով՝ այգիների թիվը կրճատվել է։ Բայց այս տարի մոտ 10 դրամով ավելի թանկ կմթերեն գործարանները՝ 120 դրամ, 2023–ի 110–ի դիմաց։ Ղազարյանը հույս ունի, որ մթերման սեզոնը սկսվելիս գինը կավելանա։

             ՝

Կարդացեք նաև

Back to top button