Զբոսաշրջության փորձագետ, GoToDili զբոսաշրջության բաղադրիչի ղեկավար Անի Հովհաննիսյանը խոսում է հայաստանյան միջավայրում ժամանակակից զբոսաշրջության զարգացումների, մշակութային ժառանգության ներկայացման ու մրցունակության մասին։
Անի Հովհիաննիսյանը պատմում է ԱՄ-ի զբոսաշրջային հեղինակավոր կոնֆերանսի մասնակցության մասին, որը միտում ունի տարածաշրջանը՝ մասնավորապես Հայաստանը և Վրաստանը ներկայացնել որպես զբոսաշրջային մեկ ուղղություն։
«Կոնֆերանսը նոր տեղեկատվություն և գիտելիքներ, խնդիրների լուծման նոր ճանապարհներ էր առաջարկում», – ասում է Անի Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Դիլիջանի տարածքում մշակութային կոթողների արժևորմանը, Անի Հովհաննիսյանը նշում է, որ նույնիսկ այն դեպքում, երբ զբոսաշրջային հոսքերն ավելանում են, փորձում են պահպանել մշակութային կոթողների տեսքն ու բնական միջավայրը։
«Մշակութային կոթողները քանի որ հիմնականում գտնվում են Ազգային պարկում, փորձում ենք այնպիսի լուծումներ տալ, որ զբոսաշրջային հոսքերը չխանգարեն կենսաբազմազանությանը, չաղտոտեն միջավայրը»։
Նշում է որ զբոսաշրջության մեջ կարևոր է պատասխանատու զբոսաշրջությունը, որն իրենից ենթադրում է առավել գիտակից մոտեցում այցելությանն ու տարածքին։ «Մենք խնդիր ունենք հասարակության գիտակցության մեջ մտցնելու պատասխանատու զբոսաշրջությունը։ Կարելի է ուղղակի մեքենան կանգնեցնել հատուկ կայանատեղիում, քայլել ու վայելել բնությունը, կենդանիներին»։
«Զբոսաշրջության տրամաբանության մեջ ամեն ինչ է մտնում, առաջ այն շատ մակերեսորեն էր ընկալվում, իսկ իրականում այն ավելի խորն է։ Պետությունը պիտի մեկ տեսլական ունենա, հանդես գա մեկ բրենդով, կարգախոսով, նպատակով։ Կա, իհարկե ռազմավարություն, բայց այն պիտի լինի շատ ավելի ուժեղ և պիտի լինի «վառվող տեսլական», որ մենք բոլորս գնանք դրա ետևից», – ասում է Անի Հովհաննիսյանը։




