Արցախցի երեխաների ձայներն առանձնահատուկ են և տարբերվում են աշխարհի այլ երեխաների ձայներից` ասում է երեք տասնամյակ առաջ Արցախի Շուշի քաղաքում հիմնադրված «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, լիբանանահայ, Լիբանանի կոնսերվատորիայի և Հայկազյան համալսարանների դասախոս, շվիահար Զաքար Քեշիշյանը։
«Եթե ես այլ խմբերի հետ աշխատած չլինեի, կասեի` մարդը մարդ է, ձայնը՝ ձայն։ Բայց, քանի որ իմ աշխատանքային շրջանակը մեծ է, փաստում եմ՝ արցախցի երեխաների ձայնային առանձնահատկությունները չունեն ո՛չ լիբանանցի, ո՛չ էլ հայաստանցի երեխաները։ Հավանաբար դա բնության ու տեղանքի հետ է կապված», — ասում է Զաքար Քեշիշյանը։
Նա որոշել է վերականգնել «Վարանդա»–ի գործունեությունն ու համախմբել տարբեր քաղաքներում ու գյուղերում ապրող պատանի ու երիտասարդ երաժիշտներին։
«Շուշիում երգչախումբը շուրջ 100 հոգուց էր բաղկացած։ Այսօր արդեն 80 երեխա է միացել երգչախմբին։ Արդեն սկսել ենք փորձերը և նախատեսում ենք սեպտեմբերին համերգներ ունենալ։ Մեր դռները բաց են արցախցի այն երեխաների համար, որոնք ունեն ձայնային տվյալներ և ցանկություն՝ միանալու «Վարանդա»-ի մեծ ընտանիքին», — նշում է Զաքար Քեշիշյանն ու ավելացնում․ «Քանի դեռ արցախցի երեխաները կամք ու ցանկություն ունեն երգելու և երգով նաև պայքարելու, մեր առաքելությունը կհամարենք սկսված»։